Նոյեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ ելույթով հանդես կգա Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է հանրահավաքին, սակայն նշեց, որ այլ բան ասել չի կարող, քանի որ մանրամասներին չի տիրապետում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» այն հարցին, թե Բագրատ Սրբազանից բացի էլ ինչ հոգևորականներ են մասնակցելու «Դիմադրություն» շարժման հանրահավաքին, ասաց. «Կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին քիչ առաջ ծանուցել է։ Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա», -նշեց Եսայի քահանա Արթենյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ինչ ելույթ է նախատեսել, քանի որ սրբազանը մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ դեռևս, ինչից կարելի է ենթադրել, որ Մայր աթոռի հետ դեռևս ընդհանուր հայտարարի վերջինս չի եկել, Եսայի Արթենյանն ասաց. «Ես տեղյակ չեմ թե ինչ ելույթ է լինելու, լավ կլինի սրբազանից ճշտեք հենց սրբազանից», եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակի» հետ զրույցում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասել էր, որ մասնակցելու է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին և ելույթ է լինելու Վեհափառի օրհնությամբ: