ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», ինչը հանրային մեծ աղմուկի տեղիք է տվել: Ավելին՝ e-draft հարթակում այս օրերին ակտիվ քվեարկություն է գնում, շուրջ հազար հոգի դեմ է արտահայտվել, բայց գրեթե նույնքանն էլ կողմ է քվեարկել նախագծին։ Այս առիթով շատերը կատակում են, որ իշխանությունն անգամ այստեղ է ձայների լցոնումով զբաղված։
Հաշվի առնելով քննադատությունների ալիքը, ԿԳՄՍՆ-ն հետ կկանչի՞ նախագիծը, թե՞ ոչ, փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նախօրեին ԱԺ-ում նշել է, որ վաղ է խոսել դրա մասին։ Ավելին, ըստ նրա, ցանկացած գործընթաց, որն իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, եւ մշտապես լինում են մարդիկ, որոնք հակափաստարկներ են բերում: Իսկ նախագծի «հրատապությունը» բացատրել է նրանով, որ ուզում են՝ դպրոցներն իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալու գաղափարը։
«Ոչ ոք չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրելու ենք հայ ժողովրդի պատմությունը՝ ինչ-որ միջակայքերով: Բնականաբար, եթե մենք խոսում ենք մեր երկրի, մեր մշակույթի, մեր կրոնի, մեր մնացած բոլոր պատմությանը վերաբերող բաղադրիչների մասին, ապա ուսումնասիրվելու է դպրոցում ողջ ժամանակագրությունը: Բնականաբար, այն բոլոր փուլերը, երբ պետականություն չի ունեցել մեր երկիրը, մենք չենք կարող բաց թողնել: Այդ ուսումնասիրությունը եւս շատ կարեւոր է նրա համար, որպեսզի երեխաները վերլուծեն այդ փաստերը, կարողանան գնահատել, հասկանալ, թե ժամանակագրական ինչպիսի իրավիճակ է եղել, որն առավել իրենց ներկայիս պետությունը կարեւորելու եւ արժեւորելու հնարավորություն կտա: Մենք ազգ ենք, որ պիտի ամեն ինչ անենք, որ մեր պետականությունը պահպանվի, զարգանա մեր պետությունը, եւ որեւէ մեկը չի խոսում նրա մասին, որ պատմություն ուսումնասիրելու ընթացքում այս կամ այն դրվագը, իրավիճակը, կարեւոր պատմական իրադարձությունը կամ որեւէ ժամանակագրություն չի ուսումնասիրվելու: Դրա մասին որեւէ խոսք չկա, աբսուրդ է դրա մասին խոսել»,- հայտարարել է փոխնախարարն ու բերել Իտալիայի օրինակը․
«Իտալիայի դպրոցներում երբ ուսումնասիրում են Իտալիայի պատմությունը, իրենք ուսումնասիրում են նաեւ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանը: Բայց իրենց պատմության դասագիրքը կոչվում է Իտալիայի պատմություն, ոչ թե իտալացիների պատմություն․․․: Մենք այսօր Հայք չունենք, մենք ունենք Հայաստան եւ, բնականաբար, ուզում ենք, որ մեր երեխաները Հայաստանի պատմությունն ուսումնասիրեն»,- նշել է Սվաջյանն ու հավելել, որ սա չի նշանակում, թե պատմության դասավանդումն սկսելու են 90-ականներից: