Գյումրիում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ընդդիմադիր քաղաքապետը կալանավորված է, ընդդիմությունն էլ վստահ է` իշխանությունը քաղաքի իշխանազավթման իր պլաններից չի հրաժարվել։
Գյումրեցի արվեստագետ, քանդակագործ, հրապարակախոս Արթուր Գեւորգյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահ է, որ այն, ինչ կատարվում է Գյումրիում, ուղղակի կապված է հայաստանյան ողջ գործընթացների հետ։
«Բոլոր համայնքներում, որտեղ կան ընդդիմադիր համայնքապետեր, կամ կալանավորվեցին, կամ սպանվեց, և կարող է թվալ, թե սա անհետևանք է մնալու, անցնի, կգնա, բայց դա այդպես չէ։ Այն, որ վերջերս միջազգային կառույցներից սուր գնահատական հնչեցին, դա թերևս առաջին ազդանշանն էր մեր իշխանությանը»,-ասաց արվեստագետը` նշելով.
«Կարծում եմ, որ Գյումրու կայունությունը շատ բանով կախված է առաջիկա զարգացումներից, նաև Էջմիածնի համայնքային ընտրություններից և դրանց միասնական ազդեցությունից։
Եթե իշխանությունը Էջմիածնում հաղթանակ տարավ, ապա կգործի իրենց մամլիչը, և Գյումրիում օրակարգը կթելադրվի իրենց ուզածով։ Եթե չէ, ապա գործելու է Նիկոլ Փաշինյանը` իր ձևով` կացինս առնեմ, էս սարը կտրեմ։ Ու այդ ամենը արվելու է ամենասկանդալային ձևով»։Արթուր Գևորգյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի ընտրություներից օրեր առաջ գնալու է, անձամբ սատարելու իր թեկնացուին, և դրանից է կախված լինելու նաև նրա` վեհարանի վրա գրոհելու ծրագիրը. փորձելու է հասկանալ` որքան համախոհ ու աջակից ունի։
«2024թ֊ից` Բագրատ Սրբազանի շարժումից հետո Նիկոլի վարկանիշն անհամեմատ գահավիժել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարազատ քաղաքին` Գյումրիին, արվեստագետը նկատեց. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Բալասանյան դաշինքը վայր դրեց իր իշխանությունը, ապա այս անգամ իրավիճակը այլ է։Այն ժամանակ չկային փոխքաղաքապետեր, նրանք հրաժարվել էին։ Այս դեպքում կան, կան նաև ընդդիմադիր ավագանիները, որոնք մանդատներից չեն հրաժարվում։Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերջին որոշմանը, թե փոխքաղաքապետը քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի փեսան է, և դա օրենքի խախտում է, ապա պետք է ասեմ, որ այդ դեպքում կենտոնական ընտրական հանձնաժողովն էլ խախտում է արել, և նրան գրանցել է ավագանիի ցուցակում` երկրորդ համարում։ Նա ընտրվել է ավագանի և հետևաբար, ընտրվել է փոխքաղաքապետ»,֊ասաց Արթուր Գևորգյանը` հավելելով.«Այլ հարց է, որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որը, անտեսելով բոլոր օրենքները, հասնում է իր նպատակին։ Կա երեք բևեր՝ ընդդիմություն, իշխանության թիմ և Նիկոլ Փաշինյան, որը կարող է բոլորի խաղաքարտերը փոխել։ Նիկոլ Փաշինյանը եթե երկու ոտքը դնում է մի մաշիկի մեջ, վերջ, իր ուզածին հասնում է։ Բայց, ի վերջո, ամեն ինչ վերջ ունի ։ Մի բան, վերջին կալանավորումները Գյումրիում շատ բան փոխեցին, շատ բան հաշվի չառավ Նիկոլ Փաշինյանը։ Եթե 40-50 հոգի մարդ կալանավորեց, ապա նա հաշվի չառավ, թե այդ 40-50 հոգին որքան հարազատ ու բարեկամ ունի, և առհասարակ, ես հիմա մի բան ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը այլևս 2018-ի էներգիան չունի, չունի այն ահռելի էներգիան, նրա էներգիան սպառված է, նա այլևս ընտրազանգված չունի։ Չորրորդ Հանրապետությունը, որ նա հայտարարում է, այո, լինելու է, այդ փոփոխությունները կլինեն` և' Սահմանադրական, և' մյուս, բայց Նիկոլը, վստահաբար եմ ասում, որ այդ օպերայի լիբրետոն չի լինելու»,-ասաց նա։
Օրերս ընդդիմադիր Մեր ձևով շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանի` ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցը, ըստ Արթուրի Գևորգյանի դիտարկման, պատահական չէր և ցույց տվեց այն, թե Կովկասը որքան կարևոր է արևմուտքի համար, և դեռևս վերահսկվում է ու ուշադրության կենտրոնում է մնում, իսկ այդ ֆոնին Մեր ձևով շարժումն էլ խաղացող ուժ է։
Արթուր Գեւորգյանը նաև նշեց. «2026-ը լինելու է կամ-կամի տարի։ Եթե նույնիսկ իշխանությունն ամեն գնով փորձի իշխող լինել ընտրություններում, այնուամենայնիվ ընդդիմությունը անելու է շատ բան. այլևս ասեմ, 26-թվականը որոշիչ է լինելու նրանով, որ աստիճանաբար բոլոր քայլերը միտված են լինելու և տանելու են իշխանափոխության։ Հայաստանում կան առողջ, ուժեղ ուժեր, որոնք սիրում են այս երկիրը»։