Մշակույթ

«Հրապարակ»․ Նզովյալին արժե՞ նորից նզովել

«Հրապարակ»․ Նզովյալին արժե՞ նորից նզովել

Նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, եկեղեցին ու չուլանները համահարթեցնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ իր ֆեյսբուքյան էջում մի շարք այլ գրառումներ էլ արեց եկեղեցականների մասին, որը հանրային տիրույթում մեծ աղմուկ եւ վրդովմունք առաջացրեց։ Այսպես, օրինակ․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին», «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Որեւէ մեկի անձնական կյանքը որեւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդն իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգեւոր ու բարոյական արժեքներ»։  

«Ինքն է, չէ՞, պաշտոնապես ասել, որ ամուսնացած չէ, այսինքն՝ եթե ամուսնացած չեն՝ այր ու կին չեն։ Իսկ ըստ եկեղեցական կանոնի՝ պոռնկության մեջ են,- ասում է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ու շարունակում։- Հետո, ժողովրդի անունից կարող է խոսել նա, ում ժողովուրդը սիրում է, իսկ նրան ատում են, հետեւաբար՝ նա չի կարող ժողովրդի անունից խոսել»։
Ի պատասխան իր ոչ պաշտոնապես ամուսնացած լինելուն, Փաշինյանը հերթական ստատուսն էր գրել․ «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

Այս մասով հոգեւոր հայրը նկատում է․ «Ես ընդամենը ասում եմ այն, ինչ եկեղեցական սուրբ հայրերն են ասում․ եթե ամուսնությունը չի արձանագրվում, դա պոռնկություն է համարվում, եւ նրանցից ծնված զավակները պոռնկության զավակներ են կոչվում, ի դեպ, այս պարագայում եկեղեցում ձեռնադրություն չեն անում՝ համարելով, որ անառակության անկողնուց են ծնված։ Հիմա մենք չենք զարմացել, որ ինքն ամուսնացած չէ, այլ որ այդ գաղափարի տեր մարդն է այսօր երկիրը ղեկավարում։ Ու եթե այդ միջավայրում մեծացած մեկը գնա ու ընտանիք ստեղծի, նույն վիճակն է լինելու, գնա հիմնարկ, երկիր ղեկավարի, էլի նույն վիճակն է լինելու, միայն պոռնկությունը կավելացնի, որովհետեւ իրեն հոգեհարազատ միջավայր պետք է ստեղծի, իսկ եկեղեցին խանգարում է այստեղ։ Ու հիմա ինքը ոչ թե եկեղեցու վրա է հարձակվել, այլ՝ հայի, նրա ինքնության վրա։ Ինչո՞ւ, երբ թուրքն ասում է՝ Արցախի սրբավայրերն իրենցն են, մի հատ չի արձագանքում, որովհետեւ այդ նույն թաթար-մոնղոլի գենը կրողն են»։

Ինչ վերաբերում է մեր եկեղեցիների «չուլանացված» լինելուն, ապա․ «Մի հատ հետ գնանք ու տեսնենք, թե ինքը որտեղ էր ապրում։ Այնտեղ, որտեղ ինքն էր ապրում, ավելի շատ դա էր չուլանի նման։ Հիմա քանի որ այդ մարդը չուլանի մեջ է ապրել, հենց դուրս է գալիս, ամեն տեղ աչքին չուլան է երեւում։ Աստծո տունը աղոթքի տուն է, ու հիմա նա աստվածհայհոյության մեղքի մեջ է ընկել, եւ կարծում եմ՝ սա նրան չի ներվելու։ Ու եթե ինքն ասում է՝ կուսակրոններն ուխտ են դրժել եւ պետք է հեռանան եկեղեցուց, ուզում եմ ասել, որ բոլոր երկրներում, երբ երկրի ղեկավար է ընտրվում, նա երդվում է, որ պետք է սահմանադրական իրավունքը պահի, ապահովի ազգի բարեկեցությունը եւ այլն․․․, բայց երբ ինքը եկավ Արցախը հանձնեց, 120 հազար մարդու տնավեր արեց, հայրենիքն ահավոր վիճակի մեջ գցեց, թուրքին բերեց՝ Հայաստանի սահմանների վրա դրեց, որտեղ օրական կրակում են, այս դեպքում ես իրեն հակադարձում եմ՝ ով իր հայրենական ուխտը չի պահել, նա նզովյալ է, ու այս նզովքս հաստատ կհասնի նրան, նա պատժվելու է»։
Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւս գրառում էր արել՝ ուղղված հոգեւորականներին, որում նրանց մեղադրում էր մանկապղծության մեջ։ «Երկրի գլխավոր մանկապիղծները «չուլան» բառից դիվահարվել են։ Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»,- նշել էր նա։

Անդրադառնալով տիկնոջ գրառմանը՝ Տեր Ահարոնն ասում է․ «Ինչքանով տեղյակ եմ, Աննա Հակոբյանը երգել է եկեղեցու երգչախմբում, կարող է հետը մի բան է եղել, մենք խաբար չենք, թող բարձրաձայնի կամ որտեղ է տեսել դա․․․, այսինքն՝ մերկապարանոց հայտարարություններ անելը, դատարկախոսելն առավել եւս մահացու մեղքերի շարքում են։ Բան գիտեն՝ թող ասեն։ Օրինակ՝ ես դեռ 2017-ին գիտեի ու հազար տեղ ասել եմ դրա մասին, որ ինքը սրբապիղծ է եւ գալու է հայրենիքը վաճառի, ես պատերազմն էլ էի տեսել, այս ամբողջ կորուստները, որ Արցախը հանձնեց, այսքան մարդու տնավեր արեց, այդ ամբողջը դետալային կարող եմ ասել․․․ բայց ինքն օդից ինչ ասես՝ կարող է ասել։ Պատուհանի պատմությունը հիշեցի, երբ ամեն առավոտ կինն արթնանում է ու ամուսնուն կանչում՝ ցույց տալիս հարեւանի լվացքը, ասում՝ տես ինչ կեղտոտ լվացք է արել, ինչ փնթի է, լվացք անել չգիտի, այսպես՝ 1-2 օր, մեկ շաբաթ, մի օր էլ կանչում է ամուսնուն ու ասում․ տես՝ էսօր ինչ լվացք է արել, փաստորեն, լվացք անել է սովորել, ամուսինն ասում է՝ սիրելիս, ուղղակի ես մի քիչ շուտ եմ արթնացել, մեր պատուհաններն եմ լվացել․․․։ Հիմա՝ ամեն մեկն իր պատուհանից է նայում ու տեսնում աշխարհը, եթե իր ներսը չուլան է, կամ ինչ-որ մեկի ներսը մանկապղծություն է, այդպես էլ տեսնում է ամեն ինչը»։

Շատերի կարծիքով՝ եկեղեցու դեմ այս արշավը պատահական չէ, քանի որ այս պահին ամենամեծ հեղինակությունը հենց եկեղեցին ունի, եւ Փաշինյանն այս պահին որպես ընդդիմություն հենց եկեղեցուն է տեսնում եւ այս քայլերով փորձում է եկեղեցու հեղինակությունը հանրության շրջանում գցել ու վարկաբեկել․ «Եկած օրվանից նա դա փորձում է․ «Նոր հայրապետ՝ նոր շարժում»-ն արեցին, քանի անգամ եկեղեցու վրա հարձակվեց, իսկ եկեղեցու վրա՝ գիտեք, թե ով է հարձակվում՝ սատանան։ Մարդկանց իրենց գործերից կճանաչեք։ Ամբողջ խնդիրն այն է, որ ինքն ուզում է հեղինակազրկել, որովհետեւ սատանան է այդ գործով զբաղվում, բայց ինքը մոռանում է, որ իր դիվահարության դեմ կա հարություն առած Քրիստոս։ Այնպես որ՝ չի կարողանալու, որովհետեւ Սուրբ գիրքն ասում է՝ սա այն վեմն է, որին ով կպնի, կփշրվի, այնպես որ՝ ինքը կպել է այդ վեմին եւ պիտի փշրվի»։

Այս իրավիճակում պաշտոնապես Մայր Աթոռի արձագանքը ո՞րը պետք է լինի, շատ օգտատերեր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նաեւ ֆլեշմոբ են անում եւ Վեհափառից եւ եկեղեցուց պահանջում՝ նզովել վարչապետին ու նրա կնոջը։ «Չգիտեմ՝ նզովյալին արժե՞ նորից նզովել․․․, սա արդեն բարձրաստիճան հոգեւորականների որոշումը պետք է լինի, բայց իմ անձնական դիտարկմամբ՝ նա արդեն նզովյալ է, նայեք տեսեք՝ ինչքան արյուն, հայրենիքի կորուստ կա իր վրա, նաեւ մի հատ պատմությանը նայեք, թե ով է այսքան ավեր բերել ու իր մահով գնացել, բնականաբար՝ ոչ մեկը, հետեւաբար՝ իրեն էլ նույն վախճանն է սպասվում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image