ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, ՀՀ ընտրողների ռեգիստրում տեղեկություններ չկան Տավուշի մարզպետ, Իջեւան քաղաքի բնակիչ, 1974թ․ ապրիլի 10-ին ծնված Հայկ Վոլոդյայի Ղալումյանի մասին։ Այդ առթիվ 2025թ․ հունիսի 27-ին տեղեկատվական հարցում եմ արել մարզպետ Հայկ Ղալումյանին, որին Տավուշի մարզպետարանից պատասխանել են․
«Տավուշի մարզպետը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, հաշվառված է Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 1 հասցեում: Մարզպետի անուն- ազգանունը ԿԸՀ ինտերնետային կայքի ընտրողների ցանկում չլինելու վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին»: Այդ խնդրով 2025թ․ օգոստոսի 11-ին հարցում եմ արել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ ԿԸՀ-ից պատասխանել են․ «Ընտրողների ռեգիստրը հանդիսանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասը, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է տարին երկու անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին՝ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից: Ուստի, վերոգրյալով պայմանավորված, տեղեկացնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում հրապարակվում են այն տվյալները, որոնք ստացվում են Ծառայությունից, հետեւաբար, Ձեր բարձրացրած հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է»։
Սեպտեմբերի 22-ին մի տեղեկատվական հարցում էլ արել եմ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, թե ինչ պատճառով ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Հայկ Ղալումյանի տվյալները չի ներկայացրել ԿԸՀ՝ ընտրողների ռեգիստրում հաշվառելու համար։ Սեպտեմբերի 29-ին ստացել եմ ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Ն․ Սարգսյանի ստորագրությամբ պատասխան, ուր նշված է․ «Ի պատասխան Ձեր՝ 22.09․2025թ․ հարցման՝ ներկայացնում ենք ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տրամադրած պատասխանը․ Հայկ Վոլոդյայի Ղալումյանի (ծնված 10.04.1974թ.) անհատական տվյալները չեն ընդգրկվել ՀՀ ընտրողների ռեգիստրում, քանի որ վերջինիս հաշվառման հասցեում «Բնակավայր» դաշտը լրացված չի եղել: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի եւ համայնքների: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները: ՀՀ ընտրողների ռեգիստրը վարում եւ ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը պատասխանատու է ՀՀ ընտրողների ռեգիստրը եւ ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու եւ կազմելու համար: Օրենսգրքի նշված դրույթն ապահովելու նպատակով Լիազոր մարմինը պարբերաբար աշխատանքներ է տանում ընտրողների ռեգիստրում տեղ գտած անճշտությունները վեր հանելու եւ դրանք վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Ձեր կողմից բարձրացված խնդիրը եւս ընդգրկված է նշված անճշտությունների ցանկում, որը նախնական ընտրացուցակները ստանալուց հետո կհայտնաբերվեր, եւ կկատարվեր համապատասխան ուղղում: Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ՀՀ ընտրողների ռեգիստրում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Դիմումը պետք է պարունակի անհրաժեշտ հիմնավորումները, եւ դրան կից պետք է ներկայացված լինեն փաստական հանգամանքների ապացույցները: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ռեգիստրում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Հարկ է նշել, որ Ձեր կողմից ներկայացված գրությամբ բարձրացված անճշտությունն ուղղելու նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքներով Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված զեկուցագրի եւ կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարվել են համապատասխան ուղղումներ»: