Քաղաքականություն

Փաշազադեի հայտարարությունն Ադրբեջանի ներսում վախի հետեւանք է

Փաշազադեի հայտարարությունն Ադրբեջանի ներսում վախի հետեւանք է

Նախօրեին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար, որ մենք չենք առաջին քրիստոնեական պետությունը, եւ որ դա էլ է կեղծիք: Սակայն Ալիեւի կամակատարը, որն ալլահի անունից է հանդես գալիս, այսքանով չէր սահմանափակվել: Ադրբեջանական հանրույթի կարկառուն ներկայացուցիչը հայտարարել էր, որ Էջմիածինն էլ ոչ թե Էջմիածին է, այլ Ուչմիածին, եւ համարվում է ադրբեջանցիների «պատմական հողը»:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշազադեի այս հայտարարությանը, ասաց, որ դա Ադրբեջանի ներսում եղած վախերի հետեւանք է: «Ադրբեջանի գլխին դամոկլյան սրի նման կախված գնում-գալիս է պարսկական բանակը, որը սեղմված է մինչեւ 200 հազար մարդ Պարսկաստանի հյուսիսային սահմանին: Այսինքն՝ Ադրբեջանի հարավային սահմանին չորս բազաներ կան, որոնցից նույնիսկ այսօր ԱԹՍ-ներ են օդ բարձրանում, հասնում Իրան ու հետ գալիս: Դրանք Իսրայելի կառուցած բազաներն են եւ պիտի խոցեն Իրանի հյուսիսային մասում գտնվող կարեւորագույն միջուկային օբյեկտները»,- ասաց աստվածաբանը: Մեր հարցին՝ իսկ Հայաստանյայց առաքելական եկեղեցին այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի, Խաչատրյանը պատասխանեց, որ հիմա տոտալ փորձելու են այդպիսի ընթացք ապահովել՝ ցույց տալու, որ իրենց թիկունքում կանգնած է ողջ իսլամական աշխարհը: Այսինքն՝ որ հայերը չկան, Ադրբեջանն այս է, Ադրբեջանն այն է եւ այլն:

«Եթե ուշադրություն եք դարձրել, համացանցն առլեցուն է ադրբեջանական նյութերով՝ հակաալիեւյան, եւ դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ Ալիեւը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձեռք բերեց ինչ-որ խնդիրներ»,- ասաց Խաչատրյանը: Բնականաբար, թշնամական երկրի, այսպես կոչված, հոգեւոր առաջնորդի կողմից տարածվող սուտ հայտարարություններին պետք է հակադարձել, պատասխանել, այլապես թշնամու հակահայկական քարոզչությունն ուղղակի կնստի լսող մարդկանց գիտակցության մեջ՝ համոզված է Խաչատրյանը: «Կամայական ոտնձգությունը պետք է պատասխան ունենա, հակառակ դեպքում քո թշնամու զանգվածը լրատվությամբ կտրորի գոյություն ունեցող հասարակական կարծիքը՝ հօգուտ իրենց»,- հավելեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անպատասխան չէր թողել Փաշազադեի հայտարարությունը: Մայր Աթոռի՝ Ալիեւի կամակատարին ուղղված հայտարարությունից մեկ հատված․

«Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում եւ տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», եւ հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է՝ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Զավեշտալի է թվում, որ խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգեւոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգեւոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image