«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանն է:
-Մեզ հետ նախնական զրույցում նշեցիք, որ այնքան նեղսրտած եք, որ քիչ է մնում Կոնսերվատորիայի շենքի մոտ հացադուլ սկսեք: Ինչո՞ւ:
- Քանի որ թշնամին նստած է մեր ինքնիշխան տարածքում և մեր կողմից ոչ մի քայլ չի արվում նրան դուրս հրավիրելու համար։ Քանի որ ամեն օր լսում եմ ապազգային արտահայտություններ և ոչ ոք դրա դեմ հստակ պայքար չի տանում, քանի որ մենք հայտարարում ենք խաղաղության դարաշրջանի մասին, մինչդեռ թշնամին սպառնում է նոր ցեղասպանությամբ։ Անտարբերության և անգործության պատճառով է նման մղում հասունանում։
-Ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայերը երկու խմբի են բաժանվել՝ ռուսամետներ և արևմտամետներ: Սա մեզ ի՞նչ կտա:
- Սա մեզ ոչինչ էլ չի տա և սա հատուկ է զարգացվում մեր հասարակության մեջ։ Եթե հայ ազգը շատ արագ չդառնա միասնական և հայամետ, մենք էլ ավելին կկորցնենք։ Մեզ պետք է այսօր գոնե մեկ կարևոր գաղափարի շուրջ միավորվել՝ հայրենիքի փրկության շուրջ։ Դնելով մի կողմ տարաձայնությունները, պետք է գոնե փրկության հիմնական կորիզային հարցերի շուրջ ստեղծել միաբանություն։ Մնացած հարցերը կքննարկվեն, երբ վտանգը հեռանա մեզանից։
-Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին: Շատ է խոսվում թշնամի երկրի հետ նոր խաղաղության պայմանագրի մասին: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Ես չեմ ուզում վատը մտածել, որ երկինքը նույնկերպ չպատասխանի։ Սակայն թշնամի պետության արտգործի անփողկապ լինելն ինձ մտահոգեց։ Հուսամ՝ լավ մտքերս ուղարկելով երկինք, կստանամ համապատասխան արձագանք։
-Չնայած այս խառը իրավիճակին, ԱԺ-ում վարչապետը մատ է թափ տալիս ու հայտարարում, որ հարկ եղած դեպքում այլ բան էլ թափ կտա….
- Ներեցեք, դաստիարակությունս թույլ չի տալիս պատասխանեմ այս հարցին։ Երաժշտական մոդուլյացիա կատարեմ, փոխեմ հարցի պատասխանի բնույթը և ասեմ, որ շատ կցանկանայի այսօր բոլորի պատշգամբներին ծածանվի հայոց դրոշը, Հայոց սահմանների ամբողջ երկայնքով հնչեր Տերտերյանի երրորդ սիմֆոնիան և ամբողջ Հայքով մեկ ղողանջեին մեր եկեղեցիները։ Արթնանալ է պետք։