Մինչ քաղաքացիները տարակուսած են՝ ինչպես ապրել պետության տված թոշակով՝ արձանագրելով, որ կյանքը բավականին թանկացել է, պետությունը կենսաթոշակառուներին առաջարկում է թոշակները ստանալ բացառապես քարտային համակարգով եւ անկանխիկ առեւտուր անել։ Օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը թոշակառուներին առաջարկում էր, որ եթե նրանք մինչեւ մարտի 5-ը ինքնուրույն բանկային քարտեր ձեռք չբերեն, իրենք քարտերը կառաքեն: Իսկ մարզերում ապրող մարդկանց համար հեշտ չէ բանկային քարտ բացելը, դրա համար պետք է շրջկենտրոն գնալ։
Նշենք, որ դեկտեմբերին Ազգային ժողովն օրենք է ընդունել, համաձայն որի՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով: Հունվարի 1-ից անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը նախկինում գործող 12%-ի փոխարեն դառնում է 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը ամսական 6 հազարի փոխարեն սահմանվել է 10 հազար դրամ, ինչն իշխանությունը թոշակառուներին արված մեծ լավություն է համարում։
Մենք Հրազդանում հարցումներ արեցինք՝ թոշակների ստացման կարգի, կենսաթոշակառուների հետվճարի մասին, եւ թե ինչ դժվարությունների են հանդիպում թոշակառուները: Հարցվածների մի մասը, որ միայնակ թոշակառուներ էին, նշում էին, որ սա իրենց համար ձեռնտու տարբերակ չէ, քանի որ չեն կարողանում 15 օրվա ընթացքում ողջ գումարը ծախսել եւ չեն օգտվում հետվճարից: «Թող իմ թոշակը բարձրացնեն 10 հազար դրամով, կանխիկ ստանամ, գիտեմ, թե ուր եւ որտեղ կծախսեմ: Յանի փող են տալիս, հիմա էլ՝ անկանխիկ: Մենակ կին եմ, 53 հազար թոշակ եմ ստանում, ասենք, նստում եմ տրանսպորտ՝ Հրազդանից գնում եմ Մարտունի, հիմա դուք ինձ ասեք՝ ես քարտով ո՞նց վճարեմ ավտոբուսի փողը: Որ իրենք Երեւանում են, գիտեն, թե մարզերում էլ մարդիկ կարող են տրանսպորտը քարտով վճարել: Պետությունը թոշակառուի մասին չի մտածում, իրենց ոնց ձեռք է տալիս, էդ ձեւով էլ անում են։ Պահանջում ենք, որ մեր թոշակները բարձրացնեն: 30 տարի ես կարի ֆաբրիկայում եմ աշխատել, աչքերս քոռացրել եմ, կար եմ արել, որ իմ ծերության օրը թոշակ տան, հետն էլ ասեն, թե թոշակս ես ոնց ծախսե՞մ»,- մեզ հետ զրուցում ասաց միայնակ թոշակառու 67-ամյա տիկին Արեւիկը:
«Թոշակս 42 հազար դրամ է, հունվարին թոշակիցս 20 հազար դրամ քարտով առեւտուր եմ արել, ամսի 17-ն էր, տեսա, որ թոշակիս վրա 4 հազար դրամ է ավելացել: Ստացվում է, որ թոշակս ավելացել է 4 հազար դրամով: Ես չեմ կարող ողջ թոշակս ծախսել մինչեւ 17-ը: Ամսի 17-ից հետո ինչո՞վ ապրեմ: Հիմա նոր եմ հասկանում, թե վարչապետն ինչի մեր թոշակները չի բարձրացնում, անամոթաբար էլ ասում է՝ 10 հազար դրամով թոշակը բարձրացնենք, թոշակառուն ի՞նչ կանի: Թող բարձրացնի, իր ի՞նչ գործն է, թե ես ոնց կծախսեմ»,-ասաց 64-ամյա Ամալյան, որն ապրում է հաշմանդամ աղջկա հետ:
78-ամյա տիկին Ռիման էլ ասաց, որ դժգոհ է թե՛ թոշակների ստացման կարգից, թե՛ նախարարից. «Ես հետեւում եմ մեր սոցապնախարարի ելույթներին, շատ բարկացա, որ նախարարն ասում էր, թե թոշակառուներն իրենց համար բեռ են, բեռ են աշխատող քաղաքացիների համար, քանի որ էդ քաղաքացիների վճարած հարկերից են թոշակ ստանում: Խոսքս տեղ կհասցնեք՝ քաղաքացիների համար բեռը դուք եք, ոչ թե թոշակառուն, որ միլիոններով պարգեւավճար ստացաք քաղաքացիների հարկերից: 78 տարեկան եմ, կարող է՝ 50 տարի էլ ապրում եմ, ո՞նց կարող է նախարարն իրեն թույլ տա՝ էդպիսի բան ասի»: