Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասել է Գյումրի: Ժամը 14:00-ին Գյումրիում նախատեսված էր մշակութային միջոցառում, որը, սակայն, չկայացավ:
Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է:
«Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ, Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են»,- ասաց Սրբազանը:
«Փոխնախարարն ինձ ասել է՝ դերյան հագել, եկել ես պրոդյուսեր ես ներկայանում, էդ դերյան հանի, նոր խոսա, ինչին ի պատասխան ես իրեն ծանուցել եմ, որ ինքն անշնորհք է և ավելացրել եմ անդաստիարակ բառը։ Գալիս, ասում է՝ կարող եմ առանձին ականջիդ բան ասել, դե մտածում եմ՝ փոխնախարար մարդ, ի՞նչ պիտի ասի, նա հայհոյում է ականջիս, ընդ որում, մեր շուրջը շատ երեխաներ»,-լրագրողների հետ զրույցում էլ ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումը, որը պետք է կայանար Գյումրիի Թատերական հրապարակում և որտեղ պետք է ելույթ ունենար Տավուշի թեմի Տա լույս երգչախումբը և որին աջակցում էր նաև Ազնավուր հիմնադրամը, չկայացավ։
«ՏաԼույս» մանկական երգչախումբը այսօրվա չկայացած համերգի երգացանկից երգեր է կատարել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աստիճաններին՝ ապամոնտաժված բեմի տեղում։