Այլ

Ադրբեջանը «շատ տարօրինակ» է որակել զորքերի դուրսբերման վերաբերյալ Հնդկաստանի հորդորը

Ադրբեջանը «շատ տարօրինակ» է որակել զորքերի դուրսբերման վերաբերյալ Հնդկաստանի հորդորը

Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հնդկաստանի ԱԳ նախարարությանն ու Հայաստանին է մեղադրել պետական սահմաններ խախտելու մեջ։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան «շատ տարօրինակ» է որակել Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով վերջինս հորդորել էր հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին «անհապաղ հեռացնել զորքն ու դադարեցնել հետագա սադրանքները»։

«Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Ադրբեջանը միայն վերականգնում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել սահմանների պաշտպանության համակարգն իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և այդ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր կողմի մոտ եղած ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գիծը սահմանող քարտեզների հիման վրա: Վերջին ամիսներին կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել սահմանային հարցերի շուրջ, որոնք բոլորը լուծվել են բանակցությունների միջոցով եռակողմ հայտարարության կողմերի միջև», - ասել է Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը:

Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել ու հորդորել հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին «անհապաղ հեռացնել զորքն ու դադարեցնել հետագա սադրանքները»։

Աբդուլլաևան նշել է, որ «սահմանային խնդիրների հիմնական պատճառն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիան է մինչև 2020 թվականի նոյեմբեր»:

«Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն, որը վերջին 30 տարիներին կոչ չէր անում դուրս բերել հայկական օկուպացիոն ուժերն Ադրբեջանի տարածքից, այժմ խոսում է զորքերի դուրսբերման մասին: Հասկանալի է, որ այս վերջին հայտարարությունն արվել է առանց խնդրի տարբեր ասպեկտների մանրակրկիտ ուսումնասիրության: Ադրբեջանը միշտ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կոչ է արել ու կոչ է անում: Մենք համարում ենք, որ փոխադարձ հարգանքը և այդ սկզբունքների խիստ պահպանումը ցանկացած վեճի լուծման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման միակ միջոցն է, բառիս ամբողջական իմաստով», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ է անցել Արցախի մեծ մասը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image