Այսօր Նիկոլ Փաշինյանն իր շրջիկ «հավատացյալների» խմբով Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում հերթական «պատարագին» մասնակցեց: Մինչ նրա ժամանելը Չարենցավանի կոմունալ բաժինը ողջ գիշեր ճանապարհներն էր մաքրել, վաղ առավոտից իրավապահները շրջափակել և եկեղեցին էին ներսից ու դրսից «սանրում», ոմանք հետեւում էին, թե հրահանգվածներից ովքեր են գալիս պատարագի: Այս անգամ շրջիկ խմբակին, ում դեմքով մարդիկ արդեն ճանաչում են, միացել էին Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Չարենցավանի քաղաքապետը եւ այլ հանայնքային աշխատակիցներ, ՔՊ-ական պատգամավորներից մարզի հետ կապ ունեցսղ Լիլիթ Ստեփանյանն ու Ծաղկաձորում մեծ բնակելի համալիր կառուցող Վաղարշակ Հակոբյանն էին եկել, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ՀԾԿ անկախ համարվող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Սոլակի, Բջնիի, եւ այլ մոտակա համայնքների մի խումբ բնակիչներ: Մատների վրա հաշված չարենցավացիներ կային, որոնց մի մասն էլ եկել էր ակցիայի մասնակցելու: Նախօրեին մի խումբ չարենցավանցիներ բողոքի ակցիա էին ծրագրել իրականացնել, սակայն կազնակերպիչներին` 5 անձի վաղ առավոտյան ոստիկաններն առևանգել և տարել էին բաժին, որ ակցիան չկայանա:
Փաշինյանական պատարագի օրակարգը նույնն էր. Հավաքվել, սպասել եկեղեցու բակում, Փաշինյանի մուտքի ժամանակ ծափահարել՝ վանկարկելով «Փաշինյան», մնալ եկեղեցու բակում, ծխել, սադրել, վիրավորել լրագրողներին մինչ պատարագի ավարտը, երբ Փաշինյանը դուրս գա եկեղեցուց, միջանցք կազմել, որ նա անցնի եւ կրկին ծափահարել:
Փաշինյանի այցից օրեր առաջ Չարենցավանի մի խումբ ակտիվիստներ, ինչպես նշեցինք, նախորդ օրը հանդես էին եկել հայտարարությամբ, որ չեն ցանկանում, որ Փաշինյանը Չարենցավան գա: Նրանք որոշել էին Չարենցավանում Փաշինյանին դիմավորել թռուցիկներով, որտեղ գրված էր. «Մի՛ քանդիր եկեղեցին, Վերադարձրեք անձնագրայինը, Արցախը Հայաստան է»:
Առավորյան ժամը 9-ի սահմաններում ակտիվիստներին՝ Ջիվան Ղալեչյանին, Գագիկ Գաբրիելյանին, Գևորգ Հակոբյանին, Ռուբեն Մամուլյանին բռնի ուժով բերման էին ենթարկել, եւ միայն 7 ժամ հետո են բաց թողել` երբ պատարագը վաղուց ավարտվել էր: Մենք կապ հաստատեցինք ակտիվիստ Գեւորգ Հակոբյանի հետ հասկանալու համար, թե ինչ հիմքով են տարել ոստիկանության բաժին. «Որպես Չարենցավանի բնակիչներ, որոշել էինք ակցիա կազմակերպել, խոսել էինք մեծամասության հետ, բոլորն էլ մեր հետ համաձայն էին, դա կարող ենք ապացուցել մեր սոցիալական ցանցի հարցումներից: Պարզապես, ինչը ուզում էինք ասել վարչապետին եւ իր թիմին, թղթին էինք հանձնել, թռուցիկ էինք պատրաստել, ուզում էինք տանել եւ տալ վարչապետին: Հինգ տղաներով էինք որոշել, ոչ մեկի չէինք ասել: Առավոտյան տանից գալուց միանգամից 4 մեքենա եկավ դեմս, բա քեզ ձերբակալում ենք, զենք- զինամթերք, այլ բան անելու համար: Ձեռքերս ոլորեցին, գետնին գցելով մտցրեցին մեքենան: Ոստիկաններին հարցնում եմ` եթե գիտեք, որ մոտս զենք, զինամթերք կամ նարկոտիկ կա, գայիք մի օր առաջ բռնեիք, ինչի հենց այսօր, ոնց եղավ, որ մեր 5 ընկերներին նույն օրը, նույն ժամին զենք- զինամթերքի համար բռնում, տանում եք: Բնականաբար, ես արդեն հասկացա ինչի համար: 3 հոգուս տարել են Հրազդանի մարզային վարչության քրեական բաժին, մնացածին այլ տեղեր: Բայց զավեշտն այն էր, որ քրեական բաժնում մեզ խուզարկեցին, Գագիկի գրպանում մեծ խրձով բուկլետներ կար, դրանք չնկատեցին: Հասկանալի էր, որ այդ ամենը արվեց մինչեւ կեղծ պատարագը ավարտվեց, մեզ բաց թողեցին»,-պատմեց Գեւորգ Հակոբյանը: Բացի այն, որ 5 ակտիվիստների բերման են ենթարկել, մեկ այլ քաղաքացու` Համլետ Սիմոնյանին էլ կագնեցրել են, ավտոմեքենան տարել բաժին. «Գալիս էի. 3 ջիպ մեքենաներ փակեցին ճանապարհս: Ասացին, որ մեքենան հետախուզման մեջ է գտնվում, տուգանք կա 2022թվականից չվճարված, ձեռքիցս վերցրեցին մեքենայի տեխնիկական անձնագիրը եւ բանալին, մեքենան տարան, ասեցին`ժամը 2-ին կգաս բաժնից կտանես: Ժամը 2-ին գնացել եմ բաժին, ասում եմ, որ կիրակի է, բանկը չի աշխատում, գնամ բանկոմատով մուծում անեմ, մեքենաս տվեք. Ես դիալիզ եմ ընդունում եւ այդ մեքենայով գնում եմ Հրազդան դիալիզի: Ասացին` մեքենան առ գնա, երբ կուզես մուծումդ արա, այդ տեղից եզրակացրեցի, որ ամեն մեկիս մի ձեւով փորձում էին մեկուսացնել»: