Նրա մայրը՝ Արուսյակ Վարդանյանը, հորս մանկության մասին պատմում էր, որ երբ սենյակ էր մտնում Գևորգը, որտեղ հանգիստ խաղում էին նրանից տարիքով մեծ նրա Վարդգես եղբայրը, Հեղինե քույրիկը և նրանից տարիքով փոքր Վազգենը, այնպես էր իրավիճակը փոխվում, ասես կաթի մեջ մերան գցես:
Գևորգ Էմինը շատ անհանգիստ մարդ էր ու չէր կարողանում ժամերով անշարժ ու անձայն նստած մնալ, ինչն այն օրերին պարտադիր պայման էր պաշտոն ստանալու համար: Պաշտոնյան պետք է կարողանար այդպես նստել ժամեր տևող ժողովների ու նիստերի նախագահություններում: Էմինի վարքի այդ ՙթերությունը՚ պատճառներից մեկն էր, որ նա չունեցավ պաշտոններ: Կարողացավ միայն մի կարճ ժամանակահատվածում զբաղեցնել “Литературная Армения” ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որի ընթացքում հաջողացրեց տպագրել այնպիսի նյութեր, որոնք արգելված էին Սովետմիությունում:
Հայրս պատմում էր Միացյալ Նահանգներում Սովետմիության դեսպանություն 1970 թվականին իր այցելության մասին, ինչը պարտավոր էր անել: Երբ դեսպանի առանձնասենյակի նախասրահում սպասելիս է եղել, նկատել է, որ աթոռներն այդ սենյակում … սխալ են դասավորված և խոչընդոտում են մարդկանց տեղաշարժին: Էմինն իսկույն ևեթ սկսել է դրանք վերադասավորել, ինչն ապշեցրել է ներկաներին և քարտուղարուհուն, որը նրան անվանել է խիզախ մարդ:
Պատմեմ, թե ինչպես Էմինին հաջողվեց կոտրել կապիտալիստական երկրներ մեկնելու արգելքը:
Մինչ 1969 թվականը նրան թույլ չէին տալիս մեկնել այդպիսի երկրներ: ԽՍՀՄ բարձրաստիճան պատվիրակության կազմում մինչ այդ հորս թույլատրել էին մեկնել Հյուսիսային Կորեա, նաև, մի քանի անգամ՝ Լեհաստան: Կորեա այցելելու հետևանքն այն էր, որ մենք ստանում էինք այդ երկրի առաջնորդ Կիմ Իր Սենի մեծադիր լուսանկարներով ՙԿորեա՚ ամսագիրը, որտեղ նկարագրվում էր կորեացիների «երջանիկ» կյանքը: Այդ ուղևորության մասին հայրս պատմել էր նաև, որ այնտեղ տեղի ունեցած ճաշկերույթներից մեկի ժամանակ համտեսել էր ինչ-որ ուտեստ, որի մսի համն իրեն տարօրինակ էր թվացել: Երբ հարցրել էր, թե ինչ մսից է այն պատրաստված, պատասխանել էին … շան մսից: Ինչից հետո հայ պոետը դուրս էր եկել ճաշասենյակից, և, ներեցեք, փսխել էր:
Հայրս պատմում էր, թե ինչ ձևով էին իշխանություններն իրեն մերժում մեկնել կապիտալիստական երկրներ նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղից գալիս էին իր անունով հրավերներ: Վերջին պահին հայտարարում էին, թե՝ կներեք, չստացվեց:
1969 թվականին նույն կերպ նրա անունը հանել էին Ֆրանսիա մեկնող պատվիրակության ցուցակից: Գևորգ Էմինը, որն այդ պահին ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, ուներ պետական պարգևներ, նաև, կոմկուսի անդամ էր, իր կուսակցական տոմսը, պարգևներն ու լաուրեատի վկայականը տարել և հանձնել էր Հայաստանի կոմկուսի կենտկոմ ասելով, որ եթե չեք վստահում, այդ ամենն ինձ պետք չէ:
Հաջորդ օրը նրան զանգել և ասել էին. «Ընկեր Էմին, սխալ է տեղի ունեցել, Դուք մեկնելու եք Ֆրանսիա՚:
Ի դեպ, Ֆրանսիայում նա հիվանդացել ու հայտնվել է հիվանդանոցում: Պատվիրակության բոլոր անդամները, բացի մեկից, վերադարձել էին Հայաստան: Եվ հայրս հասկացել էր, որ հենց այդ մարդն է եղել իրենց ուղեկցող ԿԳԲ-ականը:
Հաջորդ տարի՝ 1970-ին, նրան թույլ են տվել մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ Էմինը մնացել էր շուրջ կես տարի և ինչպես ինքն էր վկայում, «Ամերիկան կտրել անցել էր հարավից՝ հյուսիս, արևմուտքից՝ արևելք»:
Երբ նա վերադարձավ Սովետմիություն, Մոսկվայում մնաց մի քանի օր, քանի որ Շերեմետևո օդանավակայանում պետք է ստանար «Կարգո» միջազգային բեռնափոխադրումների ընկերության միջոցով ուղարկված իր բազմաթիվ ճամպրուկները, որոնցում կային մեծ թվով գրքեր:
Հայրս սարսափելի գրքասեր էր:
Ես այդ ժամանակ սովորում էի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանում և իր առաջին տպավորությունները, մինչև նրա երկրորդ կնոջ՝ Արմենուհի Ղամբարյանի ժամանելը, հայրս կիսեց ինձ հետ:
Գևորգ Էմինը խիստ տպավորված էր Ամերիկայից, որի մասին սովետական պրոպագանդան սխալ պատկերացումներ էր ձևավորում: Նրան ապշեցրել էր այն, որ Ամերիկայում եղած ժամանակ ոչ ոք չի հարցրել, թե ով է նա և ինչ է անում այդտեղ: Ոչ ոք չի պահահանջել, որ նա ցույց տա իր փաստաթղթերը: Ավելին, երբ որպես զբոսաշրջիկ այցելել է Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանը, որտեղ կանգնած է եղել այն տիեզերանավը, որը պետք է թռչեր դեպի լուսին, իրեն ուղեկցող ամերիկահայը հսկիչին կատակով ասել է. «Գիտե՞ք ով է այս մարդը: Նա սովետական լրտես է»: Ինչին հսկիչը պատասխանել է. «Ինձ չի հետաքրքրում, թե նա ով է: Եթե մուծել է 2 դոլարը, թող անցնի»:
Հորս ապշեցրել էր այն, որ այդ երկրի քաղաքացին իրավունք ունի ամեն ինչ իմանալ և տեսնել: Որպես զբոսաշրջիկ նա նույնիսկ մասնակցել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության շենքի ներսում անցկացվող էքսկուրսիային: Նյու Յորքի փողոցներից մեկում տեսել էր մուշտակ հագած մի մերկ կնոջ, որի կրծքերը բաց են եղել և երևացել են: «Որպես աշտարակցի տղա ես չդիմացա և ինչ-որ բան ասացի նրա հետևից, բայց ինձ ուղեկցող ամերիկահայն ինձ նախատեց ասելով, որ այդպես չի կարելի, այդ կինը կարող է ինձ դատի տալ», - պատմում էր հայրս:
Այստեղ չեմ վերապատմի նրա բոլոր ասածները: Կնշեմ միայն հորս զարմանքն ու հիացմունքն իրենց ընտանիքների հանդեպ ունեցած ամերիկացիների վերաբերմունքից: Մասնավորապես, բոլոր ամերիկացիները, որոնց հետ նա հանդիպել էր, ցույց էին տվել իրենց ընտանիքների լուսանկարները, որոնք ունեցել են կամ իրենց մոտ, կամ էլ իրենց գրասեղանների վրա: Մինչդեռ Էմինը չի ունեցել այդպիսի լուսանկար և ամաչել է դրա համար:
Հայրս պատմեց նաև սպիտակամորթների հանդեպ Ամերիկայում իր տեսած որոշ սևամորթների կողմից լկտի ու անթույլատրելի վարքագծի մասին, ինչը հերքում էր այն, թե Միացյալ Նահանգներում, իբր, շարունակում են ոտնահարել սևամորթների իրավունքները:
Վերադառնալով Մոսկվա, հայրս գնացել էր ԽՍՀՄ ԳՄ Գրական ֆոնդ և այնտեղ աշխատող տարեց հրեա հաշվապահը մտահոգ հարցրել էր նրան. «Ընկեր Էմին, ինչպիսի՞ն է Ամերիկայում նեգրերի վիճակը»: «Մտքումս ասացի, իրականում դու ես նեգրը», - ծիծաղելով պատմում էր հայրս:
Հաջորդ տարվա ձմեռային արձակուրդների օրերին, երբ եկել էի Երևան, հայրս Գիտությունների ակադեմիայի դահլիճում պատմեց ԱՄՆ կատարած իր այցելության մասին: Եվ զարմանալի, այն օրերի համար անհավատալի հանդուգն բաներ ասեց:
Մասնավորապես, որ Սովետմիությունը սխալ է գործում, որ կապ է պահպանում և աջակցում է, այդ թվում նաև՝ ֆինանսապես, միայն այնտեղի հայ կոմունիստների հետ, որոնք շատ քչաթիվ են և հիմնականում տարեցներ են, որոնց ամերիկահայերը բանի տեղ չեն դնում: Պատմեց նաև, որ երբ Միացյալ Նահանգներ է ժամանել այն օրերի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը, «խղճուկ դահլիճում» նրա հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ներկա է եղել շատ քիչ մարդ, ինչն առաջացրել է այն օրերի Միացյալ Նահանգներում Սովետմիության դեսպանի հիասթափությունը: Որը հորս հարցրել է. «Այսպե՞ս են ամերիկահայերը հարգում իրենց պետության ղեկավարին»: Էմինը նրան բացատրել է, որ եթե այդ հանդիպումը կազմակերպեին ոչ թե կոմունիստներն այլ՝ Սփյուռքի մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, այն կլիներ շատ ավելի մարդաշատ, շքեղ ու երիտասարդների մասնակցությամբ:
Գևորգ Էմինի այդպիսի վարքագիծը չէր կարող անպատիժ մնալ: Առավել ևս, որ ստացվել էին որոշ ամերիկահայերի մատնագրերը: Այդ կապակցությամբ հայրս ասում էր. «Երբ Սովետմիությունից հեռու ես գտնվում, անկեղծանում ես: Հետո պարզվում է, որ քո զրուցակիցների թվում եղել են մատնիչներ»:
Գրողների միությունում կազմակերպվել էր ժողով, որտեղ քննարկվել էր կոմունիստ Էմինի անթույլատրելի վարքագիծը Ամերիկայում: Երջանկահիշատակ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը պատմեց ինձ այդ ժողովի մասին:
ԳՄ դահլիճի բեմից այն օրերի ԳՄ կուսկազմակերպության գրականագետ ղեկավարը ելույթ է ունեցել՝ պատմելով կոմունիստ Էմինի սխալ վարքագծի մասին և պահանջել է խիստ պատժել բանաստեղծին: Նրա ելույթի ընթացքում, դահլիճի առաջին շարքում նստած Էմինն անընդհատ բարձրաձայնել է. «Անասուն, անասուն, անասուն»: Գրականագետը լսելով դա դիմել է ներկաներին, թե Էմինն ինձ անպատվում է, անվանում է անասուն: Ինչին ի պատասխան Գևորգ Էմինն ասել է. «Ինչու՞ ես նեղանում: Երբ ինձ անվանում են բանաստեղծ ես չեմ նեղանում չէ՞ »:
Գրիգոր Էմին-Տերյան