«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է։
- ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մոսկովյան բանակցություններն ուշագրավ էին մի քանի առումով։ Նախ, Լավրովը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի կարող համատեղել ԵՄ-ին անդամակցելու հետ։ Ասաց՝ Ռուսաստանը չի առարկում, որ իր գործընկերներից որեւէ մեկը զարգացնի իր արտաքին կապերն այլ ուղղություններով, սակայն ԵՄ գործընկերներն անընդհատ ընտրության առաջ են կանգնեցնում Հայաստանին։ Ի՞նչ ընտրության մասին է խոսքը՝ Մոսկվային վերջնականապես եվրատլանտյան գործընկերներով փոխարինելո՞ւ։
- Կարծում եմ, Արեւմուտքը կամ եվրոպացիները նման պահանջ չունեն, որ Հայաստանը փոխարինի իր գործընկերներին, այսինքն՝ Ռուսաստանին կամ ԵԱՏՄ գործընկերներին՝ եվրատլանտյան գործընկերներով։ ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում կամ այլ քաղաքական, ռազմաքաղաքական եւ տնտեսական կառույցում Հայաստանին չեն սպասում, որովհետեւ «ավելորդ բերան» այսօր որեւէ մեկին պետք չէ. այդ կառույցներն իրենք իրենց հազիվ են պահում, առավել եւս՝ բավականին լուրջ խնդիրներ կան հենց արեւմտյան աշխարհում։ Հավաքական Արեւմուտքի մասին այսօր կարելի է բավականին պայմանական խոսել։ Ավելի շուտ, Լավրովը հասկացնում է՝ մենք դեմ չենք, որ դուք որեւէ մեկի հետ շփվեք, ձեր արտաքին քաղաքականությունը լինի հնարավորինս դիվերսիֆիկացված, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է լինի Ռուսաստանի հաշվին։ Իսկ Հայաստանը ֆորմալ առումով շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ինչպես նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, մինչդեռ Հայաստանի վարվող քաղաքականությունը շատ նման է նրան, որ ՀՀ-ն իր հարաբերություններն արեւմտյան աշխարհի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ փորձում է կառուցել ՌԴ-ի հետ ռազմավարա-դաշնակցային հարաբերությունների հաշվին եւ, ասենք, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելով։ Ռուսաստանն ասում է՝ ընկերություն արեք, հարաբերություններ հաստատեք՝ ում հետ ուզում եք, բայց ոչ մեր հաշվին։ Կամ կողմնորոշվեք՝ որ կողմն եք, որպեսզի Ռուսաստանն իր անելիքը հասկանա։
- ՌԴ ԱԳ նախարարը նաեւ տարօրինակ համարեց պաշտոնական Երեւանից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե հյուսիսից եւ ՀԱՊԿ-ից սպառնալիք կա ընդդեմ Հայաստանի։ Ո՞րն էր գլխավոր ուղերձը։
- Ռուսաստանը, ըստ էության, Հայաստանի համար նախընտրական այս շրջանում շատ լավ հասկանում է, որ պաշտոնական Երեւանն ուղղակի աջակցություն ստանալով Արեւմուտքից, ինչպես նաեւ՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից, առնվազն ձգտում է քիչ թե շատ լոյալություն ստանալ նաեւ Ռուսաստանից։ Հասկանալով, որ նախընտրական շրջանում այդ լոյալությունն անհրաժեշտ է Փաշինյանին եւ իր խմբին, ՌԴ-ն հարցն ուղիղ է դնում։ Այսինքն, իրենք ասում են՝ ի վերջո, ժամանակն է, որ հստակ ասվի՝ հայտարարությունները, թե իբր ՀՀ իշխանությունների դեմ ինչ-որ «հիբրիդային պատերազմ» է վարվում, որտե՞ղ է դրա օջախը։ Եթե Ռուսաստանն է, եւ եթե ՀՀ իշխանությունները Ռուսաստանին ընկալում են որպես «թշնամի», ապա Մոսկվան հստակ որոշումներ ընդունի, լեգիտիմացնի իր հնարավոր հակազդեցությունները ՀՀ ներկայիս իշխանությունների վարվող քաղաքականությանը։ Այսինքն, Ռուսաստանը դիրքորոշման հստակ պարզաբանում է ուզում, եւ այն տոնը, որով դրա մասին ասում էր Լավրովը եւ ոչ միայն նա, ցույց է տալիս, որ Մոսկվան ոչ միայն հստակ պարզաբանում է պահանջում, այլեւ նախազգուշացնում է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ Հայաստանի դիրքորոշումից ելնելով։
- Գրեթե նույն ժամանակ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանին զգուշացրեց ԵՄ-ի վտանգավոր բնույթի մասին՝ նշելով, որ այն վերածվում է ռազմաքաղաքական միության։ Կրեմլը սկսել է լրջորեն մտահոգվե՞լ ՀՀ-ում իր դիրքերով։
- Օվերչուկն ըստ էության ասում է՝ մի բան էր ԵՄ-ն մի քանի տարի առաջ, մի բան է այսօր, նախկինում աշխարհաքաղաքական, տնտեսաքաղաքական միասնական բեւեռ էր, որը ռազմաքաղաքական միություն չէր ներկայացնում իրենից՝ ընդդեմ Ռուսաստանի, ՌԴ-ի անվտանգությանը չէր սպառնում, հիմա հակառակն է։ Իսկ ԵՄ-ի թիրախն այսօր Ռուսաստանն է։ Մոսկվան արդեն ԵՄ-ին որպես վտանգ է դիտարկում՝ ռազմաքաղաքական առումով։ Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը ձգտում է այդպիսի Եվրամիությանը, որը ՌԴ-ի ռազմաքաղաքական հակառակորդն է, եւ արդյո՞ք ՀՀ-ն հենց այդպես է դիրքավորվում, այսինքն՝ որպես ՌԴ-ի թշնամի։
- Ի դեպ, Լավրովն ակնարկեց նաեւ եվրոպացի առաջնորդների եւ Ռուսաստանի միջեւ «գաղտնի շփումների» մասին։ Նրա խոսքով՝ եվրոպացիները խնդրում են, որ նման բանակցությունները պաշտոնապես չհայտարարվեն։ Օրերս Մոսկվայում էր Մակրոնի խորհրդականը, իսկ Էստոնիան եւ Լատվիան կոչ են արել վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Թրամփի հետ լարվածության ֆոնին արդյո՞ք հին աշխարհամասը հայացքը նորից թեքում է դեպի Ռուսաստան։
- Միացյալ Արեւմուտքում առկա լուրջ ճաքերի ու ճեղքվածքների պայմաններում Միացյալ Եվրոպային այլ մեծ ընտրություն չի մնում, քան փորձել սեփական եւ առանձին հարաբերությունները նորից վերականգնել Ռուսաստանի հետ, որովհետեւ ԱՄՆ-ն, նույնիսկ իրենց պաշտոնական դոկտրինում Եվրոպան չի դիտարկում որպես առաջնահերթություն, ավելին՝ ՌԴ-ն դիտարկվում է որպես հնարավոր գործընկեր։ Այս պայմաններում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վարվող՝ փոխհամաձայնեցված փոխհարաբերությունները ստիպում են ԵՄ-ին նոր հենարաններ գտնել, այդ թվում՝ Ռուսաստանում։ ԵՄ-ն այսօր, դարձ ի շրջանս յուր, ստիպված է հարաբերությունները վերականգնել ՌԴ-ի, նրա ղեկավարի հետ։ Ինչ վերաբերում է, որ չհրապարակայնացվի Մոսկվայի հետ եվրոպական լիդերների շփումը, չեմ կարծում, որ ԵՄ ղեկավարները միմյանցից թաքուն են շփվում Կրեմլի հետ. պարզապես ուզում են պահել իրենց դեմքը, որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կոշտ, ամպագոռգոռ, անպատասխանատու հայտարարություններ են արել, կոշտ հռետորաբանությամբ, նույն՝ ՌԴ ղեկավարի հասցեին եւ, ժարգոնային լեզվով ասած, չեն ուզում իրենց «թքածը լիզել»։ Դրա համար ԵՄ-ում փորձում են գտնել նոր, այդ թվում՝ նաեւ անվտանգային հենարաններ, որովհետեւ կորցրել են ԱՄՆ-ի «անվտանգության բարձիկը»։ Մյուս կողմից էլ ուզում են պահպանել իրենց դեմքը եւ հասնել սեփական ընտրություններին եւ սեփական ներքին քարոզարշավներին։
- Այս վերադասավորումների եւ նոր իրողությունների պայմաններում արդյո՞ք ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը հերթական ֆիասկոն չի ապրելու՝ կրկին հայտնվելով մեծ խաղացողների քաղաքական ու տնտեսական մամլիչի տակ։
- Արդյունքը չի կարող բարենպաստ լինել ՀՀ այսօրվա իշխանությունների համար, որովհետեւ նրանք փորձել են, լինելով թույլ, պարտված, ոչ ռեսուրսային եւ ոչ էֆեկտիվ իշխանություն, որը հայակենտրոն չէ եւ երրորդ կողմի շահերն է սպասարկում, ոչ թե համադրել աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերը, այլ խաղալ նրանց հակասությունների վրա, ինչն այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին մերն է, շռայլություն է, պարզ ասած՝ հիմարություն։ Եվ այդ ապուշությունը բերում է նրան, որ Հայաստանը դարձել է գերտերությունների եւ ռեգիոնալ պետությունների հակասության վայր, որտեղ աշխարհաքաղաքական երկրները ոչ թե համագործակցում են, այլ՝ մրցում։ Հայաստանը թույլ է տվել իրեն նման շռայլություն` մտնել մի խաղի մեջ, որտեղ ինքը որեւէ խաղաթուղթ չունի։ Պարզ է՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերությունները կարող են լավանալ, վատանալ, սրվել կամ հարթվել, եւ եթե դու այդ խաղում դառնում ես պրոքսի պատերազմի ամբիոն, քո մասին շատ շուտ մոռանում են, դու մնում ես ցանկացած «փլատակի» տակ։ ՀՀ իշխանությունները, չունենալով որեւէ ռեսուրս, նույնիսկ՝ ինտելեկտուալ, ճկունություն, պրոֆեսիոնալիզմ, նույն TRIPP ծրագրի դեպքում մենք ունենք մի իրավիճակ, երբ այն ձեռնտու չէ մեր տարածաշրջանում ազդեցիկ Իրանի եւ Ռուսաստանի համար։ Կա՛մ՝ ԱՄՆ-ի տնտեսական շահը, նաեւ՝ քաղաքական, կա՛մ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահագրգռությունները, բայց Մոսկվան եւ Թեհրանը մրցելու են, բնականաբար, այս տարածաշրջանում իրենց վերահսկողության տակ իրենց մասնաբաժինը պահպանելու համար, եւ այստեղ գումարենք նաեւ Վրաստանի գործոնը, որը կորցնում է իր լոգիստիկ առավելությունը։