Քաղաքականություն

Փաշինյանը խաբեց անգամ «Պերֆեկտ TV»-ի բլոգերին

Փաշինյանը խաբեց անգամ «Պերֆեկտ TV»-ի բլոգերին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը օրերս խորհրդարանում հայտարարեց, որ հարկվելու են նաեւ Youtube-ից գումար աշխատող բլոգերները։ «Ծառայություն են մատուցում, որի դիմաց վճար են ստանում, հետեւաբար՝ այո, իրենք հայտարարագրվում են, եւ դրանք հարկվող եկամուտներ են։ Համապատասխան տող կա, որտեղ եկամուտը լրացնում են, եւ եկամտային հարկ են վճարում»,-ասաց նա։ Սա հերթական անտրամաբանական որոշումն է, հարկային տեռորը, բոլորի գրպանը մտնելու փորձը։ Բացատրենք, թե ինչու։ 
Բոլոր Youtube-ից գումար աշխատողները կհաստատեն, որ իրենց գումարներն արդեն իսկ հարկվում են ԱՄՆ օրենքով` մինչեւ իրենց փոխանցվելը: Եւ եթե Հայաստանը նման քայլի է գնում, ստացվում է` կրկնակի են հարկվելու, ընդ որում Հայաստանում YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան միացված չէ: Այսինքն, հայաստանյան տիրույթում տեղադրվող տեսանյութերից հեղինակները գումար չեն աշխատում` եթե գրանցված չեն որեւէ արեւմտյան երկրում, եւ այս դեպքում իշխանությունների որոշումն ուղղակի անհիմն է։  Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոստացել էր, որ Հայաստանում մոնետիզացիան կմիացնեն, սակայն խոստումները սուտ դուրս եկան։ 2023 թ. նոյեմբերի 24-ին Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով  «Պերֆեկտ TV»-ի յութուբյան ալիքի տիրոջ այն հարցին, թե ե՞րբ է Հայաստանում  միացվելու մոնետիզացիան, ասել էր, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից խոստում են տվել, որ 2024 թվականի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում կաշխատի:
«Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից խոստում ենք կորզել, որ 2024 թվականի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան կաշխատի, տեսնենք և հետևողական կլինենք։Հույս ունենք, որ մեր գործընկերները, որոնք պատասխանը տվել են, հասկանում են պատասխանատվությունը, նաև մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, հույս ունեմ, մենք դա անպայման կանենք»,-ասել էր Փաշինյանը։
Փաստացի Հայաստանի վարչապետը հերթական խոստումն է տվել ու ի վիճակի չի եղել իրագործել։ 

Մենք ավելի քան 1 ամիս առաջ հարցում ենք արել եւ սպասել ենք ԲՏԱ նախարարության պատասխանին, թե ի վերջո ինչո՞ւ հնարավոր չէ յութուբյան արտադրանը մոնետիզացնել նաեւ Հայաստանում, այն դեպքում երբ Փաշինյանը նման խոստում էր տվել։ ԲՏԱ նախարարությունից դեռեւս մեզ չեն պատասխանել։ Մեր լրագրողը օրերս այս հարցը խորհրդարանում տվեց նաեւ նախարար Մխիթար Հայրապետյանին։ Վերջինս ասաց, որ մոնետիազացիան միացնելը իրենց որոշելիքը չէ, եւ իրենցից կախված չէ։ 

Նշենք, որ դեռևս 2019 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն էր խոստացել , թե  Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program): 
«Գոյություն ունի YouTube Partner Program (YouTube-ի գործընկերների ծրագիր), որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով՝ կարողանաս YouTube-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube Partner Program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,— ասել էր Արշակյանը։ 

Եւ այս տարրական գործընթացը ավարտին չհասցրած իշխանությունը որոշել է մտնել Ամերիկայում գրանցված հաշիվների մեջ եւ կրկնակի հարկել ՀՀ քաղաքացիներին, որոնք ինչ որ գումարներ են ստանում այլ երկրներում գրանցված իրենց ընկերությունների հաշիվներին: Մինչեւ հիմա մտնում էին բիզնեսմենների, մեքենա վարողների, ծառայություններ մատուցողների գրպանը, հիմա որոշել են մտնել նաեւ բլոգերների, լրատվականների գրպանը, որ ոչ մի դրամ մարդիկ չաշխատեն` առանց ՔՊ-ին մուծվելու: Ի դեպ, նույնիսկ տասնյակ հազարավոր դիտումներ ունեցողները յութուբից մեծ գումարներ չեն աշխատում, այնպես որ սրա տնտեսական էֆեկտը չնչին է լինելու։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image