ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը հետամանորյա, ավելի շուտ` նախընտրական նվեր մատուցեց թոշակառուներին: Կիսամեռյալ տոնով (վերջում մի քանի վայրկյան կիսաժպիտով) Ֆեյսբուքով հայտարարեց, որ ապրիլի 1-ից ցածր թոշակներին կավելացվի 10 հազար դրամ, իսկ բարձրերին՝ ավելի պակաս: Ասեմ, որ սովորաբար մարդիկ նվեր են մատուցում Ամանորի կամ էլ ծննդյան օրվա կապակցությամբ: Իսկ ավելի հիմնավոր տրամադրվելիքի առումով պետբյուջեում գրվում է, որ, ասենք, 2026 թվականի հունվարի 1-ից թոշակները բարձրացվելու են: Ու դա հիմնավորվում է նրանով, որ գործող իշխանությունը կյանքի է կոչում թոշակառուների համար ապրելու նորմալ պայմաններ ապահովելու՝ պետության հանձնառությունը:
Բայց քանի որ 2018-ի մայիսից Հայաստանում տիրում է աննորմալ մտածողություն, թոշակը բարձրացվում է այն ժամանակ, երբ դրանից կարճ ժամանակ առաջ ապացուցում էին դրա անհնարին լինելը: Հայտարարվում էր, որ պետբյուջեում փող չկա նման մեծաթիվ գումար (խոսվում էր 600-700 միլիարդ դրամի մասին) թոշակների բարձրացմանը տրամադրելու համար: Հեգնելով թոշակառուներին՝ ասվում էր նաև, թե պարգևավճարների փոխարեն 11 հազար դրամի ավելացման դեպքում թոշակառուն, չի իմանալու, թե ինչի վրա ծախսի այն: Չնայած «Հայաքվե» շարժման անդամ Հրայր Կամենդատյանը չէր հոգնում ապացուցելուց, որ ցանկության դեպքում իշխանությունը կարող է բարձրացնել թոշակները 50 տոկոսով: Հատկապես որ նախագահի պաշտոնը՝ չգիտես հանուն ինչի, զբաղեցնող Խաչատուրյանը հայտարարում էր, որ փողի խնդիր իշխանությունը չունի:
Ինչևէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է հիմնավորել, թե ինչպես ստացվեց, որ հնարավոր եղավ բարձրացումը: Իր ասելով, նախ, տնտեսական աճն ավելի շատ եղավ, քան նախատեսվել էր նախորդ տարի, ու դա իրենք իմացան հենց երևի երեկ: Որպես նախկինում տնտեսական ոլորտի լրագրող, կարող եմ վստահաբար պնդել, որ ստում է: ՀՆԱ-ի ցուցանիշի մասին ինքը չէր կարող տեղյակ չլինել մի քանի շաբաթ առաջ: Երբ հայտարարում էր, թե բավարար գումար չկա բյուջեում: Անցնենք առաջ: Ասում է, որ ՀԴՄ կտրոն պահանջելու և (ինձ նման) թոշակառուների՝ մշտապես քարտով գնումներ կատարելու շնորհիվ էր դա: Ասում է, որ առողջապահության ապահովագրության իրենց կանխատեսումը ճիշտ դուրս եկավ, ու իրենք կարող են գումար տրամադրել թոշակի բարձրացմանը: Այնինչ, մեկ-երկու շաբաթ առաջ, երբ ասվում էր, թե փող չկա կամ 11 հազարը ինչպես է ծախսելու թոշակառուն, ոչ մեկը դրա մասին չէր էլ հիշել: Այնպես որ այդ գործոնները ևս որևէ դեր չեն կատարել այդ հարցում:
Ու ամենամեծ սուտը. իրենք առաջնորդվել են նախօրոք մշակված ծրագրով, ըստ որի նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին, իսկ միջին թոշակը՝ սպառողական զամբյուղին համապատասխանեցնելն էր մինչև հունիսի 7-ը: Սա, նախ, ոււղղակի ձեռառնոցի է: Երկրորդ, ես արդեն չեմ հիշում՝ նման խոստում եղել է, թե ոչ, սակայն դա ԱԺ ընտրությունից հարյուր քանի օր առաջ կատարելը վկայում է ոչ թե ծրագրային պահանջի, այլ զանգվածային կաշառք բաժանելու մասին: Հատկապես՝ եթե կրկին հիշենք 11 հազարը ծախսելու՝ թոշակառու անկարողության մասին նրա ելույթը: Իրականում նվազագույն թոշակն ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացնելու որոշումը վկայում է, որ վերջինս հույս չունի, որ հունիսի 7-ին կստանա 500-600 հազար կազմող թոշակառուների գոնե մի մասի քվեն: Այդ մասին են վկայում նաև փակ սոցհարցումները, որոնց մասին պատառիկներ են հայտնի դառնում հասարակությանը: Ու ինքն էլ ստիպված գնացել է պետական միջոցներով թոշակառուներին զանգվածաբար կաշառելու քայլին:
Եվ վերջապես Նիկոլը Նիկոլ չէր լինի՝ եթե չխոսեր անկախության, ինքնիշխանության և այլնի մասին՝ մարդկանց փորձելով համոզել, թե հենց իրենք են դա ապահովում: Այնինչ, դա անում է իշխանությունն իր գրագետ ու հայրենասիրական բնույթի գործողություններով: Էլ չասած, որ պետության ինքնիշխանության առաջնային գործոն բանակն իրենց իշխանության ժամանակ վերածվել է չգիտես ինչի...