Սովետահայ կինոյի պատմությունն ուսումնասիրելիս անհնարին է, որ չհանդիպենք մի անվան, որը գուցե հիմա որոշ տարակուսանք առաջացնի։ Սակայն սովետական իրականության պայմաններում լիովին բնականոն էր դա։ Խոսքը սովետահայ կինոյի պատմության ուսումնասիրողներից կինոգետ, ազգությամբ ադրբեջանցի Սաբիր Ռիզաեւի մասին է, որը գրել է հայ կինոյի մասին, հիացած է եղել հայ կինոյով եւ ամենեւին չի թաքցրել իր հիացմունքը։
Ռիզաեւը ծնվել է Երեւանում, 1924 թվականին, մահացել 1978-ին՝ Երեւանում, մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աքբար Ռիզաեւը, աշխատել է Մոսկվայում՝ «Ինոստրաննայա լիտերատուրա» պարբերականում՝ թուրքական գրականության խմբագրությունում։ Ավարտել է Երեւանի Պուշկինի անվան դպրոցը, ուսումը շարունակել Մոսկվայում։ 1942 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո վերադարձել է Երեւան եւ սկսել հրատարակվել տեղի մամուլում՝ հեղինակելով կինոյի եւ թատրոնի մասին քննադատական հոդվածներ։ Ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը՝ 1951 թվականին, իսկ հետո նաեւ՝ 1954-ին, Թատրոնի, կինոյի եւ երաժշտության Լենինգրադի ինստիտուտը։ 1954-ից ղեկավարել է «Հայ կինոյի» սցենարի բաժինը։ Եղել է «Հայպետկինոկոմիտեի» գլխավոր խմբագիրը։
1965-ից եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրենը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղարը։ Ավելի քան 20 գիտական աշխատության հեղինակ է, ներառյալ՝ նաեւ հայ կինոյի եւ հայ կինոգործիչների մասին մենագրությունների հեղինակ։ Այդ շարքում կարելի է հիշել «Հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիան»՝ հրատարակված 1963-ին, Հրաչյա Ներսիսյանի եւ Վարդինե Աջեմյանի մասին մենագրությունները։ Մասնակցել է բազմաթիվ կինոնկարների սցենարական աշխատանքներին։ Ազգությամբ ադրբեջանցի լինելով՝ լիովին տիրապետել է ռուսերենին եւ հայերենին։ Գրել է հիմնականում ռուսերենով, սակայն ունի նաեւ հայերենով աշխատանքներ։ 1975 թվականին արժանացել է Սովետական Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է 1978-ին՝ կոնֆերանսի ժամանակ՝ զեկույց ներկայացնելիս։ Ռիզաեւը մեծ հարգանք ու հիացմունք է ունեցել թե՛ հայկական կինոյի, թե՛ նրա անվանի գործիչների եւ դերասանների նկատմամբ՝ լիովին ինտեգրված է եղել սովետահայ մշակութային կյանքի մեջ։