Հեղինակավոր Financial Times պարբերականի տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմը խթանել է, որ Հայաստանից դեպի ՌԴ ավտոմեքենաների արտահանումը կտրուկ աճի։ Համաձայն պարբերականի՝ եթե նախկինում, այսինքն՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն մամլիչի կիրառումը, ցանկացած ռուսաստանցի, որն ուներ բավարար գումար, կարող էր իր երկրում ավտոսրահից մեքենա գնել, ապա հիմա դա հնարավոր չէ, եւ ստիպված դիմում է թրեյդերներին։ Ընդ որում, ավտոմեքենաների մեծ մասը ձեռք է բերվում ամերիկյան ապահովագրական աճուրդներում, որտեղ դրանք համարվում են վթարային։
Վրացական Փոթի նավահանգստով այդ ավտոմեքենաները տեղափոխվում են Հայաստան կամ հենց թողնվում են Վրաստանում, որտեղ վերանորոգվում են, որից հետո էլ արդեն վերջնականապես հանգրվանում են Հայաստանում եւ վերավաճառվում ռուսներին։ Պարբերականը նշում է, որ նման «վթարային» մեքենաների վերանորոգումը թե՛ Հայաստանում եւ թե՛ Վրաստանում համեմատաբար քիչ ծախսատար է, ու նաեւ արձանագրում է, որ մաքսային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանում, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ԵԱՏՄ հանգամանքով պայմանավորված, գործում է անմաքս առեւտուր։ Ուշագրավ է, որ Ռուսաստանում ավտովաճառքի 75 տոկոսը, ըստ պարբերականի, կազմել է օգտագործված ավտոմեքենաների վաճառքը, իսկ Միացյալ Նահանգներից Հայաստան, այս տարվա տվյալներով, ներկրվել է 34 միլիոն դոլարի ավտոմեքենա, ինչը բազմապատիկ անգամ շատ է, քան անցյալ տարվա տվյալներն են։ Financial Times-ի հրապարակումից կարելի է մի քանի եզրահանգում անել։
• Հերթական դրվագով, ըստ ամենայնի, արձանագրվել է ռուս-ուկրաինական պատերազմի ունեցած, այսպես ասած, դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, որը նաեւ նշանակում է, որ այն կարճաժամկետ է եւ ամենեւին չի հանդիսանում Հայաստանի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունք։
• Բիզնեսը, անկախ ամեն ինչից, կարողանում է գտնել ճանապարհներ եւ շարունակել գոյատեւել ու անգամ աճել, անկախ սանկցիաներից եւ այլ խոչընդոտներից, որով հենց նույն հակառուսական սանկցիաների արդյունավետության հարցը բավական հարաբերական է դառնում, հանգամանք, որի մասին նաեւ միջազգային հեղինակավոր պարբերականներն ու տնտեսագետներն են սկսել խոսել։
• Հայաստանը շարունակում է մնալ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում, որպես գոտի, որտեղ հակառուսական սանկցիաները գործում են խիստ հարաբերականորեն կամ չեն գործում առհասարակ։ Եվ այն շարունակում է մնալ ռուսական ազդեցության տարածքում։ Ու եթե այս վիճակը դեռ հանդուրժում են, ապա միայն այն հույսով, որ սա ժամանակավոր է, եւ Հայաստանին ռուսական ազդեցության գոտուց թուրքական ազդեցության գոտի տեղափոխելը շատ արագ գլուխ չի գա՝ հարկավոր է անցումային շրջան, որն արդեն իսկ սկսվել է։