Հասարակություն

«Հրապարակ»․ Ի՞նչ Time Out` ես արդեն վճարել եմ իմ վարձերը

«Հրապարակ»․ Ի՞նչ Time Out` ես արդեն վճարել եմ իմ վարձերը

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանն ահազանգում է, որ ՔՊ-ական իշխանությունն ընտրակաշառքի եւ հասարակությանը մոլորության մեջ գցելու նոր ձեւեր է գտել: Նա գրել է. «Ընտրություններն են մոտենում !!!
Սիրելի՛ երեւանցիներ, ապրիլի 1-ից Երեւանի ոչ լեգետիմ ու 9% քվե ստացած ՔՊ-ն՝ Ավինյանի գլխավորությամբ, որոշել է «Time Out» վերցնել ու ձեզ որոշ ժամանակ չթալանել: 100% գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի ու տեղական տուրքերի վճարների թանկացումները կփոփոխեն ու կդարձնեն նախկին սակագնին։
Մինչեւ հունիսի 7-ը ՔՊ-ն պատրաստ է ցանկացած քայլի, ստի ու կեղծիքի՝ իշխանությունը պահելու համար, մինչեւ 10 հազար դրամ կենսաթոշակները բարձրացնելու փաստը վկա։
Ստի ու կեղծիքի վերջը ժողովուրդն է որոշելու»:

Գեւորգ Ստեփանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր գրառմանը, հավելում է. «Ընտրակաշառքների տարբեր ձեւեր կան: Բայց դրանք գործածելու հնարավորություն ունի բացառապես ՔՊ կուսակցությունը, իսկ մնացածները, ցանկացած ընդդիմադիր ուժ, եթե համարձակվի մտքում անգամ մտածել նման բանի մասին, ուղղակի կհայտնվի բանտում, քրեական գործերի տեղատարափ կսկսվի: Իշխանությունները հասկացել են, որ այլեւս չեն կարող հասարակության վստահությունը շահել, հիմա էլ որոշել են դիմել այս քայլերին: Մեկ ամիս առաջ ասում էին` թոշակառուն ի՞նչ պետք է անի 10 հազար դրամը, հիմա պարզվում է՝ թոշակները բարձրացնում են հենց 10 հազար դրամով: Երեւանցիների գույքահարկը 100 տոկոսով թանկացրել են, տրանսպորտը եւ աղբահանության վճարը թանկացրին, տեղական բոլոր տուրքերը թանկացրին, կարմիր գծերի սակագինը թանկացրին, հիմա էլ ասում են` 10 հազար դրամով թոշակը բարձրացնում ենք: Էդ 10 հազարներն ինչքան էլ որ գումարեն, մարդիկ անգամ իրենց գույքահարկը չեն կարողանում վճարել: Աչքփակոցի է, ընտրությունները մոտենում են, իսկ իրենք լավ գիտեն, թե ինչ երգ երգեն: Գոնե հիմա Ավինյանին բզեն-բրթեն, նա լավ է ներվայնանալուց: Հետո, եթե, Աստված մի արասցե, ընտրվեն, նորից էլի ամեն ինչ կթանկացնեն: Ամենուր թանկացումների հիթ շքերթ է: Արգիշտի 1 հասցեն թանկացումների կնքահայրն է: Ստի ու կեղծիքի հիման վրա փորձում են հաջողության հասնել, որոշ շերտերի մոտ այն կարող է աշխատել, բայց, հավատացեք, արդեն ուշ է, մարդիկ ամեն ինչ հասկանում են, իմ գրառման տակ գրում են, որ ընտրություններից հետո եթե վերարտադրվեն, ամեն ինչ տասնապատիկ անգամ թանկացնելու են, մուռը հանեն»:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, սակայն, կարծում է, որ չի կարող նման բան լինել` վարձավճարների սառեցում, քանի որ, նախ, ինքը՝ որպես Երեւանի բնակիչ, կատարել է համապատասխան վճարումները, եւ հետո` Տիգրան Ավինյանը եւ ՔՊ-ն չեն կարող այդքան շռայլ գտնվել երեւանցիների հանդեպ. «Մինչ այս պահը պարտքերի զրոյացում տեղի չի ունեցել: Եթե նման բան լիներ, ապա այն հետաքրքիր կլիներ, բայց քանի որ չի եղել նման բան, ես առնվազն չեմ էլ հավատում, որ կլինի նման բան: Անկեղծ ասած, ինձ համար այդ հայտարարությունները շատ տարօրինակ են, քանի որ ես՝ ինքս, իմ վճարումները կատարել եմ, ի դեպ` շատերն իրենց վճարումները կատարում են տարեկան կտրվածքով: Օրինակ` գույքահարկը վճարում են տարվա վերջ, որպեսզի տուգանքի տակ չմնան: Նշում են՝ ապրիլի 1-ից է լինելու Time Out-ը, ապա ես արդեն իսկ վճարել եմ իմ աղբահանության վճարը: Ինչպես տեսնում եք` Երեւանի քաղաքապետարանն այս տարիներին միմիայն աչքի է ընկել ագահությամբ, եւ այսօր ՔՊ-ից հիասթափվածների 70 տոկոսից ավելին հենց Երեւանի քաղաքապետարանի որոշումներով է պայմանավորում հիասթափությունը: Հիմա էլ չեմ կարծում, որ քաղաքացիների համար առանձնապես մտահոգված են: Խոսում են թոշակների բարձրացման մասին: Ուղղակի ծիծաղելի բան է՝ 10 հազար դրամ, ընդ որում` ամենացածր թոշակի դեպքում: Որքան թիվը մեծ է, այնքան ավելի քիչ է այն բարձրանալու: Իշխանություն, ընդդիմություն… գլուխ չես հանում ոչ մեկից: Ընդդիմադիրներն էլ այսօր հայտարարեցին, որ իրենց ճնշման շնորհիվ է թոշակը բարձրացել: Այդ մի քանի հազար դրամն ի՞նչ է փոխելու թոշակառուի կյանքում: Բոլորը, կարծես, ընտրություններից առաջ գժվել են, չես հասկանում, թե ինչեր են հայտարարում: Այլ բան է, որ թոշակը բարձրանար 50 տոկոսով, բայց մի քանի հազար դրամն ուղղակի ծիծաղելի է»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image