ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ նախքան Ադրբեջանի կողմից «Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումները»՝ Ստամբուլում հանդիպում է կայացել Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի պաշտոնյաների միջև։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով Politico-ի տեղեկությունները, թե «Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն գաղտնի հանդիպում են անցկացրել Ղարաբաղում լարվածությունից առաջ», նա նշել է, որ այդ հանդիպումը գաղտնի չի եղել և որ այդ նախաձեռնությամբ հանդես են եկել արևմտյան երկրները՝ հանդիպում խնդրելով։
Ըստ Politico-ի՝ հանդիպմանը ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, Եվրամիությունը՝ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գծով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին է ուղարկել։
Ինչպես հրապարակմանը պատմել է բարձրաստիճան դիվանագետը, բանակցողները ցանկացել են «ճնշել Բաքվին՝ դադարեցնելու Ղարաբաղի իննամսյա շրջափակումը և միջանցք բացելու Հայաստանից մարդասիրական օգնությամբ շարասյունների համար»։
Ի դեպ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպման անցկացման փաստը։