Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերջնական տվյալներն ու խորհրդարան անցած քաղաքական ուժերի մանդատների թիվը։
Համաձայն ԿԸՀ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։
Նիստի ավարտից հետո «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան՝ նշելով, թե դատարանն ինչ հնարավոր որոշումներ է կարող ընդունել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, եթե դաշինքի դիմումը բավարարվի։ Ըստ Վարդևանյանի՝ ՍԴ-ն երեք որոշում է կարող ընդունել՝
1․ Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել։
2․ Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և նշանակել երկրորդ փուլ։
3․ Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբան Հասմիկ Ենգոյանի հետ։
- Տիկի՛ն Ենգոյան, երեկ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել էր, որ ընտրությունների մասով Սահմանադրական դատարանը կարող է երեք որոշում ընդունել, որոնցից երրորդը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Ի՞նչ է ենթադրում մանդատների բաշխման նոր կարգը, ինչպե՞ս է կարող ՍԴ-ն մանդատ բաշխել։
- Երբ որ դիմումի հիման վրա պարզում է, որ առկա ձայների պայմաններում, այսինքն՝ ձայների հաշվարկի հետ կապված խնդիր չկա, հստակ են ձայները, ձայների արդյունքները կեղծված չեն, բայց եղած թվերի հիման վրա մանդատները սխալ են բաշխվել, կարող է սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Օրինակ՝ հավաքած ձայներին համապատասխան ՔՊ-ն պիտի ստանար 68 մանդատ, բայց տրվել է 72 մանդատ կամ հավաքած ձայներին համապատասխան ազգային փոքրամասնության պատգամավորական տեղը պետք է անցներ ՔՊ-ին, տվել են «Հայաստան» դաշինքին։ Այսինքն՝ մանդատների բաշխման այն կարգով, որն Ընտրական օրենսգրքով նախատեսված է, տեղերը սխալ են բաշխվել։ Այս դեպքում դատարանն արդյունքներն անվավեր է ճանաչում մանդատների բաշխման տեսանկյունից և ասում է՝ «Ժողովո՛ւրդ, հավաքած ձայներին համապատասխան, այսքան մանդատ հասնում է այս քաղաքական ուժին, այսքան մանդատ՝ այն քաղաքական ուժին, այսքան մանդատ՝ երրորդ քաղաքական ուժին։ Ազգային փոքրամասնությունների մանդատն բաշխում ենք այսպես»։
- ԿԸՀ-ն մանդատները բաշխել է։ Այստեղ ի՞նչն է կարող խնդրահարույց լինել, որ ՍԴ-ն վերաբաշխում կատարի։
- Տարբերակ առաջին՝ ձայների սխալ հաշվարկ, որը բերել է մանդատների սխալ բաշխմանը։ Տարբերակ երկրորդ՝ ձայներին համապատասխան մանդատ տրամադրելու բանաձևը սխալ է հաշվարկվել։
- Ենթադրենք՝ ՍԴ-ն գտնի, որ 100 հազար ձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար լցոնումով է գումարվել, դա արձանագրի, 100 հազար ձայն հանվի, մանդատների վերաբաշխում կարո՞ղ է տեղի ունենալ։
- Այո։ Ինչպես նաև ընտրությունների արդյունքներն են կարող անվավեր ճանաչվել։
- Կարո՞ղ են ընտրություններն անվավեր չճանաչվել, և մանդատները վերաբաշխվել։
- Ոչ, եթե օրենքի դրույթը նայում եք, «ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների վերաբաշխման կարգ»։ Մանդատների վերաբաշխման կարգը նախատեսվում է այն դեպքում, երբ որ հնարավոր է ընտրությունների արդյունքներն այս փուլում պարզել։ Այսինքն՝ խախտումներն այնքան ակհայտ են, որ մենք գիտենք, որ 100 հազար ձայն ունենք։ Այդ դեպքում անվավեր են ճանաչվում։ Բայց եթե հասկանում ենք, որ մասսայական խախտում է եղել, և հնարավոր չէ իրական պատկերը վերականգնել, արդեն ընտրությունների 2-րդ փուլ է նշանակվում, այսինքն՝ նոր ընտրություններ։
- Ենթադրենք՝ արձանագվում է, որ տարբեր խախտումներով 100 հազար ձայն ՔՊ-ի օգտին ավել է հաշվվել, ՍԴ-ն կարո՞ղ է արձանագրել, 100 հազար ձայնը հանել, բայց ընտրություններն անվավեր չճանաչվեն, և մանդատները վերաբաշխվեն, ՔՊ-ից 20 մանդատ հանվի, և խորհրդարանի համամասնությունը փոխվի։
- Այո։ Օրենքն այդ մասով 2 բան է միասին ասում՝ ընտրությունների այս արդյունքներն անվավեր ճանաչել և մանդատների վերաբաշխում անել։ Վերահաշվարկ կարող են անել․ բացեն, պարզվի, որ օրինակ՝ ՔՊ-ի քվեաթերթիկների պարկում ուրիշ կուսակցություններից քվեաթերիկներ են հաշվարկվել։ Արդեն վերահաշվարկ են անում, վերահաշվարկի արդյունքում վերանայվում են ընդհանուր տվյալները, և հետո մանդատների վերաբաշխում է արվում։
- Օրինակ՝ քանի՞ պարկ պետք է վնասված լինի, որ ընտրությունները չեղարկվեն։
- Օրենքն ասում է՝ խախտումներ, որոնք էական նշանակություն ունեն ընտրությունների արդյունքների վրա։ Ամեն ընտրության ժամանակ այդ էական նշանակությունը կապված է, թե ով ինչքան ձայն է հավաքել։
- Ի՞նչ աստիճանի պետք է լինի խախտումը, որ էական համարվի։
- Կախված է, թե ով որքան ձայն է հավաքել։ Ու այդ ընտրությունների արդյունքն էական է ազդել, թե չէ։
- Եթե հաշվի առնենք ԿԸՀ-ի երեկ հրապարակված տվյալները, ՔՊԿ-ն արդեն ունի, չէ՞, կայուն մեծամասնություն։
- Ինքն ունի կայուն մեծամասնություն, ասեմ ավելին՝ ինքն ունի նաև 3/5։ 107-ը բազմապատկում ես 5-ով ու բաժանում ես 3-ի, ՔՊ-ի մանդատների քանակն անցնում է եղածը, բայց 2/3 որակյալ մեծամասնություն ՔՊ-ն չունի։ Այսինքն՝ չի կարող Սահմանադրություն փոփոխել։ Սահմանադրական օրենք կարող է ընդունել, օրինակ՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, Ընտրական օրենսգիրք։ Հանրապետության նախագահին չի կարող իմպիչմենտի ենթարկել, որովեհտև դրա համար պետք են 2/3 ձայներ։
- Իսկ միջազգային պայմանագրեր կարո՞ղ է կնքել։
- Այո կարող է։ Միջազգային պայմանագրերրը վավերացվում են ձայների թվի կեսից ավելիով, այսինքն՝ 50 տոկոս պլյուս 1 ձայն, իսկ ՔՊ-ն ավելին ունի։ Վավերացնելու տեսանկյունից ինչ ուզի, կարող է անել, բայց պետք է ՍԴ-ի եզրակացությունը, առանց որի վավերացումը չի կարող լինել։ ՍԴ-ն եզրակացություն է տալիս Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ։
- Ի՞նչ համամասնությամբ է կարող ընդդիմությունը կարող դիմել ՍԴ՝ միջազգային պայամագրի սահմանադրականությունը որոշելու համար։
- Այդ ընթացակարգը նախատեսված չէ։ Բոլոր միջազգային պայմանագրերի նախագծերը, որը նախագահը ստորագրել է, բայց դեռ պառլամենտը չի վավերացրել, սկզբում մտնում են ՍԴ, ձայների որակյալ մեծամասնությամբ տալիս է եզրակացություն։ Եթե դրական եզրակացություն է լինում, նոր գալիս-մտնում է պառլամենտ։ Առանց ՍԴ-ի դրական եզրակացության պայմանագիրը վավարեցման ենթակա չէ։ Դրա համար էլ կապիտուլայցիոն փաստաթղթին, Նոյեմբերյան եռակողմ հայտարարությանը եզրակացություն չտվեցին։
- Եթե Հայաստանի սահմաններին էր վերաբերվում, չպե՞տք է եզրակացություն լիներ։
- Երկրի անունից կնքվող ցանկացած պայմանագիր միջազգային է։ Պետք է անցնի ՍԴ եզրակացություն, Ազգային ժողովի վավերացում։
- Այդ եռակողմ հայտարարության հիման վրա եթե կոմունիկացիաների ապաշրջափակում է տեղի ունենում, դա, ըստ էության, Հայաստանի տարածքի վերաբերող է։ Կարո՞ղ է ընդդիմությունը վիճարկել եռակողմ հայտարարությունը ՍԴ-ում։
- Ոչ, որովհետև այն, ըստ էության, միջազգային պայմանագրի տեսք չունի, ուրիշ փաստաթուղթ է։ Կարել է փորձել՝ ասելով, որ սա միջազգային պայմանագիր է, մտնել Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը որոշելու համար։ Բայց ՍԴ-ն կարող է ասել, որ սա միջազգային պայմանագիր չէ, որովհետև միջազգային պայմանագրի ընթացակարգ չի անցել։ Փակուղի է։
- Եթե միջազգային պայմանագիր չէ, ի՞նչ է։
- Եթե ուրիշ քաղաքական ուժ գա և փորձի դրա տակ մտնել, կարող է հայտարարել, որ «սա միջազգային պայմանագիր չէ, և պետության վրա որևէ բեռ չի դնում և պետությունը որևէ բան պարտավոր չէ անել։ Փաշինյանն է ստորագրել, գնացե՛ք, իրենից էլ պատասխանը ստացե՛ք»։ Իր ստորագրած կամ իմ և Ձեր ստորագրած թուղթը, ըստ էության, նույն իրավական ուժն ունեն, որովհետև այս ընթացակարգով ո՛չ ես իրավունք ունեմ ուժի մեջ մտցնել, ո՛չ Դուք, ո՛չ էլ Փաշինյանը։ Սահմանադրական իրավունքի ամբիոնը դրա մասին խոսել է բազմաթիվ անգամ։ Իհարկե միջազգային պայմանագիր չէ։
- Ենթադրենք Մեղրիով ճանապարհ է բացվում, դա Հայաստանի տարածքներին վերաբերող բան է, չէ՞, արդեն։
- Ոչ միայն տարածքային, ցանկացած պարտականություն, որը դրվում է պետության վրա, հանդիսանում է միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերություն և պիտի անցնի միջազգային պայմանագրի ընթացակարգ։ Ցանկացած պարտականություն, որ պետությունը պետության հետ պայմանավորվում է, միջազգային պայմանագրի առարկա է հանդիսանում, նույնիսկ եթե տարածքի չի վերաբերում։
- Եթե բանը հասնի նրան, որ երկաթուղի կամ միջանցք պետք է անցնի Սյունիքով, պե՞տք է անպայման միջազգային փաստաթուղթ կազմվի։
- Այո, իհարկե։ Արտաքին գործերի նախարարության մասով ԱԳՆ-ն դնում է իր վիզան, գնում է վարչապետին, վարչապետը ստորագրում է, ուղարկում է ՍԴ։ Եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, եզրակացությունը գալիս-հասնում է Ազգային ժողով, և այն վավերացվում է։ Սրանով նոր մենք ստանձնում ենք պարտավորություն։
- Դա կարո՞ղ է նաև վերաբերել սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային։
- Միանշանակ։