ԱՄՆ նոր իշխանությունները որոշել են ցույց տալ, թե ով է տերը, եւ ով՝ ծառան, ով է որոշում ընդունողը, եւ ում համար են այդ որոշումները պարտադիր: Դոնալդ Թրամփը, Ջեյ Դի Վենսը, Իլոն Մասկը համարում են, որ օտար երկրների ներքաղաքական կյանքին միջամտելը նորմալ է, եւ այդ միջամտությունը կարող է լինել շատ կոպիտ, եթե այդ երկրները ռազմական եւ տնտեսական կախվածություն ունեն ԱՄՆ-ից: Դոնալդ Թրամփը Զելենսկուն անվանում է չկայացած կատակերգու՝ նրա հանրային վստահության վարկանիշը գնահատելով 4 տոկոս, Իլոն Մասկը նրան անվանում է երկրի բնակչության կողմից արհամարհված բռնապետ, որը վախենում է ընտրություններ անցկացնելուց, քանի որ արդյունքում կորցնելու է իշխանությունը: ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդհանրապես առաջ գնաց եւ Գերմանիայի իշխանություններին մեղադրանքներ ուղղեց: Ելույթ ունենալով փետրվարի 19-22-ը Վաշինգտոնում անցկացվող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում՝ Conservative Political Action Conference (CPAC), Վենսն ասել է. «Գերմանիայում հազարավոր ամերիկացի զինվորներ կան, ի՞նչ եք կարծում, ամերիկացիները կհանդուրժե՞ն, որ Գերմանիայում մարդկանց բանտ նետեն կոպիտ թվիթ հրապարակելու համար: Իհարկե՝ ոչ։ Կարծում եմ՝ եվրոպացիները մեր ընկերներն են։ Մենք ընդհանուր արժեքներ չունենք, եթե նրանք բանտ են նետում մարդկանց՝ սահմանները փակելու կոչերի, ընտրությունների չեղարկման դեմ պայքարելու համար, որովհետեւ արդյունքը ձեզ դուր չեկավ, ինչպես Ռումինիայում»:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զգացողություններ կունենայինք մենք, եթե Ռուսաստանի որեւէ պաշտոնյա հայտարարեր, թե Հայաստանում հազարավոր ռուս զինվորներ կան, եւ նրանք կարող են միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, թեկուզ ժողովրդավարական արժեքներ պաշտպանելու անվան տակ: Բայց Գերմանիայի արձագանքն առավել քան զուսպ է: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ Գերմանիայում մարդիկ ավելի վախկոտ են կամ հաճույք են ստանում Վենսի ելույթը լսելուց, իսկ Հայաստանում ապրում են ըմբոստ հայրենասերներ, որոնք նման ելույթից հետո կհարձակվեին ռազմաբազայի վրա եւ ռուսներին կվռնդեին Հայաստանից: Չնայած սա եւս անհավանական է: Գերմանացիները գիտեն, որ 1945 թվականից իրենց երկրում գտնվող ամերիկյան բանակն օկուպացիոն բանակ է, ամերիկացիներն իրենց ոչ թե ազատագրել են ֆաշիզմից, այլ օկուպացրել են իրենց երկիրը, որն այժմ գտնվում է ամերիկյան օկուպացիայի տակ, ինչը պատերազմում իրենց երկրի պարտության գինն է: Ինչպես ամեն մի օկուպացված երկիր, իրենք եւս պետք է հանդուրժեն օկուպանտներին, քանի դեռ երկիրը չի ազատագրվել:
Ինչպես ցանկացած օկուպանտ, ամերիկյան բանակը եւս իր ներկայությունը Գերմանիայում արդարացնում- փաթեթավորում է գերմանացի ժողովրդի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության անվտանգության ապահովման լավագույն ցանկություններով: Թե ումից են պաշտպանում գերմանացիներին, այնքան էլ պարզ չէ. մինչեւ 1989-ը թշնամին Խորհրդային Միությունն էր, բայց նույնիսկ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների միավորումից եւ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան զորքերը դուրս չեկան Գերմանիայից, ավելին՝ ամերիկացիները զորք մտցրին Արեւելյան Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա, մերձբալթյան երկրներ, որոնք ազատվել էին ԽՍՀՄ վերահսկողությունից, բայց դրանից անմիջապես հետո անցան ամերիկյան վերահսկողության տակ: Այդ երկրները, ինչպեսեւ Հայաստանը, իրականում ոչ թե անկախություն ստացան, ինչպես փորձում են մեզ համոզել, այլ ուղղակի մի ազդեցության գոտուց անցան մեկ այլ ազդեցության գոտի: Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, մեծ հաշվով, ատավիզմ է՝ անցյալից մնացած վերապրուկ: Ամերիկացիների համար դժվար չէր 90-ականներին ռուսներին դուրս հանել Հայաստանից, բայց քանի որ Հայաստանը նրանց տնտեսական եւ լոգիստիկ առումով չէր հետաքրքրում, այստեղ չկային նավթի, գազի մեծ պաշարներ, Հայաստանով չէին անցնում ռազմավարական կարեւորության ճանապարհներ, նրանք շահագրգռված չէին Հայաստանում զորք պահելով, իսկ ռուսներին հանելուց հետո էլ այն պետք է բաժին հասներ Թուրքիային, ինչը կնշանակեր Հայաստան պետության ոչնչացում, դրա համար թույլ տվեցին ռուսներին՝ մնալ այստեղ:
Ինչպես մենք՝ հայերս էինք համոզված, որ ռուսական ռազմաբազան այստեղ գտնվում է բացառապես մի նպատակով, որ ապահովի մեր անվտանգությունը, եւ երբ մենք շվացնենք, ռուսները վազելով գան ու մեր փոխարեն կռվեն մեր թշնամիների դեմ, մեր փոխարեն մեռնեն, խիստ հիասթափվեցինք, երբ նրանք հրաժարվեցին մեր կողմից իրենց վերապահված այդ դերից, այնպես էլ գերմանացիներն էին համոզված, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսում, որ ապահովի Գերմանիայի եւ ողջ Եվրոպա մայրցամաքի կամ առնվազն նրա այն հատվածի անվտանգությունը, որը միավորված է «Եվրոպական Միություն» անվանումով կազմավորման մեջ: Իրենք անկախ ու ինքնիշխան երկրներ են, ամերիկացիներն էլ իրենց պահապան հրեշտակներն են կամ բակի գամփռները, որ ով փորձի իրենց խաթրին կպնել, միանգամից ֆաս հրաման տան:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի անգամ Գերմանիայում`Մյունխենի անվտանգության համաժողովում, հիմա էլ ԱՄՆ-ում տեղի ունեցող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում է հայտարարում, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել, որ Եվրոպայում ձեւավորվեն իրենց համար ոչ ձեռնտու կամ իրենց քաղաքականությանը հակադրվող իշխանություններ: Եվ դա ԱՄՆ փոխնախագահն ասում է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ: Գերմանիայում անցկացված հարցումներով՝ առաջատարը Քրիստոնեա-դեմոկրատական միությունն է, իսկ երկրորդ տեղում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը վայելում է ամերիկացիների աջակցությունը: Թերեւս ամերիկացիներն ամեն ինչ կանեն, որ ԱԳՀ կուսակցությունը մաս կազմի կոալիցիոն կառավարությանը եւ ազդի երկրում կայացվող որոշումների վրա:
Քանի որ Հայաստանն ամերիկյան ազդեցության տարածք է, կասկած չկա, որ մի օր ամերիկացիներն անդրադառնալու են նաեւ ՀՀ իշխանություններին: Փաշինյանը գիտի, որ իր իշխանությանը սպառնացող վտանգը Մոսկվայից կամ որեւէ այլ մայրաքաղաքից չէ, այլ Վաշինգտոնից է: Միացյալ Նահանգներն առաջիկայում այստեղ կարող է դեսպան փոխել, իսկ նոր դեսպանը կարող է աչք փակել Փաշինյանի վայրագությունների նկատմամբ, հանուն Փաշինյանի իշխանության՝ հրապարակային սաստել ընդդիմությանը: Մենք ամենեւին հույս չենք կապում ԱՄՆ-ի հետ եւ չենք ասում, որ ԱՄՆ նոր իշխանությունները շահագրգռված են լինելու, որ Հայաստանում իշխանության գան ազգային կամ երկրի շահերով առաջնորդվող առաջնորդներ: Բայց այն, որ Հայաստանում կառավարող հակազգային եւ հակապետական, լիբերալ-ֆաշիստական խունտան կորցնելու է իր հիմնական արտաքին հովանավորին, արդեն իսկ հուսադրող է: