Նախընտրական թմբիրից հետընտրական հուն մտնող երկրում կադրային նշանակումներին զուգահեռ՝ իշխանությունները կամաց-կամաց սկսել են խոսել պատվաստվելու անհրաժեշտության մասին։ Նշանաբանը՝ մենք պատվաստվել ենք, իսկ դո՞ւք։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, օրինակ, գրել էր․ «Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ պատվաստանյութ է ստացել բնակչության ընդամենը 2%-ը։ Այս ցուցանիշով զիջում ենք գրեթե բոլորին: Խնդրում եմ պատվաստվեք։ Ես արդեն պատվաստվել եմ»։ Միտումը համաշխարհային է, եւ տարբեր երկրներում առաջին դեմքերը բնակչությունից խնդրում են, հորդորում, պահանջում՝ պատվաստվել։ Եվրոպան էլ կարծես թե հրապուրում է իր սահմանները պատվաստվածների համար բացելու խոստումով։
Նախ, պատվաստված բնակչության 2 տոկոսին դիտարկենք բացարձակ թվերով։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 01.07.2021թ. դրությամբ կատարվել է 85 հազար 71 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 64 հազար 510։ Երկրորդ դեղաչափ՝ 2 հազար 561։ Հայաստանում, ինչպես հայտնի է, 3 տեսակի պատվաստանյութ է օգտագործվում․ «Սպուտնիկ V», «Աստրազենեկա» եւ «Կորոնավակ»։
Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանից, հաշվի առնելով, որ երկիր առաջինը մտել է «Աստրազենեկան», եւ դրանով պատվաստումները սկսվել են այս տարվա ապրիլի 13-ից, ՀՀ քաղաքացիներն ավելի շատ «Աստրազենեկա»-ով են պատվաստվել՝ 1,5 անգամ ավել։ Բայց պահանջարկը 3 պատվաստանյութերի դեպքում գրեթե նույնն է․ «Նրանք, ովքեր շրջագայում են եւ նպատակ են հետապնդում Եվրոպա գնալու, գլուխ են ջարդում «Աստրազենեկայի» համար, էն մարդիկ, որոնք Չինաստանի հետ կապեր ու հարաբերություններ ունեն, նաեւ՝ բիզնեսի, նախընտրում են «Կորոնավակը», ՌԴ գնացողներն էլ՝ «Սպուտնիկ V»»։
Հիշեցնենք, որ Եվրոպան (ի դեպ՝ նաեւ Վրաստանը) ռուսական դեղամիջոցով պատվաստված մարդկանց չի ընդունում։
Հուլիսի 1-ի դրությամբ հետեւյալ վիճակագրությունն է․ 85 հազար 71 ընդհանուր դեղաչափից 1-ին դեղաչափի 64 հազար 510-ից 29 հազար 816-ը «Աստրազենեկա» է, 15 հազար 111-ը՝ «Կորոնավակ», 19 հազար 673-ը՝ «Սպուտնիկ»։ Գրանցվել է պատվաստումներ անելու աճ․ եթե 15 օր առաջ արձանագրվել է օրական միջինը 15 հազար պատվաստում, այսօր այդ ցուցանիշը 2900-3000 է։ Գայանե Սահակյանի հավաստիացմամբ՝ նշված 85 հազար 71 դեղաչափերի ներարկումներից հետո որեւէ անձի մոտ մահվան դեպք կամ հոսպիտալացման անհրաժեշտություն չի արձանագրվել․ արձանագրվել են սպասելի ռեակցիաներ, բացառությամբ մեկ հոգու, որի մոտ գրանցվել է անաֆիլակտիկ շոկանման ռեակցիա՝ ճնշման բարձրացում եւ շնչառության դժվարացում։ «Անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, եւ 40 րոպե հետո կարգավորվել էր, տուն էր գնացել»,- պատմեց Գայանե Սահակյանը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքերին, ապա համաճարակաբանի խոսքով՝ արդեն այս պահի դրությամբ կա աճման միտում։ Վերջին շրջանում հիվանդության ցուցանիշն իջած է եղել 0․03-0,4, այսօր արդեն 1․29 է։ «Ու դրան համապատասխան, դեպքերն էլ աճել են․ եթե նախկինում օրական գրանցվում էր 30-40 դեպք ողջ հանրապետությունով մեկ, հիմա արդեն գրանցվում է մինչեւ 130։ Այսինքն՝ դանդաղ տեմպերով աճ կա, բայց կգա մի պահ, որ կտրուկ, երկրաչափական պրոգրեսիայով շատ արագ աճեր կունենանք։ Ասենք՝ այս նույն 120-ը 7 օրից կդառնա 253, 253-ը մի 7 օրից՝ 500, էլի մի 7 օրից հետո՝ 1200-1500»։
Հնդկական խիստ վտանգավոր եւ 90 անգամ ավելի վարակիչ «Դելտա» շտամի՝ Հայաստանում առկայության մասին ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալն այս պահին որեւէ բան չի կարող ասել՝ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, ամփոփելուց հետո կհայտնեն։ Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի տվյալներով՝ ախտահարվածների 10-20 տոկոսը վարակված է հնդկական տեսակով։
Հարց․ արդյոք գիտականորեն ապացուցվա՞ծ է համարվում, որ պատվաստումը կարող է կանխարգելել հիվանդացությունը «Դելտա» շտամից։ Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստումները հատկապես էֆեկտիվ են մահվան ու ծանր դեպքերի կանխման առումով։ «Եթե ինչ-ինչ պատճառով արդյունավետությունն ընկնի, համենայնդեպս, այս պահի դրությամբ «Դելտա» շտամի նկատմամբ նկատվել է, որ արդյունավետությունը պահպանել են։ Եվ եթե նախկինում հիվանդությունն անցնում էր աննշան, ապա կարող են հիվանդությունն ուղղակի ոտքի վրա տանել։ Բայց հաստատ չեն հոսպիտալացվի եւ, վերջապես՝ հաստատ չեն մահանա»։