Երեւանի կենտրոնում իրականացվող ծառահատումները շարունակում են կրքեր բորբոքել թե՛ քաղաքացիների, թե՛ մասնագետների շրջանում:
Ամռանն ընդառաջ քաղաքապետարանը հատում է հաստաբուն ծառերը՝ դրանք փոխարինելով նոր տնկիներով, որոնք ստվեր չեն ապահովելու այնպես, ինչպես հին ծառերի դեպքում էր։ Չնայած այս ակնհայտ էկոցիդին, Երեւանի քաղաքապետարանը դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր, որ երեւանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը։ Իսկ թե որ ծառերն են կենսունակ կամ ոչ կենսունակ, դրա մասնագիտական հիմնավորումը տվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդը, որի գիտական հեղինակությունն ու անաչառությունն այս օրերին կասկածի տակ դրվեցին շատերի կողմից: Նկատենք, որ առաջիկայում, Թումանյան փողոցից բացի, կփոխարինվեն նաեւ Բագրատունյաց պողոտայի, Մելիք Ադամյան, Ալեք Մանուկյան փողոցների ծառերը։ Նախատեսվում է տնկել շուրջ հազար ծառ, իսկ տնկվելու են օճառածառ, կատալպա գնդաձեւ, սոֆորա ճապոնական, կելրեյթերիա հուրանավոր, ալբիցիա լենքորանյան եւ այլ ծառատեսակներ։
Կենսաբան, դենդրոլոգ, ԵՊՀ դասախոս Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով քաղաքապետարանի այն պնդմանը, որ միայն կենսունակությունը կորցրած ծառերն են հեռացվում, նկատում է, որ ծառերի կենսունակությունը որոշելու համար 21-րդ դարում կան համապատասխան գործիքներ` ժամանակակից սարքեր, որոնց միջոցով կարելի է հասկանալ ու պարզել` ծառը կենսունա՞կ է, թե՞ ոչ: Այլ կերպ ասած՝ որպեսզի մասնագետների եզրահանգումը վիզուալ չարվի, կան հատուկ գործիքներ։ «Երբ ամեն ինչ հիմնավորված է լինում սարքերի ստացած արդյունքներով, մարդկանց էլ կարելի է ավելի մատչելի ու փաստավորված ներկայացնել արդյունքները, որ այս ծառի դեպքում կենսունակության անկում կամ տապալման վտանգ կա, որովհետեւ իրականում մեր քաղաքում ունենք այդպիսի ծառեր, որոնց դեպքում տապալման վտանգ կա, մի քանի նման դեպքի վերջին տարիներին ականատես եղանք: Այսինքն՝ այդ ամեն ինչը կարելի է կազմակերպել ոչ թե 1-2 ակնադիտական զննումով, որից հետո եզրակացություն տալ, այլ կոնկրետ, հստակ փաստավորված գործիքակազմով: Ընդ որում, չեմ կարծում, որ այդ գործիքակազմը թանկ հաճույք է Երեւանի համար, ադեկվատ գներ են, ավելին` դրա մասին բարձրաձայնվել է դեռ անցած տարի, եւ եթե ձեռք բերեին այդ սարքերը, հիմա արդեն կունենային այդ գործիքակազմը, իրենց հետազոտությունները կանեին ու ավելի ադեկվատ մոտեցում կցուցաբերեին ծառահատումներին»,- ասում է Տ. Հայրապետյանն ու ընդգծում, որ այդ ժամանակակից սարքերի ձեռքբերումը կբացառեր որեւէ սուբյեկտիվ որոշում ծառահատումների հարցում:
Ըստ նրա՝ մի քանի տեսակի սարքեր կան, որոնք միաժամանակ պատասխանում են մի շարք տարբեր հարցերի։ «Որովհետեւ, օրինակ, սոսիի միջուկը կարող է փտած լինել, բայց ծառն ինքն իրենով այնքան մեծ ամրություն ունենա, որ նույնիսկ ուժեղ քամիների ժամանակ չտապալվի, իսկ, օրինակ, եթե բարդու միջուկը փտած լինի, ուժեղ քամուց տապալման վտանգի առաջ կկանգնի: Այսինքն՝ այս բոլոր հարցերը կարելի էր գիտությունով պարզել, հասկանալ ու ըստ դրա քայլեր անել»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ ինքը դեմ չէ ծառերի փոխարինմանը, բայց այդ ամեն ինչը պետք է լինի հիմնավորված եւ գրագետ:
Այն ծառատեսակները, որոնցով փոխարինում են այս օրերին Երեւանի մի շարք փողոցների հաստաբուն ծառերը, արդյոք վաղը, մյուս օրը քաղաքում կապահովե՞ն թթվածին, ստվեր կամ՝ կպաշտպանե՞ն փուշուց, աղմուկից։ «Այն օրը մոտեցա ու տեսա, որ Սայաթ-Նովայի ծառերը սոսիներով են փոխարինում, որոնք բավականին մեծ սաղարթ ունեն, բայց դանդաղ են աճում ու երբ հասնեն իրենց նորմալ տարիքին, բավականաչափ օգուտ կբերեն քաղաքին, բայց դա արդեն ժամանակի հարց է»,- նշում է Հայրապետյանն ու դժվարանում ասել, թե ծառահատումների հարցում ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում քաղաքապետարանը: Չի բացառում՝ գուցե ուզում են լավ բան անել, բայց արդյունքում ստացվում է «ինչպես միշտ» տարբերակը։
«Կարծում եմ` պետք է ավելի լուրջ ու մասնագիտական մոտենալ նաեւ ծառատեսակների ընտրության հարցին, հեռացնել բարձրահասակ սաղարթախիտ ծառերը, որոնք ունեն որոշակի ֆունկցիա, ու դա փոխարինել մեկ այլ ծառով, որը ցածրահասակ է եւ չի ապահովում այն ֆունկցիաները, որ նրանք էին ապահովում` նույն փոշու կլանման, թթվածնի հարստացման տեսանկյունից, այսինքն՝ ֆունկցիոնալ անհրաժեշտ ծառերը փոխարինել զուտ գեղագիտական ծառերով` ես դա չեմ ընդունում: Եթե քաղաքում կա կանաչապատում, դա պետք է ունենա որոշակի հստակ ֆունկցիա: Կան բազմաթիվ հետազոտություններ, որ այդ սաղարթախիտ ծառերն ապահովում են նաեւ այդ տարածքի ջերմային կարգավորումը, այսինքն՝ եթե տարածքում կա ծառ, այդ փողոցը շատ ավելի հով է, ջերմային գործոնն ավելի ցածր է, դա նորություն չէ, իսկ փոքրիկ կիսածառային-թփային գոյացությունները, որոնք սաղարթ չեն ապահովելու եւ զուտ գեղագիտական նշանակություն ունեն` ճիշտ լուծում չեն»:
Այս ծառահատումներն ինչպե՞ս կանդրադառնան Երեւանի բնակլիմայական միջավայրի վրա, լինի դա բնապահպանական, առողջապահական, թե այլ առումներով։ «Արդեն, անկախ այդ ծառերից, բնակլիմայական փոփոխություններ կան, ունենք այդ տաքացման ֆոնը, Երեւանն էլ կիսաանապատային գոտում է: Ո՞րն է խնդիրը` կանաչապատումը կենտրոնական մասում հիմնականում արհեստական է եղել, նույնը՝ Խորհրդային Միության ժամանակ, արհեստական ճանապարհով, որոշակի նպատակով տնկվել են ծառեր, որոնք հիմա հատելու ենք ու նորից բերենք նախկին չոր, կիսաանապատային վիճակները: Այսինքն՝ մենք հաստատ կզգանք այդ տարբերությունը։ Երբ փողոցով քայլելիս օգոստոսյան այդ շոգ օրերին թաքնվելու ստվեր չենք գտնի մի քանի տարի, դա՝ հաստատ, բայց ինչ վերաբերում է ընդհանուր փոփոխություններին, ապա միանշանակ կազդեն` փոշու տեսանկյունից, որովհետեւ նույն այդ թեղիները փոշի կլանող ուժեղ տեսակ էին, ըստ այդմ՝ նաեւ փոշու քանակը կավելանա քաղաքում, ջերմային ֆոնը կբարձրանա, գուցե արտանետումների քանակն ավելանա, որովհետեւ այդ կլանող մակերեսը բացակայելու է»:
Աշխարհում, եվրոպական երկրներում թե ինչ սկզբունքով եւ մեթոդներով են լուծվում ծառահատման հարցերը, որպեսզի քաղաքի փողոցները կանաչից չզրկվեն, զրուցակիցս ասում է. «2 մոտեցում կա. առաջինի մասին արդեն խոսեցի, որ դա արվում է հատուկ գործիքակազմով` սարքերով, իսկ այն կառույցը, որ արտադրում է այդ գործիքները, Գերմանիայի բոլոր քաղաքներն արդեն ունեն կատալոգ, որտեղ քարտեզագրվել են բոլոր ծառերը։ Այսինքն՝ իրենք գիտեն, թե որտեղ ինչ ծառեր կան` ինչ կենսունակությամբ, եւ եթե կա փոխարինման անհրաժեշտություն, միանշանակ՝ փոխարինում են: Դեռեւս Խորհրդային Միության ժամանակ, երբ անհրաժեշտ էր լինում ծառատունկ անել եւ փոխարինել դրանք նորերով, ապա դրանք դարձյալ փոխարինվում էին տարիքով մեծ, սաղարթախիտ ծառերով, այսինքն՝ կար մշակված մեթոդ, թե նույնիսկ 50-ամյա կաղնին ինչպես տեղափոխել մեկ այլ վայր, որ կպնի ու աճի։
Իհարկե, դա թանկ մեթոդ է եւ մեծ ծախսեր է պահանջում, քան երիտասարդ ծառեր տնկելը: Եվրոպայում նաեւ այսօր էլ կա այդ փորձը, որ մեծ ծառերը տեղափոխում են, բայց դրանք թանկ հաճույք են: Կարող է ֆինանսական տեսանկյունից ձեռնտու է բոլոր փողոցների ծառերը միանգամից հատել եւ փոխարինել նորերով, բայց, իմ համոզմամբ, պետք էր դա աստիճանաբար անել, այսինքն՝ գոնե ամեն հաջորդը հատվեր` փոխարինվեր։ Այդպես նախ կտեսնեինք, թե այդ տնկիները, որ ձեռք են բերվել, ինչ կպչողունակություն ունեն, որքան տոկոսն է կպչում, 1-2 տարում կարձանագրեինք, թե ինչ աճ են ունենում այդ պայմաններում, բավականացնո՞ւմ է դա, թե՞ ոչ, հետո արդեն կհեռացնեինք մնացածը: Բացի այդ, հանրային նման մեծ արձագանք չէր առաջացնի դա, հատկապես եթե նաեւ հիմնավորված լիներ, եւ այսպիսի կտրուկ փոփոխություններ էլ չէին լինի: Հիմա, օրինակ, Սայաթ-Նովայի ու Ալեք Մանուկյանի մի հսկայական հատված ամբողջովին ստվերից զուրկ է, եթե ուզենաք ամառվա շոգին ստվեր գտնել, չեք գտնի»:
Մեկ այլ մասնագիտական խնդիր է թռչունների հարցը, քանի որ հատված ծառերի վրա կային թռչունների բազմաթիվ բներ, այս մոտեցումը վնասում է ոչ միայն ծառերը, այլեւ տարբեր թռչնատեսակներին, քանի որ այն թռչնատեսակները, որոնք քաղաքի ծառերի վրա կարող էին բնադրել, այլեւս զրկված են լինելու այդ հնարավորությունից: