ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ինքնագովազդն է արել՝ տեսանյութում ցույց տալով «Հայոց պատմության» հատորներից մեկը: Իհարկե, գովելի է, որ ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը: Բայց երբ խոսում է պատմության դասերը սերտելուց, աչքիս՝ չի գիտակցում, թե ինչ է դա նշանակում: Որովհետեւ այդ դեպքում իր 8-ամյա կառավարման արդյունքը չպետք է լիներ այդքան ողբերգական, ու այն չի դադարում այդպիսին լինելուց՝ անգամ եթե անընդհատ հայտարարի, թե Հայաստանն այսօր «զարգացման, ոչ թե գոյատեւման օրակարգի մեջ» է։ Մեկ-մեկ մտածում ես, որ հայերեն գրող կամ խոսող մարդը չի ընկալում իր օգտագործած բառերի իմաստը: Ինչպե՞ս կարելի է զարգացում անվանել այն իրավիճակը, երբ մի ողջ պետություն գերի է թշնամու ձեռքին: Ու այդ պետության ղեկավարն էլ շարունակ կատարում է այն, ինչ պահանջում են թշնամի երկրի մայրաքաղաքից: Էլ չասած, որ նրան ծաղրում են ու ստորացնում նույն մայրաքաղաքում ու նրա միջոցով՝ մեր ողջ ժողովրդին:
Թշնամական պահանջների կատարման օրինակները բազմաթիվ են՝ տարածքների եւ այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» կորուստ, Սահմանադրության փոփոխության եւ «թուրանական ջուր խմելու» պատրաստակամություն, հայոց եկեղեցու դեմ պատերազմի նախաձեռնում եւ այլն, եւ այլն: Չբավարարվելով մեկի՝ արեւելքից թշնամու պահանջները կատարելով, կատարում է նաեւ նրա արյունակից եղբոր պահանջները՝ ստիպելով մոռացության մատնել Արարատ լեռն եւ ցեղասպանությունը: Այսինքն, հայոց ինքնությանն ուղղված գործունեություն է իրականացնում: Չգիտեմ, եթե դա «իրական» Հայաստանի զարգացումն է, ապա ո՞րն է գոյատեւումը: Երեւի դա էլ կլինի այն, որ Հայաստանը լցվի «արեւմտյան» ադրբեջանցիներով ու մի քանի սերունդ անց դադարի գոյություն ունենալուց՝ որպես պետություն:
Այնպես որ, եթե պատմության դասերը սերտելը հանգեցնում է նման արհավիրքների, ապա ավելի լավ չէ՞ր լինի, եթե վարչապետի պաշտոնը գրաված անձը զբաղվեր իր անմիջական պարտականությունների կատարմամբ, ոչ թե հայոց պատմություն ուսումնասիրելով կամ հարվածային գործիքներ զարկելով: Ինչպես նաեւ՝ ոչ թե «իրական Հայաստանի» ցնորամիտ գաղափարախոսություն մոգոնելով, այլ դեռեւս գոյություն ունեցող իսկական Հայաստանի տնտեսությունը զարգացնելով ու անվտանգությունն ամրապնդելով: Ու եթե ընդունակ լիներ տեսնելու, որ իր ասած զարգացումը «կյանքի է կոչվում» միայն խոսքի մակարդակում, ապա հրաժարական ներկայացնելու ուժ գտներ իր մեջ, հատկապես՝ այն ժամանակ, երբ ասվում էր, որ ինքնակամ հեռանալու դեպքում նրան պատասխանատվության չեն ենթարկի: Բայց ինքն այդքան քաջություն չգտավ իր մեջ, թեեւ իշխանության զավթումը սկսել էր «դուխով» գլխարկով: Քանի որ իր թիկունքին էր զգում սկզբում՝ Ռուսաստանի, այնուհետեւ՝ Եվրոպայի ու վերջում՝ Միացյալ Նահանգների աջակցությունը, նրա «քաջությունը» դրսեւորվեց սեփական ազգի, նրա ինքնության ու պատմության դեմ պատերազմ նախաձեռնելու մեջ, այս անգամ էլ՝ պաշտպանված ոստիկանական պատերով, ԱԱԾ-ի ու քննչականնների հետապնդումներով, դատախազության ու դատարանների որոշումներով:
«Լավ եղեք»,- տեսանյութի վերջում ասում է Նիկոլը: Նրա դիրքում գտնվող մեկ այլ՝ ադեկվատ անձը կհասկանար` որպեսզի ժողովուրդն իր ամբողջության մեջ լավ լինի, ինքը պետք է լքի վարչապետի պաշտոնը, որովհետեւ չեն կարող մարդիկ լավ լինել, եթե վստահ չեն վաղվա օրվա նկատմամբ: Եթե վստահ չեն, որ այսօրվա Չպատերազմը, որը պայմանավորված է հայատյաց թշնամու քմահաճույքով, վաղը հենց նույն այդ քմահաճույքով չի փոխվելու պատերազմի կամ էլ՝ պարտադրանքի, որպեսզի ապահովվի Ղարաբաղյան շարժումով պայմանավորված՝ 30 տարի առաջ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ մեկ-երկու սերունդ անց Հայաստանի Ազգային ժողովը կկոչվի «Միլի մեջլիս»: Իսկ եւս մեկ-երկու սերունդ անց «հայաստանյան միլի մեջլիսը» կներառվի ադրբեջանականի կազմում: Ու աշխարհի քաղաքական քարտեզից կվերանա «Հայաստան» անվանումը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, վարչապետի պաշտոնից պետք է հեռանա անապագա ապագայի այդ պատկերի մեղավորը՝ Փաշինյան Նիկոլը: