Մտորումներս սկսվեցին, երբ կարդացի Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը․
«Աշխատանքային օրը կարելի է սկսել լավ երաժշտությամբ։ Ռուբեն Հախվերդյանի այս երգը մեր սիրելի մայրիկների, տատիկների, հորաքույրների, մորքույրների մասին է։ Լավ օր բոլորիդ» (մորքույրներ բառի սխալը՝ Փաշինյանինն է)։
Առաջին հայացքից սա ապահովության պատրանք է ստեղծում․ տեսե՛ք, երկիրը ինչ հանգիստ ու անվտանգ է, որ նույնիսկ գերագույն հրամանատարն առավոտը սկսում է երգով ու ուրախ տրամադրությամբ։ Բայց սա՝ մի կողմ։
Հիշենք, որ դեռ 44-օրյա պատերազմի նախօրեին հենց Ռուբեն Հախվերդյանն էր ասում․
«Ես ուրախ եմ Նիկոլ Փաշինյանի պնդաճակատությունից, որ մինչև վերջ իր գիծը տանում է, բայց չեմ հասկանում, թե ինչու են այդքան մարդիկ դրսում, երբ ներսում պիտի լինեին»։
Այս խոսքերից արդեն երևում էր՝ երգահանի հավատը Փաշինյանի հանդեպ լիովին անսասան չէր։ Կասկածի որդն արդեն տանջում էր նրան։ Ասում էր նաև․
«Ինձ թվում է՝ ինքը խելացի մարդկանցով շրջապատված չէ, և ինքը նույնպես առանձնապես խելացի մեկը չէ․ սովորական միջակ լրագրող էր։ Ինչ-որ բան ուզում էր փոխել, և ես իսկապես հավատում եմ, որ նա ուզում է փոխել երկիրը դեպի լավը, բայց դե չի կարողանում անել»։
Այս ամենի ֆոնին այսօր հարց է ծագում․ Փաշինյանը իր աշխատանքային օրը սկսում է հենց Հախվերդյանի երգով։ Իսկ ինքը՝ երգահանը, այսօր էլ ուրախ կլինե՞ր Փաշինյանի պնդաճակատությունից, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին, իսկ վարչապետը պետական լծակներին ապավինելով չի թողնում աթոռը։
Այսօր Ռուբեն Հախվերդյանի ուրախությունը ո՞ր ուղղությամբ է․ Նիկոլ Փաշինյանի համառության, թե՞ գահավիժող երկրի համար։