Քաղաքականություն

Կոչ են անում, «պարտադրում»...

Կոչ են անում, «պարտադրում»...

Մեջբերումներ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից. «Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում: Կանադան պետական մակարդակով շարունակում է կոչ անել, որ Արցախյան հակամարտությունը ավարտված չէ և կարիք ունի բանակցային քաղաքական լուծման, որը պետք է հիմնված լինի Արցախյան ժողովուրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա»։ Նաև մեկ այլ մեջբերում. «COP29-ին մասնակցող Բելգիացի քաղաքական գործիչները կոչ են անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ: Նրանք նաև պարտադրել են ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատում, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության իրականացում Արցախում»:

Կարծում եմ, որ նախորդ նախադասությունում առկա է թարգմանական սխալ՝ քաղաքական գործիչները չեն կարող պարտադրել: Նրանք շատ-շատ կարող են պահանջել: Կամ էլ, եթե թարգմանությունը ճշգրիտ է, վերջիններս չեն կարողացել տարբերակում դնել պահանջի ու պարտադրանքի միջև: Ինչևէ, մամուլում առկա են նմանատիպ բազմաթիվ կոչեր ու պահանջներ: Սակայն, հասկանալի է, որ դրանք որևէ ազդեցություն գործել չեն կարող: Ու, ըստ այդմ, չունեն կիրառական որևէ արժեք: Որովհետև արևելյան բռնակալի վրա ազդում են ոչ թե կոչերով, այլ շատ կոնկրետ գործողություններով՝ տնտեսական թե ռազմական: Ինչևէ, այդ բոլոր կոչերն ինձ հիշեցրին նախորդ տարվա սեպտեմբերյան կոչերը, երբ ադրբեջանական զինուժը չորս կողմից հարձակվելով Պաշտպանական բանակի վրա՝ Արցախի ղեկավարությանը ստիպեց ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիր: Ինչն, ի դեպ, իր վրա ծանր էր նստել. ռազմական բլոգերներից մեկի ասելով, արցախցի զինվորները երկու օր հերոսական մարտեր են մղել ամեն ինչով գերակշռող թշնամու դեմ: Չնայած, ճշմարիտն ասած, արևելյան բռնապետը թքած ունի զոհերի քանակի վրա՝ կսպանվեն 20, թե 200 զինվոր. ընդամենը զոհերի թիվը պակաս կներկայացնի: 

Ինչևէ, վերադառնալով արևմտյան կոչերին, պետք է արձանագրենք, որ դրանց հիման վրա ո՛չ արցախցիները կվերադառնան իրենց բնակավայրերը և ո՛չ էլ կպահպանվի հայկական մշակութային ժառանգությունն  Արցախում: Նրանք փորձում են ընդամենը դեմք պահպանել՝ ցավոք: Ու դա իրենք էլ են գիտակցում: Բայց դե, ինչպես ասվում է, այդպիսին են խաղի կանոնները: Եվ եթե այդ հանգամանքին հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հասկանալով, որ պատերազմում պարտված կողմը ընտրության հնարավորություն կամ, տվյալ դեպքում, որոշիչ ձայն ունենալ չի կարող: Սակայն չենք կարող նույն մոտեցումն ունենալ ինքնիշխան կոչված Հայաստանի իշխանության մոտեցմանը: Որը թքած ունի թե՛ Արցախի, թե՛ արցախցիների վերադարձի և թե՛ մշակութային ժառանգության պաշտպանության հարցի վրա: Ճիշտ այնպես, ինչպես թշնամի երկրի բռնապետն է վերաբերում իր ժողովրդին: Թեև կասկածում եմ, որ վերջինիս վերաբերմունքը շատ ավելի գերադասելի է, քան այն, ինչ առկա է հայաստանյան  «ժողովրդավարության բաստիոնում»:

Ինչպես չհիշես Ալեքսանդր 2-րդի ժամանակաշրջանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Գորչակովի գործունեությունը: Թիկունքին ունենալով հայրենասեր ինքնակալի աջակցությունը՝ իշխան Գորչակովը կարողացավ չեզոքացվել 1853-56 թթ.-ի Ղրիմի պատերազմի պարտության հետևանքները: Իսկ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունն ամեն ինչ անում է ոչ թե 44-օրյա պատերազմի հետևանքները վերացնելու առումով, այլ չեղարկելու Արցախյան հաղթական պատերազմի արդյունքները: Պարտության հիման վրա կերտելով, այսպես կոչված, իրական Հայաստանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image