Տիգրան Ավինյանի հրամանով, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանին եւ բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում։ Հարցը համարվել է անհետաձգելի եւ ներկայացվել է ավագանու այսօրվա նիստում` քննարկման, իսկ կոչումները կշնորհվեն Երեւանի 2806-ամյակի շրջանակներում։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է գրականագետ, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի հետ:
- Պարոն Էդոյան, արդեն որպես պատվավոր երեւանցու դիրքերից` ի՞նչ կասեք այսօրվա եւ երեկվա Երեւանի մասին: Ի՞նչ է փոխվել մայրաքաղաքում, երբ նայում եք տարիների հեռվից:
- Անզեն աչքով էլ երեւում է, թե որքան շատ բան է փոխվել: Հին Երեւանից ի՞նչ է մնացել, ոչ մի բան, ամեն ինչ փոխվել է: Լավ ու վատ կողմերով հանդերձ, մեր քաղաքը շատ է փոխվել:
- Եկեք խոսենք լավ ու վատ փոփոխությունների մասին:
- Շատ բան է փոխվել դեպի վատը, լավ փոփոխություններ էլ կան: Վատն այն է, որ քաղաքում այսքան լավ շենքեր են հանիրավի քանդվել, տեղը նոր շենքեր կառուցվել: Պետք է հին` արժեքավոր շենքերը պահել, կանաչը ժամանակին շատ-շատ էր, հիմա այնքան քիչ է, մյուս կողմից էլ՝ նոր փողոցներ են սարքել, բավականին շատ բաներ էլ լավացել են: Բոլորս էլ տեսնում ենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերը: Բայց, ամեն դեպքում, Երեւանը հիմա ավելի շատ է քաղաք դարձել:
- Բարձրագույն ուսումնական հաստատությունները ցանկանում են Երեւանից տանել Աշտարակ՝ Աշտարակի մերձակայքում ակադեմիական քաղաք կառուցելով: Կո՞ղմ եք իշխանությունների այս ցանկությանը:
- Շատ դեմ եմ դրան, թեպետ այդ հարցը քաղաքային իշխանության տիրույթում չէ, բայց ուսանողությունը շատ կարեւոր է մեր քաղաքի համար: Էլ ի՞նչ քաղաք, որ ուսանողություն եւ բուհեր չունենա, պետք է քաղաքին երիտասարդությունը գույն տա, աշխուժություն մտցնի, շարժ, կենդանություն: Առանց բուհերի չկա աշխարհում ոչ մի զարգացած քաղաք: Երեւանը կլինի առաջին եւ, կարծում եմ, վերջին քաղաքը, որը չի ունենա բուհեր: Վատ չէ, եթե առանձին նման քաղաք սարքեն, թող դա էլ լինի, բայց այն, ինչը կա, պետք է մնա: Չի կարելի բուհերին ձեռք տալ:
- Քաղաքապետն ասաց, որ հունվարից կթանկանա նաեւ հանրային տրանսպորտը:
- Դե, գները նույնը մնալ չեն կարող, կենցաղը փոխվում է, գներն էլ` կենցաղի հետ: Տրանսպորտի գների թանկացումը կապված է դրա հետ: Այդ մասին ավելի լավ կխոսեն տնտեսագետները:
- Քաղաքում շարունակ ծառահատումներ են իրականացվում:
- Շատ վատ բան է: Սխալ է, ամենածայրահեղ վատ բաներից մեկը ծառահատումներն են, կանաչ տարածությունը Երեւանին շատ է պետք: Օրինակ` Թբիլիսին զարմացնում է իր կանաչով, այնքան շատ կանաչապատ այգիներ կան այնտեղ, Երեւանն էլ էր մի ժամանակ կանաչով այդքան հարուստ, հիմա, ցավոք, այդպես չէ: Նոր շինությունները, փաստորեն, կանաչապատման հաշվին են սարքում:
- Իսկ ինչպե՞ս եւ ո՞վ որոշեց Ձեզ պատվավոր երեւանցու կոչում շնորհել: Ի դեպ` շնորհավորում եմ:
- Ես հենց նոր` տասը րոպե առաջ իմացա: Սյուրպրիզ, սյուրպրիզ, նոր խորհրդակցության էի, տղաներից մեկը մտավ ու ասաց` պարոն Էդոյան, շնորհավորում եմ, զարմացա, ասացի` ինչո՞ւ, ասաց, որ կոչման եմ արժանացել: Վիքիպեդիայից անունս հանել էին, հիմա էլ, հավանաբար, ցանկացել են մի լավ բան անել, նման սյուրպրիզ են արել: