Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» հեշթեգի շրջանակներում պարբերաբար կառավարական ամառանոց է հրավիրում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց եւ «կրթում»: Հիմա էլ որոշել է լրագրողներին ու խմբագիրներին «կրթել»: Անցած ուրբաթ օրը մի շարք լրատվամիջոցներ նամակ էին ստացել Աննա Հակոբյանի անունից, որ դեկտեմբերի 26-ին առավոտ կանուխ` ժամը 08:50-ին, ներկայանան Պռոշյան փողոց` իր հետ հանդիպման: Անգամ հումոր շրջանառվեց, որ այդ ժամին միայն խաշ ուտելու են գնում:
Հրավերը ստանալուց հետո որոշ խմբագիրներ անմիջապես մերժեցին հրավերը, մյուսները` համացանցում գրառումներ արեցին, օրինակ, Անտիֆեյք կայքի խմբագիրներն առաջարկեցին, որ Աննա Հակոբյանն իրենց եթեր հյուր գնա: Երեւան.թըդեյի խմբագիրը հարց էր ուղղել, թե` ինչու է հրավիրում` ուզում է կրթե՞լ, թե՞ կրթվել:
Մենք տեղեկացանք, որ բազմաթիվ հայտնի ու անհայտ լրատվամիջոցների են հրավերն ուղարկել: Ընդդիմադիր և ազատ լրատվամիջոցները չեն էլ պատրաստվում ընդունել այդ հրավերը, բայց դրանց որոշ մասը պատրաստվում է ընդունել: Չնայած Աննա Հակոբյանի վերջին գրառումները ուղղակի տեղ չեն թողնում, որ որեւէ իրեն հարգող անձ գնա այդ հանդիպումներին մասնակցելու: Նա իր վերջին գրառումներում մեջբերումներ է արել իրեն ուղղված մեղադրանքներից եւ մեծամտաբար նշել` «կրթելը նորաձև է» արշավի նպատակը այս մարդկանց «տգիտության ճիրաններից ազատագրելն ու հանդարտեցնելն է»: Մինչ Աննա Հակոբյանը փորձում է այլոց կրթել, նրա վարչապետ ամուսինը ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ «բացօթյա» բառում ուղղագրական սխալ է անում` գրելով «բացօդյա»: Օգտատերերը դիտողություն էին արել չափազանց «կիրթ» վարչապետին, որը նաև երկար տարիներ գլխավոր խմբագիր է եղել, և վերջինս ուղղել էր իր սխալը:
«Հրապարակ»-ը որոշ ԶԼՄ-ներից հետաքրքրվեց` մասնակցելո՞ւ են արդյոք Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը, թույլ տալո՞ւ են, որպեսզի Հակոբյանը կրթի իրենց: Մենք զանգահարեցինք «Ժովողուրդ» օրաթերթի խմբագրություն: Armlur.am կայքի թողարկող պատասխանատու Սոնա Գրիգորյանը մեր հացրին ի պատասխան, թե ընդունելու՞ են Աննա Հակոբյանի հետ հրավերը, ասաց. «Այո, Աննա Հակոբյանի հրավերը ստացել ենք և շատ անակնկալ էր, քանի որ այս 6 տարիների ընթացքում երբեք չենք ստացել նման հրավեր: Ու քանի առաջին անգամ ենք ստանում, ներկա գտնվելու հարցը չենք որոշել, դեռ քննարկում ենք մասնակցելու նպատակահարմարությանհարցը»:
24 նյուզի տնօրեն Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավեր ստացել են, սակայն որևէ կերպ չեն պատրաստվում մասնակցել դրան: Նյուզ էյէմ-ից, Ասեկոսե էյէմ-ից նույնպես մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն մասնակցելու Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը: asekose.am կայքի խմբագիր Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի հրավեր չեն ստացել, սակայն ստանալու դեպքում միանշանակ մերժելու են:
Որոշ լրատվամիջոցներից ասացին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից ոչ մի հրավեր չեն ստացել: «Ֆակտոր»-ի խմբագիր Արևիկ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանին պատկանող «Փաստերի ստուգման հարթակի»-ի FIP.am կայքի խմբագիր Հասմիկ Համբարձումյանը մեզ վստահեցրին, որ հրավեր չեն ստացել: Հասմիկ Համբարձումյանը նշեց, որ ստանալու դեպքում խմբագրակազմը կքննարկի հարցը, իսկ Արևիկ Սահակյանն էլ շեշտեց, որ ինքը անձամբ հրավեր չի ստացել ու չցանկացավ այլ հարցերի պատասխանել:
Սիվիլնեթից նույնպես մեզ հետ զրույցում նշեցին, որ հրավեր չեն ստացել, իսկ ստանալու դեպքում կդիտարկեն այն: media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ ստացել է ֆեյսբուքով նամակ, բայց դժվարանում է ասել` կարելի՞ է արդյոք այն հրավեր համարել, թե՞ ոչ: Վարդանյանը վստահեցրեց` նամակին չի պատասխանել և չի էլ պատասխանելու, հետևաբար` չի էլ մասնակցելու: