Այլ

«Հրապարակ». Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով բացեցին Պանդորայի արկղը

«Հրապարակ». Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով բացեցին Պանդորայի արկղը

«Հրապարակի» զրուցակիցն է Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ, փաստաբան Խաչատուր Մխիթարյանը:

- Հայաստանը համաձայնել է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից։ Ի՞նչ է լինելու սրա հետեւանքը։

- Նախ հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանում (ICJ) ընթացող դատավարությունները պայմանավորված են 2020 թ. արցախյան պատերազմի արդյունքներով եւ դրա քաղաքական, իրավական ու հումանիտար հետեւանքներով։ 2021 թ հոկտեմբերին Միջազգային արդարադատության դատարանը, որը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, լսեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ միմյանց դեմ ներկայացված գործերը՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Հայաստանը ներկայացրել է դիմում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, Ադրբեջանը՝ 2021 թ. սեպտեմբերի 23-ին։ Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին կոնվենցիայի խախտման մեջ՝ հայերի նկատմամբ իրականացվող շարունակական էթնիկ հետապնդման եւ բռնության արշավի համար, որն իր մեջ ներառել է կամայական կալանքներ, խոշտանգումներ եւ սպանություններ։ Ադրբեջանն իր հերթին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի տարածքում ականների քարտեզները չտրամադրելու եւ, ենթադրաբար, շարունակաբար ականներ տեղադրելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Դատարանը լսել է կողմերի փաստարկները 2021 թ. հոկտեմբերի կեսերին եւ դեկտեմբերի 7-ին կայացրել է կարեւոր որոշումներ՝ սահմանելով ժամանակավոր միջոցներ՝ կողմերի որոշ իրավունքները CERD-ի շրջանակներում պաշտպանելու համար։ 2022 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանը դիմել է Լաչինի միջանցքի հետ կապված նոր ժամանակավոր միջոցների համար։ Միջազգային արդարադատության դատարանը 2023 թ. փետրվարի 22-ին որոշեց, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ապահովելով 120 հազար հայերի սննդի եւ բժշկական օգնության մատակարարումը։ Դատարանը նաեւ այլ որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը չի կատարել այս որոշումները եւ 2023 թ. սեպտեմբերին իրականացրել է էթնիկ զտումներ։ Նոյեմբերի 7-ին ՄԴ-ն որոշեց, որ Ադրբեջանը պետք է թույլ տա ավելի քան 100 հազար էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ պաշտպանի նրանց իրավունքները։

- Իսկ այդ որոշումներն ուժի մե՞ջ են։

- Այդ որոշումներն ուժի մեջ են, եւ Ադրբեջանը դեռ պետք է կատարի դրանք։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի համար չափազանց կարեւոր է Հայաստանի օգնությամբ դրանք տապալելը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» եւ դիմումները հետ կանչելու պարտավորության տեսքով։ Ապագա կառավարությունները կարող են դժվարություններ ունենալ Ադրբեջանի դեմ՝ առկա եւ հետ կանչված դիմումները կրկին ներկայացնելու հարցում: Կան իրավիճակներ, երբ պետությունները կարող են կորցնել իրենց իրավունքները՝ անգործության կամ ուշ գործողությունների պատճառով: Venire contra factum proprium տերմինը, ընդհանուր առմամբ, ճանաչված սկզբունք է տարբեր իրավական համակարգերում, որը կարող է կիրառվել նաեւ միջազգային իրավունքում, հատկապես, երբ բողոքող կողմի վարքագիծը հակասում է նախկին հակասական վարքագծին: Հայաստանն այլեւս չունի իրավունք՝ առանց Արցախի հայերի մասնակցության եւ համաձայնության, որոշումներ կայացնել նրանց իրավունքների վերաբերյալ: Հայաստանն Արցախի հայերին, որոնց իրավունքներին Ադրբեջանի դեմ ընթացող գործերում անդրադարձ է կատարվում, չի դիտարկում որպես իր քաղաքացիներ: Նույնիսկ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատավարությունից, տուժած արցախահայերի իրավունքները մնում են անձեռնմխելի եւ կարող են կիրառվել այլ պետությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից:

- Սահմանադրության փոփոխությունը՝ թշնամի երկրի պահանջով, կարո՞ղ է հետագայում հետ կանչվել ՀՀ հաջորդ իշխանությունների կողմից։ Արդյո՞ք այստեղ գործ ունենք իրավական անդառնալիության հետ։

- Հարցական է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանը պաշտոնապես դիտվո՞ւմ է որպես թշնամի պետություն, թե՞ ոչ։ Գործող իշխանությունը սահմանադրության փոփոխությունը կներկայացնի այնպես, կարծես դա տեղի է ունեցել սեփական նախաձեռնությամբ, ոչ թե Ադրբեջանի ճնշման ներքո։ Քանի որ դա, ամենայն հավանականությամբ, կխախտի Անկախության հռչակագիրը, որը պետականության հիմքն է, եւ ինչից են բխում սահմանադրությունը եւ բոլոր օրենքները, ես տեսնում եմ սահմանադրական փոփոխությունների վերանայման իրական հնարավորություն՝ գոնե նոր սահմանադրության տեսքով։ Հարց կառաջանա, թե արդյոք Ադրբեջանը նույնպե՞ս կփոխի 1991 թ. հոկտեմբերի 18-ի Անկախության ակտը։ Հենց այստեղ է որոշվում 1918 թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությունը, որը ներառում է Սյունիքի նկատմամբ պահանջներ։

- Ադրբեջանը խոսում է նաեւ ֆինանսական փոխհատուցման մասին։ Միջազգային պրակտիկայում ֆինանսական փոխհատուցումն ինչպե՞ս է սահմանվում։ Հնչած հայտարարությունների կոնտեքստում Հայաստանին ի՞նչ է սպասվում։

- Որոշակի պայմանների դեպքում պետությունները միմյանց դեմ կարող են պահանջներ ներկայացնել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների խախտումների հետեւանքով առաջացած վնասների համար։ Արդարադատության միջազգային դատարանն այս հարցում կենտրոնական դեր է խաղում: Վառ օրինակ է Նիկարագուայի գործը Արդարադատության միջազգային դատարանում. Նիկարագուան դատի է տվել ԱՄՆ-ին՝ ռազմական եւ կիսառազմական գործունեության համար։ Դատարանը գտել է, որ ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքը։ Նիկարագուային տրվել է փոխհատուցում, որը սկզբում սահմանվել էր 2,4 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել դատավճիռը կամ փոխհատուցում վճարել։ Ադրբեջանը 2023 թ. հունվարի 18-ին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դատական գործ է սկսել Հայաստանի դեմ՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի ենթադրյալ լայնածավալ վնասի համար, որը ներառում է անտառահատումներ, հանքագործություն եւ հիդրոէլեկտրակայանների կառուցում։ Միաժամանակ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Արցախի 30-ամյա «օկուպացիայի» մեջ։ Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանը (PCA) վերահսկում է այս գործը: 2023 թ. սեպտեմբերի 15-ին ստեղծվեց երեք անդամից բաղկացած արբիտրաժային տրիբունալը: 2024 թ. ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջին ընթացակարգային խորհրդաժողովը, որի ընթացքում տրիբունալը հրապարակեց ընթացակարգային օրացույց։ 2025 թ. փետրվարի 12-ին Ադրբեջանը ներկայացրել է իր հայցադիմումը PCA-ին՝ մանրամասնելով Հայաստանի կողմից Բեռնի կոնվենցիայի ենթադրյալ խախտումները: Պատերազմի հետեւանքների վերացման համատեքստում պետք է նշել, որ Հայաստանը մինչ 2022 թ. սեպտեմբեր երբեք պաշտոնապես պատերազմի կողմ չի եղել: Հետեւաբար, օկուպացիայի մեղադրանքը խիստ կասկածելի է։

- Այսինքն, Հայաստանին ներկայացվող մեղադրանքն իրավաբանորեն հիմնավորված չէ՞։

- 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերն ու դրան հաջորդած Մինսկի բանակցային ձեւաչափը վկայում են, որ Հայաստանը պատերազմական կողմ չէր, այլ երկու դեր էր կատարում՝ միջնորդ եւ Արցախի անվտանգության երաշխավոր: Արցախի համատեքստում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ չի եղել, այլ միայն Արցախի ինքնապաշտպանական ուժերի եւ Ադրբեջանի միջեւ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությունը սկսվել է միայն 2022 թ. սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանին ագրեսիայի ենթարկեց։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանին ստիպեցին լքել Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը եւ փոխանցել այն Ռուսաստանին, ինչպես նաեւ ընդունել իրավաբանորեն կասկածելի պարտավորություններ, որոնք Ադրբեջանին, դժբախտաբար, հնարավորություն են տալիս պնդելու, որ Հայաստանն ագրեսոր է: Օրինակ, 6-րդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը վերադարձնելու է Քալբաջարի շրջանը Ադրբեջանին, իսկ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը»։ Հայաստանի իշխանություններն այս կետով բացել են «Պանդորայի արկղը», ինչը Հայաստանին կարող է մեծ իրավական, քաղաքական, տարածքային եւ ֆինանսական վնասներ պատճառել: Հետաքրքիր է լինելու այն հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրով կհրաժարվի Հայաստանի դեմ վնասի փոխհատուցման պահանջներից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image