Հասարակություն

«Հրապարակ». 7 ամիս է՝ կայքը վերազինվում է, եւ վերջը չի երեւում

«Հրապարակ». 7 ամիս է՝ կայքը վերազինվում է, եւ վերջը չի երեւում

1990-ականների սկզբին Նոյեմբերյանում հաճախ էին միլպետներ փոխվում։ Մի օր Բերդավան գյուղից գործերով Նոյեմբերյանի միլիցիայի բաժին այցելած գյուղացին, դիմելով հերթապահ միլիցիոներին հարցնում է․ «Այսօրվա միլպետն ո՞վ է»։ Այդ պատմությունը հիշեցի, երբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից տեղեկացա, որ 2018-ից հետո, մինչ այսօր շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում պաշտոնավարել  են 1 տնօրենի պարտականությունները կատարող, 3 տնօրենի ԺՊ եւ 4 տնօրեն։ Այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ղեկավարում է Գարեգին Միրզոյանը, որը տնօրենի պարտականությունները կատարել է 2025թ․ հուլիսի 29-ից մինչեւ  հոկտեմբերի 30-ը, իսկ հոկտեմբերի 30-ից տնօրենի ԺՊ-ն է։

Տնօրենների հաճախակի փոփոխությունները չեն կարող դրական ազդեցություն ունենալ «Հայանտառի» գործունեության վրա։ Խնդիրներն ակնհայտ են։ Դեկտեմբերի 4-ին տեղեկատվական հարցում եմ կատարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Գարեգին Միրզոյանին․ «Քանի՞ ամիս է, ինչ չի գործում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը, քանի՞ ամիս է դեռ շարունակվելու կայքի տեխնիկական վերազինումը, ի՞նչն է խանգարում կայքն արագ վերագործարկելուն»։ 

Գ․ Միրզոյանի պատասխանում նշված է․ «ՊՈԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքը չի սպասարկվում 2025 թվականի մայիս ամսից։ Կայքի վերազինման գործընթացը տեխնիկական, բովանդակային լուծումների համալիր գործընթաց է եւ կոնկրետ ժամանակահատված չի ենթադրում։ ՊՈԱԿ-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ կազմակերպության տեղեկատվական եւ սոցիալական այլ հարթակներում»։ 

Շատ վիճահարույց է այն պնդումը, թե տեխնիկական, բովանդակային լուծումներ պահանջող կայքի վերազինումը չի կարող ենթադրել կոնկրետ ժամանակահատված, եւ դրա համար անցած 7 ամիսը քիչ ժամանակ չէ։ Գ․ Միրզոյանի պատասխանում նշված չէ, թե «Հայանտառի» գործունեությունը տեղեկատվական ու սոցիալական որ հարթակներում է ներկայացված։ Գ․ Միրզոյանին նաեւ հարցրել եմ․ «Դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ անտառամերձ համայնքների նպաստառու, սոցիալապես անապահով խմբերի անդամներին 2025 թվականին ընդհանուր որքա՞ն խորանարդ մետր թափուկ վառելափայտ է տրվել, ո՞ր մարզում՝ քանի՞ խորանարդ մետր։ Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակիչներին այս տարվա աշնանը  որքա՞ն խորանարդ մետր վառելափայտի թափուկ է տրվել, Իջեւանի, Նոյեմբերյանի, Սեւքարի, Արծվաբերդի անտառտնտեսությունների անտառներից՝ որքա՞ն խորանարդ մետր։ Տավուշի մարզի բնակիչներին թափուկը քանի՞ խմ ծավալով է տրվել»։ 

Գ․ Միրզոյանը հայտնել է․ «Անտառամերձ համայնքների ընտանիքներին 2025 թվականին տրամադրված թափուկ վառելափայտի ծավալը կազմել է 44 519 խմ։ Բաշխումն ըստ մարզերի հետեւյալն է՝ Արագածոտնի մարզում՝ 450 խմ, Գեղարքունիքի մարզում՝ 1150 խմ, Լոռու մարզում՝ 15077,5 խմ, Կոտայքի մարզում՝ 2050 խմ, Շիրակի մարզում՝ 299 խմ, Սյունիքի մարզում՝ 7564 խմ, Վայոց Ձորի մարզում՝ 419 խմ, Տավուշի մարզում՝ 17509,5 խմ։ Թափուկ վառելափայտի տրամադրման ընթացքում առաջնահերթություն է տրվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարեւանութամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատված է շրջակա միջավայրի նախարարի 2022թ․ դեկտեմբերի 01-ի N 419-Ն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2022թ․ դեկտեմբերի 05-ի N23-Ն համատեղ հրամանով։ ՊՈԱԿ-ի Արծվաբերդի, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Սեւքարի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից 2025 թվականին բաց է թողնվել համապատասխանաբար 5584, 2500, 5605,5 եւ 3920 խմ թափուկ վառելափայտ։ Համաձայն կառավարության 2011թ․ հոկտեմբերի  27-ի N1635-Ն որոշման՝ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ»։ 

Մեր տեղեկություններով, Տավուշում շատ դեպքերում չի գործել թափուկն առաջնահերթորեն նպաստառու ընտանիքներին տրամադրելու կարգը, անտառամերձ շատ գյուղերում թափուկը տրամադրվել է 8 խմ ծավալով, իսկ հեռավոր, սահմանամերձ Կոթի, Բարեկամավան գյուղերում՝ 4 խմ-ով։ Նախորդ տարիների նման, էկոպարեկների հետ կապեր ունեցող, փայտի գործ անողների կողմից պատրաստված վառելափայտը դրա  կարիք ունեցող գյուղացիներին վաճառվել է 1 խմ-ն՝ 18-20 հազար դրամով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image