Այլ

Ռոնալդուին քննադատելուց առաջ մեր ներսը նայենք․․․

Ռոնալդուին քննադատելուց առաջ մեր ներսը նայենք․․․

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդուն, որն այս օրերին Հայաստանում է, հյուրանոցի սրահում հրել է իրեն մոտեցած և իր հետ նկարվել ցանկացող երկրպագուին և համարյա փախել է իրեն հետապնդող երկրպագուներից։ Միջադեպը լայն արձանք է գտել համացանցում, ֆուտբոլիստը արժանացել է քննադատությունների։ Ես կնախընտրեի Ռոնալդուին քննադատելուց առաջ  մեր ներսը նայել։ Ասեմ՝ ինչու։ Հայերը հաճախ արտասահմանյան աստղերին ու մեծերին հիացմունքով են նայում, իսկ սեփական մշակույթի ու պատմության մեծերը մնում են ստվերում։

Սա ունի հոգեբանական պատճառներ։ Երբ ժողովուրդը փոքր է և շրջապատված է մեծ ազգերով, իր արժեքները հաճախ թերագնահատում է։ Կարծում է՝ ուրիշինը միշտ ավելի լավն է։ Սա թերարժեքության բարդույթ է։ Մեր հայրենակիցներին  չափազանց խիստ ենք դատում․ «մերոնք միշտ պակաս են», իսկ օտարներին ներում ենք ամեն բան։

Սա հոգեբանական թուլության նշան է։ Ժողովուրդը ուժեղ է դառնում այն ժամանակ, երբ նախ իր մեծերին է ճանաչում ու մեծարում։ Եթե մենք մեր Մեծերին դարձնենք մեր հերոսները, հպարտանանք նրանցով, ոչ միայն կուժեղացնենք մեր ինքնությունը, այլ նաև ավելի հավասարակշռված ու ինքնավստահ ազգ կդառնանք։ Ուժեղ ժողովուրդը նա է, որ նախ իր մեծերին է մեծարում։ Երբ սովորենք մեր արժեքները գնահատել, չտառապենք օտարների նկատմամբ կույր հիացմունքով, այնժամ հզոր ազգ կդառնանք՝ կամային հատկանիշներով։ Մի բան էլ ավելացնեմ։ Հատկապես վերջին տարիներին, երբ ոտնակոխ են արվել մեր հոգևոր արժեքները, մեր պատմությունը, հերոսները ոչինչ են դարձել, հենց այնպես չի արվել։ Ամենապարզ բառերով ասեմ՝ դա նշանակում է, որ  ազգը ոչնչացման է տարվում։ Ազգի ինքնությունը, դիմագիծն է վերացվում։  Մենք ունենք այնպիսի անուններ, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհի ամենահայտնի մարդկանց․
Վիկտոր Համբարձումյան – համաշխարհային աստղագետ։
Արամ Խաչատրյան –երաժշտական հանճար։
Սերգեյ Փարաջանով – կինոյի հանճար։
Տիգրան Պետրոսյան – շախմատի աշխարհի չեմպիոն։
Գրիգոր Նարեկացի – համամարդկային հոգևոր գանձի հեղինակ։

Հազարավորները կարող եմ թվարկել բոլոր բնագավառներից, որոնց գիտի ամբողջ աշխարհը, խոնարհվում է նրանց առաջ, բայց մենք այդպես էլ չենք մեծարում ու գնահատում նրանց։ Այսօր ավելի քան դժվար է, որովհետև պետական մակարդակով է մեր ինքնությունը փոշիացվում, ու մենք մոռացել ենք նույնիսկ, որ ազգ ենք ու ոգի պիտի տանք մեր ֆուտբոլիստներին, ոչ թե Ռոնալդուին։ Իսկ Ռոնալդուին քննադատելուց առաջ հիշեք, որ նա աշխարհահռչակ լինելուց առաջ մարդ է և ունի սահմաններ, անձնական տարածք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image