Ութ ամսից ավելի պատիժ կրելուց հետո գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց: 2 օր է վերականգնվել է Պողոսյանի խոսքի ազատությունը եւ նա ինչպես սոցհարթակներում գրառում անելու, այնպես էլ մամուլին հարցազրույց տալու իրավունք ունի։ Մինչ Պողոսյանի նկատմամբ սահմանափակումներ էին դրված, շրջանառվում էր նրա անունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մենք հետաքրքրվեցինք` նա առաջադրվելո՞ւ է։ Ասաց. «Որոշել եմ չմասնակցել»։ Թեեւ առաջարկ եղել է, բայց որոշում է կայացրել, որ «իմաստ չունի», քանի որ` «Քաղաքապետի ընտրություններով ոչինչ չես փոխի, համակարգային, ուրիշ փոփոխություն է պետք, հիմա սա մեզ ոչինչ էլ չի տալու»։
-Երեկ գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել, թեեւ նրա անունը շոշափվում էր որպես ՀՀԿ թեկնածու, բայց հայտարարեց, որ առաջադրվում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով եւ ընդդիմադիրներին համագործակցելու կոչեր արեց, ասաց, որ գնում է ինչ-որ բան փոխելու։
-Չեմ ուզում որևէ մեկի քաղաքական պայքարին գնահատական տալ, յուրաքանչյուրի պայքարն էլ ինչ-որ տեղ շատ կարևոր է, մենակ թե էս «թուրքական» իշխանության լծից ազատվենք եւ իհարկե, կարևոր է նաև, որ ընդդիմադիր դաշտը միատեսակ չլինի։ Եթե համախմբման արդյունքում բան չի ստացվում, վստահ եմ՝ յուրաքանչյուրն իր տարբերակով եթե փորձի պայքարել, օրերից մի օր, իսկ դա շատ մոտ է, ընդհանուր հասարակությունը պատրաստ կլինի իշխանափոխության։
-Ձեզ ազատազրկեցին ֆեյսբուքյան գրառումների համար, շարունակելո՞ւ եք նույն ոճով։
-Միանշանակ, ոչինչ չի փոխվել, ես իմ բաժին պայքարը տարել եւ տանելու եմ։
-Տեղեկացանք, որ բանտախցում գիրք եք գրել՝ «Բանտախուց N 6, կամ ճանապարհ դեպի Արցախ» խորագրով, ինչի մասին է։
-Գիրքը սկսեցի գրել հենց ձերբակալման օրերին, երբ հասկացա, որ ամեն ինչ անում են, որ ինձ լռեցնեն։ Գրքում խոսել եմ Արցախի վերաազատագրման կարևորության մասին, Արցախը Հայաստանի ապագայի համար կարևոր օրակարգային հարց է, առանց Արցախ մենք ոչ մի կերպ ապագա չունենք, անգամ երեխա չենք կարող դաստիարակել։ Երկրորդ տպաքանակն ենք պատրաստում արդեն, նվիրել եմ քաղաքական, հասարակական կյանքով ապրող հայտնի շատ մարդկանց, գիրքը չեմ վաճառել ու չեմ վաճառի, քանի որ այնտեղ իմ նվիրական, բաղձալի երազանքներն են։
-Սպասելի՞ էր դատարանի որոշումը` արդարացումը։
-Անկեղծ, չէի սպասում, հույս էլ չունեի, բայց ավելի շատ ուրախացա, որ տեսա՝ դեռ կան դատավորներ, որ անկախ են, պատրաստ են համակարգին դեմ գնալ, իսկ սա խոսում է այն մասին, որ պետական համակարգում էլ կան մարդիկ, որ զզվել են էս ամենից։ Հուսով եմ, որ մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները շատ շուտով ազատ կարձակվեն։