Հասարակություն

Ֆոնդերը տարեկան 30-40 տոկոս աճ են ունեցել․ «Ամունդի-Ակբա»-ն ՀՀ-ում նշում է իր գործունեության 10-ամյակը 

Ֆոնդերը տարեկան 30-40 տոկոս աճ են ունեցել․ «Ամունդի-Ակբա»-ն ՀՀ-ում նշում է իր գործունեության 10-ամյակը 

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում նշում է իր գործունեության 10-ամյակը։ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի ներկայացուցիչները, ամփոփելով կազմակերպության գործունեության 10-ամյակը՝ շեշտեցին, որ բավական խոստումնալից ցուցանիշներ են ապահովել։ Հայկական իրականության մեջ ընկերությունը հանդես է գալիս նոր ու բացառիկ նախագծով։ «Ամունդի-Ակբան»՝ կորպորատիվ սոցիալական քաքաքականության շրջանակում, հիմնում է «Ամունդի-Ակբա» ակադեմիան: Այս նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձը, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար: Սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հայկական ընկերություններում, Հայաստանի տնտեսությունում ներդրումային հնարավորությունները։

«Օրենքի պահանջ է, որ նվազագույն 60 տոկոս ներդրումները կատարենք դրամով։ Սա փոքր-ինչ մարտահրավեր է, որովհետև ֆինանսական շուկան այդքան զարգացած չէ։ Ամեն դեպքում փորձում ենք ներդրումներ կատարել հայկական ընկերություններում, Հայաստանի տնտեսությունում։ Այդ մոտեցմամբ աշխատել ենք և առաջիկայում էլ այդպես շարունակելու ենք աշխատել, մանավանդ, որ մեր գումարներն ավելանում են»,-ասաց Ժան Մազեջյանը։

Կենսաթոշակային երեք՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր «Ամունդի-Ակբան» զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում՝ կառավարելով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվներ, որոնք պատկանում են 495, 000 մասնակիցների, 2024 թ օգոստոսի դրությամբ: Նշված 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվների 65%-ը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի խոսքով՝ 10 տարին ֆոնդերի համար հեշտ չի եղել, սակայն այսօր կարելի է հստակ ասել, որ դրանք բավական կենսունակ են գտնվել՝ անցնելով բազմաթիվ «շոկ»-երի միջով։ Հրայր Ասլանյանը արդյունքները ներկայացրեց թվերով։

«Վերջին տասը տարիներին մեր ֆոնդերը տարեկան միջինը 30-40 տոկոս աճ են ունեցել։ Գումարները ներդրվել են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս՝ ապահովելով կայուն եկամուտ։ Ներկայացնեմ ներդրումային դինամիկան։ Ասեմ, որ ֆոնդերի գործարկումից հետո բավական դժվար ժամանակներ էին 2014, 2015, 2016 թվականներին։ Հիմնական ներդրումները կենտրոնացված էին ֆինանսական հատվածում, իսկ 2019 թվականն առաջին տարին էր, երբ Հայաստանում ոչ ֆինանսական հատվածում կենսաթոշակային ֆոնդերը ներդրում կատարեցին։ Հաջորդը կառանձնացնեմ 2020 թվականը, երբ առաջին անգամ ներդրում կատարեցինք «Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ում, որը հնարավորություն տվեց անուղղակի ձևով ներդրում կատարել Հայաստանի ոչ ֆինանսական հատվածում»,-ասաց Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ այս պահին անուղղակի կերպով ունեն ներդրում իրականացրած 9 ընկերությունում՝ ոչ ֆինանսական հատվածում։

Ավելի ուշ համագործակցության հուշագիր է կնքվել միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ։ Նպատակն այն է, որ «Ամունդի-Ակբա»-ն և միջազգային ֆինանսական կորպորացիան համատեղեն ջանքերը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումներ կատարելու համար։ Հրայր Ասլանյանն առանձնացրեց նաև 2023 թվականը, երբ «Ամունդի-Ակբա»-ն առաջին անգամ ուղիղ ներդրումներ կատարեց հայաստանյան հրապարակային բաժնետոմսերում՝ ձեռք բերելով «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի բաժնետոմսեր՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ֆոնդի մասնակիցներին անուղղակի կերպով դառնալ բաժնետեր այդ ընկերությունում։ Հաջորդ կարևոր գործարքն արդեն 2024 թվականի հունվարին էր, երբ ՎԶԵԲ-ի հետ կնքվեց գործարք՝ տրամադրելով դրամային ռեսուրսներ, որն էլ իր հերթին կօգտագործվի տնտեսության իրական հատվածը ֆինանսավորելու համար։

Խոսելով «Ամունդի Ակբա» ակադեմիայի մասին՝ ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է ուսանողներին, համալսարաններին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար։

«Մենք տեղայնացնում ենք ֆրանսիական «Ամունդի ակադեմիա»-ի կոնցեպտը։ Այն իրենից ենթադրում է առցանց ուսուցման ծրագիր։ Հայաստանյան այն բուհերը, որոնք ունեն տնտեսագիտական ֆակուլտետներ, իրենց հետ կնքելու ենք հուշագրեր։ Համագործակցության շրջանակում համալսարանականներին անվճար տրամադրելու ենք «Ամունդի»-ի բովանդակությունը՝ հայերեն թարգմանված։ Դրանից բացի amundi-acba.am կայքում ամսական պարբերականությամբ հրապարակելու ենք «Ամունդի» ներդրումային ինստիտուտի առցանց տեղեկագրեր աշխարհաքաղաքականության, ֆինանսական շուկաների, մակրոտնտեսության վերաբերյալ»,-ասաց Զարինե Եղիազարյանը։

«Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական «Ամունդի»-ն, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով։ «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image