Նախօրեին արտախորհրդարանական ուժերի կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի գնահատմամբ, հանդիպումը տեղեկատվության փոխանակման եւ խորհրդատվական նպատակ է ունեցել։ Նրա հետ զրուցել ենք հանդիպման մանրամասներից։
- Տիկին Դիլբարյան, վարչապետը հայտնե՞ց տեղեկատվություն, թե ինչու, ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածության, հրադադար չի հաստատվում, արդյոք դրա համար հստակ պայմաններ ու գործոննե՞ր են առաջ քաշվել, եթե այո, ապա ինչպիսի՞։
- Նշեմ, որ այդ հարցը բարձրացվել է, եւ վարչապետը մեզ փոխանցել է մեր պաշտոնական դիրքորոշումը, որ ձեւավորվել է հետեւյալ իրողություններից։ Երբ Թուրքիայի արտգործնախարարը զանգահարել է Բաքու, իրավիճակը կտրուկ շրջվել է, այսինքն՝ Ռուսաստանում ստորագրված այդ չորս կետից բաղկացած փաստաթուղթը դադարել է դառնալ հիմք Բաքվի համար։ Եվ ես կարծում եմ, եւ ոչ միայն ես, այլ բազում քաղաքական վերլուծաբաններ, որ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի թելադրանքի ներքո, եւ ինչ-որ այլ պայմաններ կան, որոնք քննարկվել են, դիցուք, որոնց Հայաստանը կամ Ադրբեջանը չեն ենթարկվել, չեն եղել։ Փաստաթուղթը, ինչպես նշեց Փաշինյանը, ընդհանրական է, օրինակ՝ այնտեղ վերջին կետը, որ կարգավորման ձեւաչափը չի փոխվել, այսինքն՝ Թուրքիան էլ չի մտնում այդ ձեւաչափի մեջ, եւ Արցախն էլ՝ իբրեւ ինքնուրույն կողմ, չի մտնում։
- Իսկ պայմանավորվածության երրորդ կետում ֆիքսվել է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, կարգավորման հիմնական սկզբունքներով սկսում են բովանդակային բանակցություններ՝ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Ի՞նչ ասել է՝ «հիմնական սկզբունքներով բովանդակային՝ սուբստանտիվ բանակցություններ»։
- Այո, հարց հնչեց՝ ինչ ասել է հիմնական․ Փաշինյանն անկեղծ ասաց, որ այդ սկզբունքներն ընդհանրական են, որովհետեւ այս պահին էլ հիմնական սկզբունքների՝ լինեն դրանք մադրիդյան, թե այլ, դարձյալ հստակեցումների կարիք կա։ Այս պահին որեւէ հիմնական սկզբունք կամ ծրագիր չի դրվել, հիմա ամենակարեւորը կրակը դադարեցնելն է։ Հանդիպմանը ներկաներիս ձգտումն էլ հիմնականում հրադադարի ապահովումն էր, որպեսզի գտնվի այն դաշնակիցը, որը կկարողանա ոչ միայն նախաձեռնել, այլեւ հետեւել դրա իրականացմանը։
- Այսինքն՝ Ադրբեջանն ի սկզբանե համաձայնել էր առանց նախապայմանների հրադադար հաստատել, բա հետո բանակցությունները ո՞ր կետից պետք է շարունակվեին, մենք լսում ենք անգամ պաշտոնական խողովակներից, որ սահմանին տարածքային տեղաշարժեր կան։
- Իհարկե, այդ մասին էլ խոսվեց, որ այն ծրագիրը՝ «նոր պատերազմ՝ նոր հողեր», կամ, այսպես կոչված բլից-կրիգը՝ պայմանավորված պատերազմի բնույթով, այսինքն, նոր՝ հինգերորդ սերնդի պատերազմ՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, չի հաջողվում, ուստի դա հրադադար էր, որը կարող էր համախմբել շատ ուժեր եւ լուծել հումանիտար այլ խնդիրներ։
- Ի՞նչ ասել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ծրագիրը չի հաջողվում, ո՞ւմ չի հաջողվում։
- Գիտեք՝ ես լիազորված չեմ մանրամասներ հայտարարել, բայց քննարկում ծավալվեց եւ ասվեց, որ, այո, ո՛չ Ադրբեջանին դա հաջողվեց, ո՛չ էլ մեզ։ Պարզ է նաեւ, որ դիրքային դաժան մարտեր են ընթանում, եւ ինֆորմացիան ամեն պահի կարող է փոխվել, ուստի այս պարագայում հայտարարել, որ այդ մարտավարությունը հաջողության է հասնում, ուղղակի միամտություն է։
- Տիկին Դիլբարյան, այդուհանդերձ, վարչապետի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը որոշակի մտահոգությունների առիթ հանդիսացավ, քննարկումներ ծավալվեցին, թե գուցե իշխանությունը կանգնած է ծանր որոշում կայացնելու առջեւ, դրա համար էլ մի կողմ է թողել ներքին տարաձայնությունները։
- Իմ կարծիքով, ծիծաղելի է կարծել, թե նման հանդիպումները նման առիթ կհանդիսանային, ճիշտ հակառակը՝ այդ մտահոգությունների փարատում տեղի ունեցավ։ Որովհետեւ որքան էլ ուժը մեծամասնություն ունենա, ոչ համագործակցային իրավիճակում, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ, չի կարող արդյունավետ գործունեություն ծավալել։ Այո, թեեւ ինձ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով էր ընտրվել հանդիպման ֆորմատը, բայց շատ գնահատելի էր, որ հանդիպմանը կային ուժեր, որոնք երբեք «Իմ քայլի» համախոհները չեն համարվել, նույն ՀՀԿ-ն, որը սթափ մտքեր էր հայտնում։ Այո, շատ հարցերի շուրջ կային տարբեր մոտեցումներ, բայց կար ընդհանուր տրամադրվածություն, իրավիճակի սթափ գնահատում։
- Հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Դաշնակցության եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներում կան տարբերություններ։ Ի՞նչ մոտեցումների մասին է խոսքը։
- Դաշնակցությունն առաջ էր քաշում հրադադարի․․․ որոշ բաներ կան, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք փակագծեր չբացել, բայց խնդիրն այն է, որ իրենք այնտեղ եւս մասնակցելով ռազմական գործողություններին՝ ունեին առարկայական առաջարկ, ուղղակի իրավիճակին վերաբերող առաջարկներ՝ կադրերի, զինամթերքի եւ այլնի առումով, այլ ոչ թե ռազմավարական կամ դիվանագիտական առաջարկներ։ Ես նկատեցի, որ վարչապետն այդ խնդիրների հանդեպ եւս ըմբռնում ցուցաբերեց, եւ որոշվեց հետագայում քննարկել մասնագիտական հարթակներում։
- Իսկ հրադադարի պայմանների հետ կապված՝ Դաշնակցության եւ իշխանության մոտեցումների հարց չքննարկվե՞ց։
- Ես ասացի, որ մենք ջանում ենք Ռուսաստանի աջակցությամբ եւ օգնությամբ հասնել հրադադարի, որովհետեւ նախաձեռնողն էլ իրենք են, ես ուզում եմ, որ տարբերենք հրադադարն ու զինադադարը եւ փաստենք, որ հրադադարը նաեւ բխում է Հայաստանի շահերից։
- Հանրությանը հետաքրքրում է նաեւ՝ «ոչ մի թիզ հող» մոտեցումն այսօր է՞լ է գերակա, այս համատեքստում ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանդիպումից։
- Մենք չքննարկեցինք «ոչ մի թիզ հող» հանձնելու թեման։ Ես իմ խոսքում նշեցի, որ Հայաստանում չկան հող հանձնողներ, որովհետեւ հող հանձնելը բոլորովին այլ երեւույթ է։ Հայաստանում կարող է կան գործակալներ, եւ ցավով նշեմ, որ վարչապետն էլ ցավով արձանագրեց, որ այսքան տարի Հայաստանում չունենք պրոֆեսիոնալ հետախուզական եւ հակահետախուզական ծառայություններ, եւ մեծ գործ կա անելու ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտում, այլեւ այս։ Եվ իմ համոզմամբ՝ բացի այդ գործակալական ցանցից, որը պետք է բացահայտվի եւ ադեկվատ գնահատվի, չկա մարդ, որը հանձնելու է հող։ Մենք ունենք հայրենասիրության մեծ դաշտ։
- Իսկ ովքե՞ր են այդ գործակալները կամ, ինչպես վարչապետն է ասում՝ դավաճանները։
- Նրանց հենց պատկան մարմինները պետք է բացահայտեն, թե ովքեր են, որ սահման են գնում եւ ինչ խնդրով։ Գիտեք, դա թուրք-ադրբեջանական խնդիրն է՝ «բաժանիր, որ տիրես», տարածիր խուճապ։ Դրանցով պետք է զբաղվել արհեստավարժորեն, այսինքն՝ պետք է զբաղվեն հետախույզներն ու հակահետախույզները։