Փետրվարի 17-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց Ավդեեւկայից ուկրաինական ստորաբաժանումների դուրսբերման մասին։ Ինչո՞ւ ընկավ կարեւոր նշանակության քաղաքը, ի՞նչ տրամադրություններ են Կիեւում․ զրուցել ենք ուկրաինացի քաղաքագետ, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն Եվգենի Մագդայի հետ։
- Փետրվարի 17-ին Ուկրաինան կորցրեց Ավդեեւկան։ Գեներալ Սիրսկին, որ նոր-նոր է անցել իր պարտականությունների կատարմանը, ասաց՝ մեր զինվորի կյանքն ամեն ինչից վեր է։ Ինչպե՞ս ընդունեցին Ավդեեւկայի անկումը շարքային ուկրաինացիները։
- Անկեղծ ասած, Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեեւկայի նշանակությունը լրջորեն նվազել է 2022 թ. փետրվարի 24-ից։ Կար ուկրաինական ուժերի շրջափակման վտանգ, ուստի հրամանատարությունը որոշեց դուրս բերել զորքերը։ Կրեմլից եկող խրոխտ հաղորդումները չեն արտացոլում այն փաստը, որ քաղաքը լրջորեն այլանդակվել է հզոր օդային ռումբերից։ Ակնհայտ է, որ ոչ ոք չի սիրում նահանջ սեփական հողում, բայց ոչ մեկը ողբերգություն չի սարքում, թեեւ ռուսական քարոզչությունը փորձում է Ավդեեւկայի գրավումը ներկայացնել որպես համաշխարհային հաջողություն։ Իրականում ուկրաինական զորքերը խուսափել են շրջափակումից, իսկ ռուսները զգալի կորուստներ են կրել։
- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի պնդմամբ, զենքի, զինամթերքի սղության պատճառով են ռուսները կարողացել գրավել Ավդեեւկան։ Ըստ նրա՝ սպառազինության մատակարարման յուրաքանչյուր հետաձգված օր մարդկային կյանք է արժենում։
- Զինամթերքի բացակայությունը, տեխնոլոգիաների մեջ ռուսների գերազանցությունը եւ նրանց օդային գերակայությունը դարձան ուկրաինական ուժերի կողմից Ավդեեւկայի կորստի գործոնները: Բայց նրանք, փաստացի, իրենց զինվորների դիերով են լցրել ուկրաինական ԶՈՒ դիրքերը։
- Նախագահ Զելենսկին նույնպես անթաքույց դժգոհություն ունի։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հապաղում ԱՄՆ-ն, հավաքական Արեւմուտքը։
- Ավելի լավ է այս մասին հարցնել Ջոզեֆ Բայդենին եւ եվրոպացի առաջնորդներին, այնպես չէ՞: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները չի ցանկանում Ուկրաինային օգնություն ցուցաբերել այնպիսի ծավալներով, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի պարտությանը։ ԵՄ-ն չունի այն արտադրությունը, որն անհրաժեշտ է Կիեւին մեկ տարի առաջ խոստացված մեծաթիվ արկերը մատակարարելու համար։ Հետեւաբար, իրավիճակն ինչ-որ չափով տարօրինակ է թվում. խոստումները շատ են, բայց իրական գործողությունները՝ ոչ այնքան։ Սա ցավալի է, քանի որ Ռուսաստանի հաջողություններն ուժեղացնում են ավտորիտարիզմի գլոբալ ազդեցությունն աշխարհում, ցավալի է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը դա չեն հասկանում։
- Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե ԱՄՆ-ից 60 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը չհաստատվի, Politico-ին ասել են արեւմտյան բարձրաստիճան գործիչները։ Պետդեպում էլ նշել են, թե կախարդական ծրագիր չունեն Կիեւի համար՝ ընդգծելով վերջին շրջանում ռուսների հաջողությունները։ Ո՞ւր կտանեն այս հակասությունները։
- Ես հակված չեմ խուճապի մատնվելու եւ կարող եմ բացատրել, թե ինչու։ Նախքան Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, արեւմտյան քաղաքական գործիչների եւ փորձագետների ավելի քան 90%-ը կանխատեսում էր Ուկրաինայի փլուզումը։ Դա տեղի չունեցավ, ավելին, ուկրաինական քաղաքական ազգի ձեւավորման գործընթացը շարունակվում է։ Բայց արեւմտյան օգնության կրճատումը լրջորեն մեծացնում է ուկրաինական հաղթանակի արժեքը մարդկային կյանքերում, եւ մեր գործընկերները պետք է գիտակցեն դա։
- Փետրվարի 24-ին լրանում է պատերազմի 2-րդ տարին․ կա՞ արդյոք միջոց՝ 2 տարի շարունակ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլող, ճակատագրեր խեղող պատերազմին վերջ տալու։
- Կա միայն մեկ ճանապարհ՝ գիտակցել, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ժողովրդավարական արժեքների համար, դա ուղիղ եւ իրական սպառնալիք է քաղաքակրթության համար։ Դրա դեմ պետք է պայքարել, օրինակ, ՌԴ տարածքում` ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ։