Մշակույթ

«Հրապարակ». «Գոյամարտից» դեպի ճակատամարտ

«Հրապարակ». «Գոյամարտից» դեպի ճակատամարտ

Այն, ինչ կատարվում է «Գոյ» թատրոնի հետ վերջին մեկ տարում, ճիշտ եւ ճիշտ բեմականացման արժանի գործ է՝ էքսպերիմենտալ ոճում, մի քանի գործողությամբ։

Առաջին գործողությունը կարելի է վերնագրել հենց «Գոյամարտ», երբ նախորդ տարվա գարնանը կառավարությունը որոշում ընդունեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին եւ անմիջապես բախվեց «Գոյ» թատրոնի դիմադրությանը, ավելին՝ «գոյեցիները» կառավարության որոշումը մի քանի ամիս է՝ վիճարկում են դատական կարգով։ Սակայն, չնայած վիճարկվող որոշմանը, այս տարվա հունվարի 30-ից թատրոնների միավորման փաստն այլեւս իրողություն է՝ արտացոլված պետական ռեգիստրում։

Հենց այս հանգամանքն էլ ստիպեց ԿԳՄՍՆ-ին՝ անցնել ավելի վճռական գործողությունների։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը՝ իրենց թատրոնն այլեւս օկուպացված է, քանի որ մեկ շաբաթ է՝ չեն կարողանում մուտք գործել աշխատավայր։ Թատրոնի մուտքի փոխված փականը եւ դռան վրա փակցված գրությունը մի քանի օր է՝ հուշում են, որ ներս կարող են մտնել Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքից՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։

«Գոյ» թատրոնի անձնակազմը երեկ՝ լրագրողների ուղեկցությամբ, փորձեց մուտք գործել թատրոն՝ Սունդուկյանի մուտքով, եւ թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ։ Բայց տնօրեն Վարդան Մկրտչյանի փոխարեն նրանց դիմավորեց թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը եւ փոխանցեց այն, ինչ իրեն էին փոխանցել, այն է՝ «Գոյ» թատրոն այլեւս չկա, իրենք Սունդուկյանի թատրոնի աշխատակիցներ են եւ պետք է ենթարկվեն այդ որոշմանը, իսկ իրականում՝ վերադասի կամքին։ Թե այդ դեպքում ինչու իրենց թատրոնի աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել թատրոն, փոխտնօրենն ասաց, որ կարգ կա, պետք է անցաթուղթը ստորագրեն եւ ստանան մուտքի անցագիրը։ Հասկանալի պատճառներից ելնելով՝ «Գոյ» թատրոնն էլ չի ուզում ստորագրել ոչ մի փաստաթղթի տակ, որպեսզի դրանով չլեգիտիմացնի կառավարության որոշումը։  

Ի դեպ, այս ընթացքում «Գոյ» թատրոնի աշխատակիցներին Սունդուկյան թատրոնից ծանուցումներ են ուղարկվել, որտեղ գրված է՝ քանի որ որոշումն արդեն կա, այլեւս իրավահաջորդը Սունդուկյան թատրոնն է։ Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերում, որը «Գոյ» թատրոնի հետ է կնքված, պետք է էական փոփոխություններ լինեն։ Իսկ այս ամենի շուրջ կարող են մտածել եւ որոշում կայացնել մինչեւ ապրիլի 22-ը։ Դերասաններին վրդովվեցրել էր նաեւ այն հանգամանքը, որ առնվազն մինչեւ ապրիլի 22-ը մտածելու ժամանակ ունեն, իսկ մինչեւ այդ էլ գործում է հին պայմանագիրը, որի շրջանակում կարող են ազատորեն մտնել իրենց աշխատավայր։

Իբրեւ բանակցությունների հարթակ՝ առաջարկվեց գնալ Սունդուկյանի փոքր բեմ եւ այնտեղ Վարդան Մկրտչյանի մասնակցությամբ քննարկել հարցը, բայց «գոյեցիները» պնդեցին, որ այդ քննարկումն արվի հենց «Գոյ» թատրոնի բեմում, ինչը մերժվեց, փոխարենը, որպես էմոցիոնալ «կոմպենսացիա», թատրոնի փոխտնօրենն առաջարկեց, որ մի քանի հոգի բարձրանան թատրոն՝ իրենց կարոտներն առնեն, համոզվեն, որ ամեն ինչ նորմալ է, ու վերադառնան։ Ի վերջո՝ Սարգիս Արզումանյանը, լրագրողների ուղեկցությամբ, բարձրացավ «Գոյ» թատրոն։ Շենքի ներսում պարզվեց, որ մի քանի տեղ Սունդուկյան թատրոնն արդեն տեսախցիկներ է տեղադրել՝ հավանաբար, համարելով, որ դա արդեն իր տարածքն է։ Թատրոնի ներսում արդեն փոքրիկ շրջայցի ժամանակ Սարգիս Արզումանյանը հուզվեց, իսկ դերասաններից Էդգար Անդրեասյանը նկատեց, որ այստեղ ամեն ինչ արել են իրենց ուժերով․ թատրոնի նախկին տնօրեն Սարգիս Չուլոյանն իր ձեռքով է դահլիճի աթոռները սարքել, իսկ պետությունը, որպես այդպիսին, ունի 20 անուն գույք, որից միայն՝ 12 աթոռ։

Այս ընթացքում լրագրողներին փոխանցեցին, որ Սունդուկյան թատրոնի տնօրենը պատրաստ է մեկնաբանություններ տալ։ Մեր այն հարցին, թե ինչու է թատրոնի դուռը փակվել «Գոյի» առաջ, Վարդան Մկրտչյանը նշեց, որ ամեն ինչ իր ընթացակարգով է արվում, եւ թեպետ կառավարության որոշումը դատական կարգով վիճարկվում է, բայց պատասխանատվությունն ինքն է կրում, եւ իր քայլերն էլ բխում են այդ տրամաբանությունից։ Ավելին՝ փորձում են կառուցողական շարժվել առաջ, բայց քանի որ «Գոյ» թատրոնը հրաժարվել է թատրոնի բանալին տալ իրենց, իրենք էլ վարվել են այսպես, որովհետեւ «Սունդուկյան թատրոնի կարգն է այսպես»։ Ապա շտապեց հավելել, որ այս վերակազմավորումից հետո բոլորն ունեն նույն իրավունքները՝ թե՛ «Գոյ», թե՛ Սունդուկյան թատրոնի աշխատակիցները։

Մուտքի դուռը փակելուց հետո «Գոյ» թատրոնի շենքի մոտ տեղադրված նստարանները հանվեցին, ավելին՝ քաղաքապետարանի տեղադրած ցուցանակի վրայից էլ ջնջվեց «Գոյ թատրոն» գրությունը, ինչը թատրոնի գեղղեկավար Արթուր Սահակյանն անվանեց թրքություն, բայց Սունդուկյան թատրոնի տնօրենը հարցին հարցով հակադարձեց, թե թույլտվություն եղե՞լ է՝ այդ նստարանները տեղադրել այդտեղ, ապա հարցն ուղղեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ներկա ավագանու անդամներին, թե նստարան տեղադրելու թույլտվությունն ով է տվել։

Այս ընթացքում «Պատվի համար» ներկայացման փորձերը կիսատ թողել եւ տնօրենի սենյակ էին շտապել Սունդուկյան թատրոնի դերասաններից շատերը, որոնց թվում՝ նաեւ Արմեն Մարությանը, ով տեսնելով, որ տնօրենի հետ հարցուպատասխանը շիկանում է, առաջացավ եւ հանդիմանեց լրագրողներին, թե ինչու, երբ Փոսի թատրոնը ծախեցին, այն ժամանակ չէիք հավաքվում։ «Պարոն Մկրտչյանը վատ բաներ չի ասում եւ առաջարկում, ավելին՝ յուրաքանչյուր դերասանի ցանկությունը, երազանքը պետք է լինի աշխատել այս թատրոնում»։ Իսկ դիտարկմանը, որ սա թատրոնի տեսակի հարց է, Մարությանը նշեց, որ իրենց թատրոնում էլ են նույն փորձարարական տեսակի ներկայացումներ բեմադրվում, ինչ որ «Գոյ»-ում, այլ կերպ ասած՝ ոչ մի տարբերություն։

Եթե տարբերություն չկա, կողմ կլինի՞, եթե հանկարծ վաղը, մյուս օրը միավորեն նաեւ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Այստեղ Մարությանը վստահորեն պնդեց, որ չի լինի նման բան, քանի որ սա ազգային թատրոն է, Վարդան Մկրտչյանն էլ հրաժարվեց հիպոթետիկ հարցերի պատասխանել․ երբ չկա նման որոշում, ինքը «եթե-ներով չի առաջնորդվում», երբ լինի, նոր կասի իր կարծիքը, իսկ ընդհանրապես՝ վերամիավորումը, ըստ նրա, ազգային աղետ չէ։

«Գոյ» թատրոնը նախարարի հետ քննարկել է նաեւ իր՝ մասնավոր թատրոն լինելու հարցը, բայց մնալով իրենց նույն տարածքում, կո՞ղմ է այս տարբերակին։ «Ես այդ բանակցություններին չեմ մասնակցել եւ չեմ կարող ոչինչ ասել»,- ասաց Վ․ Մկրտչյանը։

Թե՛ Մարությանը, թե՛ Մկրտչյանը հավաստիացրին, որ դռները բաց են «Գոյ» թատրոնի առաջ՝ փաստացի հենց այդ դռները փակելով դերասանների առաջ։

Հետաքրքիր է, որ տնօրենի աշխատասենյակ ուղարկված դերասանները վերջում չցանկացան իրենց կարծիքը հայտնել այս միավորման շուրջ՝ պատճառաբանելով, թե ուշանում են փորձից, իսկ իրականում՝ գուցե ոչ մի արդարացում չգտնելով նման որոշման համար։

Փաստենք միայն, որ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման, այլ մշակութային միավորների օպտիմալացման ֆոնին հեռու չէ այն օրը, որ կառավարությունը մի օր էլ որոշի, որ Երեւանում շատ են մի քանի տիկնիկային, դրամատիկական կամ երաժշտական թատրոնները, եւ հերթով վերակազմավորի նաեւ դրանք։ Այդ ժամանակ գուցե «Գոյի» օրինակով նստացույցի դիմեն նաեւ այլ թատրոնների դերասանները եւս։ Թերեւս ուշ է լինելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image