Քաղաքականություն

Մութ սենյակի մեջ լուրջ կատու մի փնտրեք

Մութ սենյակի մեջ լուրջ կատու մի փնտրեք

Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) գլխարկը Ֆոնտենբլոյի աճուրդում վաճառվել է մոտ 2 միլիոն եվրոյով՝ հաղորդում է Osenat աճուրդի տունը։ Սա ռեկորդային գումար է, որ վճարվել է Նապոլեոնի անձնական իրերի համար: Մեկնարկային գինը եղել է 600-800 հազար եվրո: Իսկ Նապոլեոնի ավելի վաղ վաճառված մեկ այլ գլխարկ, որը նա ենթադրաբար կրել է Էլբա կղզու աքսորից փախչելու ժամանակ, իր «երջանիկ» տիրոջը (հարավկորեացի գործարար) գտել է 1,8 միլիոն եվրոյի դիմաց:

Ինչո՞ւ սա ձեզ պատմեցի: Ի վերջո, դուք էլ երեւի լրահոսում տեսել եք այս լուրը եւ գուցե էմոցիաներ չեք էլ ունեցել: Բայց ինձ, կարելի է ասել, այս ինֆորմացիան հուզեց մինչեւ հոգուս խորքը: Ակամա պատմահայր Խորենացուն հիշեցի, որ ասում էր՝ թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում հիշատակելու մեծ գործեր կան: Այո… Մենք էլ մեր Նապոլեոնն ունենք, որ, ճիշտ է, Մոսկվան չի գրավել, բայց քիչ էր մնացել Բաքուն գրավեր: Իսկ ինչ վերաբերում է խելապատառ նահանջին, ապա մեր Նապոլեոնն այդ հարցում ոչնչով չի զիջում իր ֆրանսիացի կոլեգային, ներողություն, գործընկերոջը: Հայ եւ ֆրանսիացի այս երկու պետական-քաղաքական-ռազմական գործիչների ամենամեծ տարբերությունը թերեւս այն է, որ նրանցից մեկը կայսր է եղել, մյուսը՝ սուպերվարչապետ: Կայսեր իրավունքներն ու լիազորությունները, բնական է, շատ ավելի ընդգրկուն են, քան սուպերվարչապետինը, բայց մեր Նապոլեոնն այդ բացը փորձում է լրացնել ամենատարբեր ձեւերով, ընդհուպ բոլոր տեսակի իշխանություններն իր բուռը հավաքելով: Նապոլեոն Բոնապարտը, օրինակ, կերազեր մեր Նապոլեոնի չափ ախրանկա, ոստիկանություն, դատախազ, դատարաններ ունենալ: Նապոլեոն Բոնապարտը կփափագեր ֆեյքերի ֆաբրիկա ունենալ, ստի ու կեղծիքի մեջ թաղել իր օրերի Ֆրանսիան, այդ ֆաբրիկայի միջոցով իր պարտությունները հաղթանակներ հռչակել, բայց, ավաղ… Նա 1821թ. մահացավ աքսորում (Սուրբ Հեղինե կղզի):

Հիմա որ նայում եմ մեր Նապոլեոնի հետագծին, զգում եմ, որ նա աքսորում չի մահանալու: Նախ՝ ո՞վ պետք է նրան աքսորի: Աքսորողը չկա: Եվ ապա՝ նա արդեն կենդանի հուշարձան է, ո՞վ նրան կդատի, կնստեցնի: Զուր ջանքեր են: Նա, որ 44-օրյա պատերազմից հետո մնաց ու «վերընտրվեց», դեռ երկար կձգի: Ես այսպես եմ մտածում, թեեւ վերջին 3 տարում մի 10 անգամ անոնսած կլինեմ նրա մոտալուտ փախուստի կամ պաշտոնանկության լուրը…

Ճիշտն ասած՝ մեր Նապոլեոնի մնալ-չմնալու մասին չէի ուզում գրել եւ, առհասարակ, քաղաքականությունից մի տեսակ հոգնել եմ: Ես ավելի շատ կուզենայի իմանալ, թե ինչ ենք անելու մեր Նապոլեոնի «բարախլոյի» հետ: Խորենացին կասեր՝ թեեւ մեր Նապոլեոնը Նապոլեոն Բոնապարտը չէ, բայց նա էլ անձնական իրեր ունի, որոնց վաճառքից կարելի է դրամ վաստակել ի պետս մեր հպարտ քաղաքացիների: Այս իմաստով արժե, կարծում եմ, սուպերվարչապետի թանգարան բացել ու հենց թանգարանի կամարների տակ կազմակերպել այդ ունիկալ անձնավորության իրերի ցուցադրությունը: Դիցուք՝ նրա տարբեր գույնի գլխարկները՝ «դուխով» մակագրությամբ: Ինչքա՞ն կտան՝ ի՞նչ եք կարծում: Մի հատը ես կառնեմ՝ արխիվիս համար: Հովիկ Աղազարյանն էլ մի հատ կառնի՝ ամռանը գլուխը ծածկելու: Պարոն Խաչատուր Սուքիասյան, Դուք չե՞ք վերցնի, շատ թանկ չէ՝ այս գլխարկի մեջ մեր Նապոլեոնի գլուխն է եղել, ինչն այն դարձնում է գրեթե անգնահատելի: Նախնական գինը՝ 10 հազար դրամ: 10 հազար՝ մեկ, 10 հազար՝ երկու… Այո, Լուլու, 15 հազար: 15 հազար՝ մեկ, 15 հազար՝ երկու, 15 հազար… 20 հազար: 20 հազար, եւ ո՞վ է մեր այդ առատաձեռն ջենտլմենը։ Չի՞ ուզում առաջ գալ, դե, ավելի համարձակ: Օ՛, ոչ, նա չի ցանկանում իր անունը հրապարակել:

Այդուհանդերձ, շնորհավորում ենք, մեր Նապոլեոնի մի գլխարկը Ձերն է, պարոն: Պարոնայք, այսօրվա աճուրդի երկրորդ լոտը Նապոլեոն սուպերվարչապետի ջրի շիշն է: Պարոն Հայկ Սարգսյան, Դուք կարող եք այս լոտին մասնակցել հաշվարկից դուրս, առանց մրցակցության: Ինչքա՞ն կտաք: Այդ շիշը Ձեզ հետ է եղել Գյումրիից մինչեւ Երեւան եւ Երեւանի քայլերթերի ժամանակ: Ի վերջո վաղ շրջանի սուպերվարչապետն է խմել այդ շշից, որ երգեցիկ ձայնը չկորցնի: Պարոն Հայկ Սարգսյան, մի բան տվեք՝ տարեք, լավ շիշ է: Եվ այսպես ամեն շաբաթ սուպերվարչապետի մի «բարախլոյից» կազատվենք: Իսկ դրանք անչափ շատ են՝ ծռմռված բոթասներ, հոտավետ «դուխով» վերնաշապիկներ, ուսապարկ, սմարթֆոն, կիսազինվորական տաբատներ, Եռաբլուր գնալու զրահաբաճկոն, զրահահովանոցներ, զրահադիպլոմատներ… շարքը երկար է: Աճուրդների ժամանակ, անշուշտ, պետք է հաշվի առնել նաեւ չունեւոր խավի շահերը: Դե պողոսներին էլ պիտի մի բան հասնի, հիշատակ՝ սիրելի սուպերվարչապետից ու գերագույն գլխավոր հրամանատարից: Ավելի ճիշտ՝ կնայենք, մետաքսից մայկա-տռուսիկները կառաջարկենք ԱԺ ՔՊ ֆրակցիայի տղամարդկանց, որոնք բանակում առանց տռուսիկ են ծառայել: Օրինակ՝ Վահագն Ալեքսանյանին:

Եթե չտեսի նման միանգամից բոլորը գնի, օպտով էժան կտանք, ձեռքը՝ 20 հազար դրամ: Մետաքս է, ի վերջո: Իսկ էն բամբակի ու բամբազի բաներն էլ, որ պահպանվել են սուպերվարչապետի ամառ-ձմեռ հավաքածուներից, կարելի է նույնիսկ անվճար տալ շարքային վարչապետներին՝ հա՛մ կհագնեն, հա՛մ էլ իրենց մի քիչ սուպերվարչապետ կզգան:
Ի դեպ՝ հայ եւ ֆրանսիացի Նապոլեոնների անուններն էլ են նման՝ երկուսի անվան մեջ էլ առկա են «Ն», «Ո», «Լ» տառերը: Իսկ դուք հարցնում էիք, թե ինչու եմ այսպես հուզվել Նապոլեոնի գլխարկի պատմությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image