Մշակույթ

Ադրբեջանն իր ազգային ատլասում 17 բնագիր քարտեզ է կեղծել՝ ջնջելով «Հայաստան» անունը

Ադրբեջանն իր ազգային ատլասում 17 բնագիր քարտեզ է կեղծել՝ ջնջելով «Հայաստան» անունը

Աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հեղինակած ու վերջերս լույս տեսած՝ «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն եւ «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գիրքն անդրադառնում է Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարություններին։  

Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը մեզ հետ զրույցում նշում է՝ գիրքը փաստագրական է։ Առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են «Հայաստան» անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն։ Սակայն Ադրբեջանը՝ որպես երկիր, հնագույն քարտեզներում գոյություն չունի։ Ադրբեջանի ներկայացրած իբրեւ թե պատմական քարտեզներն ամբողջությամբ սուտ են, որովհետեւ Ադրբեջանը 1918-ին ստեղծված երկիր է, դրանից առաջ Արաքսից հյուսիս «Ադրբեջան» անունով երկիր երբեւէ գոյություն չի ունեցել։ Ադրբեջանը Պարսկաստանի հյուսիս-արեւմտյան նահանգն էր, որը մինչեւ մ․թ․ 2-րդ դարը կոչվում էր Մեդիա, Մարաստան, հետո իրենց Ատրոպատ զորավարի պատվին երկիրը փոխեցին եւ Ատրոպատեն դրեցին, որը մենք հայերեն մինչեւ այսօր Ատրպատական ենք կոչում, իսկ արաբների ներխուժումից հետո աստիճանաբար այդ անունը տրոհվեց եւ դարձավ Ադրբեջան»։

2007-ին Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հրատարակել է Ազիզ Ալեքբարլիի «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել որպես Արեւմտյան Ադրբեջան։ Այդ նպատակին հասնելու համար նրանք հայկական բոլոր հուշարձանները, այդ թվում՝ նախաքրիստոնեական եւ քարի դարաշրջանի հուշարձանները, ներկայացնում են որպես թուրքական տաճարներ, հնություններ։ Նույնիսկ պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը, իրականում, միջինասիական ծագում ունեցող օղուզ թյուրքերի հայրենիքն է։ Գրքում զետեղված երկրորդ հոդվածը քննարկում է այս տեսության հեղինակների երեւակայության ֆանտաստիկ թռիչքը՝ օգտագործելով արեւմտյան եւ իսլամական տարբեր պատմական աղբյուրներ։ Ռ․ Գալչյանն ասում է՝ այդ մասին առաջին անգամ խոսել է 2011-12-ին, նաեւ գիրք է հրատարակել, որտեղ դրա մասին խոսում է օրինակներով։

Գրքի խմբագիրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն է, ում հորդորով էլ գիրքը կազմվում է։ «Ադրբեջանն իր ազգային ատլասի մեջ բազմաթիվ սխալներ է թույլ տվել, օրինակ՝ «պատմական Ադրբեջան» մաս են հատկացրել եւ իբրեւ թե պատմական քարտեզներ են ներկայացրել, արդյունքում, որտեղ «հայ», «Հայաստան» անունները կան, ջնջել են ու տպել այդպես գրքում, իբրեւ թե իրական քարտեզը սա է՝ Հայաստան չկա, բայց Ադրբեջան կա, ու ներկայացնում են դրանք առանց որեւէ հիմնավորման։ Մինչդեռ, Ադրբեջան ընդհանրապես չկա այդ քարտեզներում։ Ես իմ գրքում հենց իրական քարտեզներն եմ հրապարակում, թե իրականում ինչ է եղել, եւ ինչ են ադրբեջանցիները տպել, դրանք դնելով կողք-կողքի։ Ու դա 1 կամ 2 հատ չէ, այլ 17 հատ կեղծված քարտեզ է, որոնք հնագույն քարտեզներ են՝ մ․թ․ 2-րդ դարից մինչեւ 18-րդ դար։ Ընդ որում, շատ փնթի ձեւով են կեղծել, օրինակ՝ լատիներենով նշված է՝ Արմենիա Մայոր (Մեծ Հայք), «Արմենիան» հանել են, «Մայորը»՝ թողել։ Այսինքն՝ չեն հասկացել, որ Մայորը դրա մի մասն է, ու այդ բառն այդպես մնացել է քարտեզի վրա։ Նման հիմարություններ շատ են արել, որ այս գրքում բացահայտել եմ»,- նշում է զրուցակիցս։

Ինչ վերաբերում է «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթին, ապա․ «Երբ Ադրբեջան չկա ու չի էլ եղել, ինչպես կարո՞ղ է Արեւմտյան Ադրբեջան լինել։ Քարտեզներ եմ օրինակ բերել ամբողջ աշխարհից, նաեւ՝ իսլամական երկրների քարտեզներ, անգամ մինչեւ 1913թ․ Թուրքիայի քարտեզներ, որ այդ շրջանում Ադրբեջան չկա, եղել են ընդամենը Աղվանք ու Շիրվան։ Վերջին 50 տարում ես մի քանի տասնյակ հազար քարտեզ եմ նայել՝ Եվրոպայի, Ամերիկայի գրադարաններում, եւ ընդամենը մի քարտեզ գոյություն ունի, որը գրքիս մեջ եմ զետեղել։ Դա 1844թ․ Լոնդոնում հրատարակված մի ատլաս է, որը սիրողական մակարդակի ատլաս է։ Դրա քարտեզներից մեկի վրա Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գրված է Ադրբեջան, հետո նույն ատլասի մյուս քարտեզներում «Ադրբեջան» անունը չկա եւ Պարսկաստանի տարածքի վրա է գրված։ Սա միակ քարտեզն է, մնացած բոլոր հազարավոր քարտեզներում Ադրբեջան՝ Արաքսից մինչեւ հյուսիս, գոյություն չունի։ Դա փաստում են թե՛ արեւմտյան, թե՛ թուրքա-օսմանյան քարտեզները, որ եւս դրել եմ գրքի մեջ»։

Ռ․ Գալչյանն ու գրքում մատնանշում Օսմանյան կայսրության քարտեզներից մեկը, որտեղ իբրեւ թե Ադրբեջանի պատմական տարածքի վրա գրված է Շիրվան․ «Ահա, 1877թ․ Արեւելյան Թուրքիայի քարտեզի վրա մեծ տառերով գրված է Հայաստան, իսկ Ադրբեջանի տարածքի վրա գրված է Շիրվան, որը Պարսկաստանի տարածքն է։ Կա նաեւ 1913թ․ թուրքական քարտեզ, որտեղ նույն պատկերն է․ մի կողմից գրված է Շիրվան, մյուս կողմից՝ Հայաստան ու Վրաստան, ոչ մի տեղ Ադրբեջան գոյություն չունի։ Ու սա իրենց այսօրվա մոտ բարեկամի, դաշնակցի գծած քարտեզն է»։

Ի դեպ, չի ուշացել նաեւ Ադրբեջանի արձագանքը․ գրքի շնորհանդեսից մեկ շաբաթ հետո Բաքվի հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել եւ խոսել իրենց ազգային ատլասի վերաբերյալ իբրեւ թե հայկական կողմից զեղծարարությունների մասին, որտեղ նշել են, թե իբր այս գրքի պատվերն իջեցրել է Նիկոլ Փաշինյանը։ «Բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի տեսել այս գիրքը մինչեւ հիմա․․․»,- զարմացած նկատում է գրքի հեղինակը։

Թե ինչքանով է միջազգային հանրությունն այդ կեղծ քարտեզների հետ հաշվի նստում, եւ ինչքանով է մեր ձայնը լսելի դառնում ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած ստերի կողքին, Ռ․ Գալչյանն ասում է․ «Ադրբեջանի նպատակը պարզ է, որպեսզի ամբողջ Հարավային Կովկասում միայն իրենք լինեն, ավելին՝ նրանք 19թ․ Ազգային լիգային մի հատ քարտեզ ներկայացրին, որ մենք ուզում ենք Ադրբեջանը սա լինի՝ Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով՝ ներառյալ Ախալքալաք, Ախալցխա, Կարս․․․ Իրենց նպատակը սա է, բայց դա չեղավ, Ազգերի լիգան այն մերժեց։ Հետո, գիտեք՝ իրենց հայտարարություններին ոչ ոք իրապես լուրջ չի վերաբերվում քաղաքական աշխարհում, հիմնական պրոպագանդան ուղղված է իրենց ժողովրդին, ներքին մասսաներին, որպեսզի դրանով Ալիեւը ցույց տա իր ժողովրդին, որ ուզում է իրենց երկիրը մեծացնել, վերադարձնել իբրեւ թե իրենց հողերը՝ Հայաստանը․․․»։

Երբվանի՞ց Ադրբեջանը սկսեց շրջանառության մեջ դնել «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը։ Քարտեզագետը նկատում է․ «Այդ մասին Ադրբեջանը խոսել է դեռ 80-ական թվականներին, բայց պաշտոնական մակարդակով առաջին անգամ 2007-ին գիրք հրատարակվեց իրենց ակադեմիայի կողմից՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» վերնագրով։ Գրքի վրա ողջ Հայաստանի քարտեզն էր, իսկ տակը գրված՝ Արեւմտյան Ադրբեջան՝ օղուզ թյուրքերի հայրենիքը։ Իսկ մեր եկեղեցիները՝ Էջմիածնից սկսած մինչեւ Խոր Վիրապ, Զվարթնոց, բոլորը կոչվում են թուրքական տաճարներ։ Այդ նույն գիրքը հրատարակողը 2 տարի առաջ ստեղծեց արեւմտյան ադրբեջանցիների միություն, որը սկսեց զբաղվել Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիների իրավունքներով, որոնք, իրենց ասելով, պետք է վերադառնան իրենց տները։ Բայց մոռանում են նշել, որ Ադրբեջանից էլ ժամանակին դուրս է եկել 400 հազար հայ, որոնք Բաքվում մասնագիտական գործունեություն ծավալող պրոֆեսիոնալներ էին, գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ո՞ւր է նրանց ունեցվածքի հատուցումը։ Մեր իշխանությունը պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանը տիրացել է այդ մարդկանց ունեցվածքին, ոչնչացրել նրանց մշակույթը, հիմա ո՞ւր է հատուցումը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image