Մշակույթ

Եթե կան մարդիկ, որ մտածում են` սա շոու է, կարող են իրենց դասերը նկարել ու մեզ ուղարկել 

Եթե կան մարդիկ, որ մտածում են` սա շոու է, կարող են իրենց դասերը նկարել ու մեզ ուղարկել 

Տարեսկզբին ԿԳՄՍ նախարարությունը նոր նախաձեռնություն ներդրեց, որն ուղղված է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանը։ Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս ընտրվում են հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները՝ 10 անվանակարգում, որոնց թվում՝ «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն», «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ», «Լավագույն խմբակավար», «Հայոց լեզու եւ գրականություն բնագավառի լավագույն ուսուցիչ», «Հայրենագիտություն բնագավառի լավագույն ուսուցիչ» եւ այլն։
Ըստ հրապարակված ընթացակարգի՝ յուրաքանչյուր ամիս մասնակիցները սահմանված ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում են համապատասխան լիազոր մարմնին՝ դիտարկման: Յուրաքանչյուր լիազոր մարմին ձեւավորում է հանձնաժողով եւ յուրաքանչյուր անվանակարգում ընտրում երկու լավագույնների:

Օրինակ՝ «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն խմբակավար» անվանակարգերին մասնակցելու համար մասնակիցներն ուղարկում են տվյալ բնագավառի դասի կամ խմբակի տեսագրություն՝ 10-12 րոպե տեւողությամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ 1-2 էջի սահմաններում, նշելով, թե ինչ նպատակ է դրված եղել իրենց առջեւ, ինչ խնդիրներ են լուծել, ինչ վերջնարդյունք ապահովել: «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» անվանակարգին մասնակցելու համար տնօրենը ներկայացնում է չափորոշչի ներդրմանն ուղղված գործողությունների հաշվետվություն՝ 2-3 էջի սահմաններում: Անվանակարգից կախված՝ փոխվում են նաեւ պահանջները։
Լավագույնների ընտրության չափանիշները սահմանվում են ԿԶՆԱԿ-ի կողմից: Ընտրված մասնակիցների մասին տեղեկատվությունն ուղարկվում է ԿԶՆԱԿ՝ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 12-րդ աշխատանքային օրը ներառյալ: ԿԶՆԱԿ-ի կողմից ընտրվում է յուրաքանչյուր անվանակարգի լավագույն մեկ մասնակից՝ յուրաքանչյուր մարզից, եւ փոխանցվում ԿԳՄՍ նախարարությանը։

ԿԳՄՍ նախարարությունն արդեն ամփոփել է առաջին 2 ամիսների արդյունքները: Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նկատում է` քանի որ նախաձեռնությունը նոր է, եւ շատերն ընթացակարգը դեռ լավ չեն պատկերացնում, ապա առաջին ամսում թե՛ մասնակցությունն է ցածր եղել, թե՛ ներկայացված փաթեթների որակը. «Առաջին ամսվա արդյունքներով, 12 մրցանակակիր ունեցանք, դրանից հետո գնահատող հանձնաժողովը որոշակի դիտարկումներ արեց՝ գնահատման չափանիշների, գործընթացի հետ կապված, որոնք վերանայվեցին, եւ այս ամիս թե՛ մասնակցությունն ավելի շատ եղավ, թե՛ հաղթող մրցանակակիրները՝ 17 հոգի»: 
Այդուհանդերձ, չնայած մասնակցության աճին, ոչ բոլոր անվանակարգերում են եղել մրցանակակիրներ. «Փետրվարին մենք արդեն մարզերից 37 հայտ ենք ստացել, որից ընտրվել է 17-ը, բայց թե ի սկզբանե ինչքան հայտ է եղել, չեմ կարող ասել, որովհետեւ ֆիլտրն այսպես է աշխատում․ նախ՝ դպրոցները հայտերն ուղարկում են մարզային լիազոր մարմիններին, նրանք այդ ուղարկվածներից անում են ընտրություն եւ հաղթարժան հայտերն արդեն ֆիլտրած՝ ուղարկում են մեզ: Այսինքն՝ փետրվար ամսվա ֆիլտրած հայտերն են` 37, ստացվում է` յուրաքանչյուր մարզից մոտավորապես 3-4 հայտ ենք ստացել: Այդ 37 հայտից էլ բարձր միավորների (8-10 միավոր) արժանացել է 17 հայտ: 
Փաթեթների գնահատումն իրականացնում է ԿԶՆԱԿ-ը, այնտեղ ձեւավորված է մասնագիտական եւ մեթոդական խումբ, որը դիտարկում է ներկայացված փաթեթները` իրենց կողմից մշակված գնահատման չափանիշներով: Դրա հիման վրա 3 պարամետրով գնահատում են անում եւ իրենց գնահատման արդյունքներն ուղարկում են մեզ: Նախարարությունն էլ արդեն հիմնվում է ԿԶՆԱԿ-ի տված գնահատականների վրա, որը միավորներով ներկայացնում է, թե որ հայտը որ անվանակարգում քանի միավոր է ստացել»: 

Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ նախարարության նպատակը ոչ թե ամսվա լավագույններին պարգեւատրելն է, այլ լավագույն փորձը գտնելն ու այդ լավագույն փորձառությունը տարածելը. «Մենք հիմա մտածում ենք, թե նաեւ ինչպես այդ ուսուցիչների հետ փորձի փոխանակման հնարավորություններ ստեղծենք, որովհետեւ նպատակը ոչ թե հաղթողներ ունենալն է, այլ լավ փորձառություն գտնելը եւ այդ լավ փորձառությունը տարածել-կիսելն է։ Դրա համար մենք նայում ենք բոլոր այն հայտերը, որոնք լավ, բարձր գնահատականների են արժանացել, սահմանափակումներ չունենք, եւ դրանց հետ կապված՝ որոշ բաներ պլանավորում ենք անել»:

Մեր այն դիտարկմանը, թե մանկավարժական ու մասնագիտական համայնքում շատ քննադատվեց հատկապես 10 րոպեանոց տեսանյութեր ներկայացնելու պահանջ-կետը, որը շատերի կարծիքով կարող է վերածվել շոուի, բացի այդ, դրանով չես կարող որոշել, թե որ ուսուցիչն է լավագույնը, Թ. Սարգսյանը նկատում է․ «Միշտ կարելի է ցանկացած իրականացվող գործընթացում ասել, որ այս գործընթացն ունի այսպիսի ռիսկեր, դրա համար պետք չէ ինչ-որ բան անել, բայց եթե մարդը կարող է 10 րոպեանոց այնպիսի տեսանյութ ցույց տալ... իսկ, հավատացեք, այն մարդիկ, ովքեր դպրոցի հետ կապ ունեն, հրաշալի հասկանում են` որն է բեմադրված, եւ որտեղ են երեխաները սպոնտան ու անկեղծ: Հիմա, եթե մարդը կարողանում է 10 րոպեանոց դասի ընթացքում 10 րոպե առանձնացնել, նկարահանել, որտեղ դու կարողանում ես տեսնել երեխաների մասնակցությունը, ներգրավվածությունը, ինչ-որ կոմպետենցիայի ձեւավորումը, ապա այստեղ շատ հարցեր չեն մնում։ Այսինքն՝ տվյալ մարդն այդ կարողությունն ունի եւ կարողանում է դա անել, իսկ եթե կասկածում ենք, ապա պետք է ստուգենք` արդյոք այդ մարդը մի՞շտ է նման ձեւերով անում իր դասը, թե՞ միայն հայտ ներկայացնելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, սա վկայում է, որ առնվազն տվյալ ուսուցիչը տվյալ կարողությունն ունի, եւ ինքը կարող է կոմպետենցիաների զարգացմանն ուղղված դաս պլանավորել եւ անցկացնել: Դրա համար շատ չենք ուզում դրա վրա ֆիքսվել եւ մեր հիմնական շեշտադրումը դնում ենք դրական փորձառության վրա: Եթե մարդիկ կան, որ մտածում են` սա շոու է, կարող են իրենք էլ փորձել եւ իրենց դասերը նկարել, մեզ ուղարկել, դրանով ստեղծեն նաեւ այդ հակակշիռը: Այսինքն՝ եթե մենք վախենանք այդպիսի իրավիճակներից, ուրեմն պետք է ոչինչ չնախաձեռնենք, բայց մենք ուզում ենք խրախուսել լավագույն փորձը»:

Նկատենք, որ ամսվա լավագույնների համար ԿԳՄՍՆ-ն դրամական խրախուսանք չի նախատեսել, միայն ճանաչում ու դրական փորձի լուսաբանում: Որպես բոնուս, ամսվա լավագույնները տարեվերջին կարող են մասնակցել նաեւ «Տարվա լավագույնները» մրցույթին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image