Քաղաքականություն

Հերթական հետքայլն իր քարոզած դիրքորոշումներից

Հերթական հետքայլն իր քարոզած դիրքորոշումներից

Նախորդ դարի 30-ականների երկրորդ կեսին Անգլիայի և Ֆրանսիայի վարչապետներ Նեվիլ Չեմբերլենն ու Էդուար Դալադիեն աչքի ընկան նրանով, որ փորձում էին ամեն գնով առաջ մղել նացիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին խաղաղացնելու քաղաքականությունը: Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած հզոր պետությունը վերջինիս ղեկավարությամբ արագ տեմպերով վերականգնում էր իր տնտեսությունը և դրա հետ միասին՝ ռազմական հզորությունը:

Չգիտես վախից թե խղճի խայթից դրդված՝ հաշվի առնելով նախորդ պատերազմում պարտված Գերմանիայի վրա հսկայական ռազմատուգանքների սահմանումը, եվրոպական այդ ղեկավարները փորձում էին լեզու գտնել կանցլերի հետ: Թե ինչպես ավարտվեց դա՝ հայտնի է բոլորին:

Մյունխենյան համաձայնագիրը 1938-ի սեպտեմբերի 30-ին Լոնդոնի օդանավակայանում հաղթականորեն թափահարելով՝ Նեվիլ Չեմբերլենը հայտարարում էր, որ խաղաղություն է բերել իրենց սերնդի համար: Այնինչ, համաձայնագրի գործողության ժամկետը սահմանափակվեց 11 ամսով. հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Անգլիայի և Ֆրանսիայի պաշտպանության ներքո գտնվող Լեհաստանի վրա՝ տալով Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը:

Նույն պատմությունը, բայց շատ ավելի դաժան կերպով, պատահեց Խորհրդային Միության հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից մեկ շաբաթ առաջ Գերմանիայի ու խորհրդային երկրի միջև կնքվեց Չհարձակվելու վերաբերյալ պայմանագիրը կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Եվ երբ շուրջ երկու տարի անց, առանց պատերազմ հայտարարելու, Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, երկրի ղեկավար Ստալինն, ըստ հուշագրությունների, նյարդացնցման մեջ էր ընկել ու երկու շաբաթ խելքի չէր գալիս:

Որովհետև չէր հավատում, որ Հիտլերը կարող է դրժել իր խոսքը և խախտել պայմանագիրը: Այդ պատճառով էլ Գերմանիայի հարձակման վերաբերյալ լուրը ռադիոյով հայտնեց ոչ թե ինքը, այլ Ժողովրդական կոմիսարների նախագահի պաշտոնում իր նախորդը՝ Վյաչեսլավ Մոլոտովը: Ով նաև զբաղեցնում էր արտաքին գործերի ժողկոմիսարի պաշտոնը և ստորագրել էր պայմանագիրը: Իսկ Իոսիֆ Ստալինի խոսքը հնչեց շուրջ երկու շաբաթ անց:

Վերը հիշատակված երկու դեպքն էլ վկայում են պաշտոնական համաձայնագրերի զորության վերաբերյալ քաղաքական գործիչների անհիմն հավատի մասին: Ինչպես նաև այն հանգամանքի մասին, որ ոչ մի թղթի կտոր էլ իրականում ի զորու չէ կանգնեցնել ագրեսորին, եթե վերջինս համարում է, որ եկել է այն պատռելու և դեն գցելու հարմար պահը:

Երկու դեպքում էլ ագրեսիայի ենթարկված երկրները դաժանորեն պատժվել են իրենց միամտության պատճառով: Հատկապես ցամաքային հարձակման ենթարկված Խորհրդային Միությունը կրեց մարդկային ու նյութական ամենածանր կորուստները: Մարդկային ծանր կորուստներ կրեց նաև հայությունը. Սովետական Հայաստանից (300 000) և պետության այլ վայրերից Հայրենական պատերազմին մասնակցած՝ ընդհանուր 600 հազարից կեսը մնաց ռազմադաշտերում:

Մեր այսօրվա դեպքում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի օգտին կարող է խոսել միայն ԱՄՆ 47-րդ նախագահ Թրամփի՝ թղթի ստորագրմանը՝ թեկուզ որպես ընթերակա, մասնակցելու գործոնը: Վերջինս, եթե հիշում եք, Նիկոլին ու Իլհամին խորհուրդ տվեց խնդիրներ առաջանալու դեպքում զանգել իրեն: Վստահաբար, այն ուղղված էր իրականում Նիկոլին, քանի որ վերջին յոթ տարում մեր երկրի հետ հարաբերություններում Իլհամը խնդիր չի ունեցել և չի էլ ունենա, որպեսզի դիմի Թրամփին: Բայց, ինչպես երևում է,Թրամփն անկանխատեսելի անձնավորություն է, ու դա գիտակցում է նաև թշնամական երկրի բռնապետը:

Ու, բնականաբար, կզգուշանա այնպիսի քայլ անելուց, որը կարող է առաջ բերել Դոնալդ Թրամփի զայրույթը: Այդ տեսակետից Փաշինյանը կարող է իրեն պաշտպանված զգալ մինչև 2028 թվականի նոյեմբերի՝ Նահանգների նախագահական ընտրությունները:

Եթե, իհարկե, մինչ այդ շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Բայց Դոնալդ Թրամփի հույսին մնալը նշանակում է, որ ինքը ստիպված է կատարել հերթական հետքայլն իր քարոզած դիրքորոշումներից: Այն է՝ Հայաստանի անվտանգությունն, իր ասելով, պետք է կառուցված լիներ բազմավեկտորային ուղղվածության հենքի վրա, և այն պետք է կրեր ինստիտուցիոնալ բնույթ: Ինչի մասին խոսել է բազմիցս՝ դա համարելով միակ ընդունելի մեխանիզմը: Տվյալ դեպքում, ինչպես երևում է, նահանջ է կատարվել այդ երկու պահանջներից:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image