Հուլիսի 9-ին Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղանքի տեղազննման աշխատանքներին ներկա էր նաև Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը նույնպես անդրադարձել է այս շռնդալից և մեծամասշտաբ զբոսաշրջային նախագծին և իր հավանությունը տվել ծրագրին: Նախարարի խոսքով իրենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը արագ, առանց խոչընդոտների իրականություն դառնա։
«Այստեղ գալու իմաստն այն է, որ հասկանանք Կառավարության անելիքների ցանկը: Բնականաբար այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, այնուամենայնիվ, մենք այսօր կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունն իր օժանդակությունը կհայտնի նախագծին: Հետո էլ՝ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը կապահովի նախագծի օժանդակությունը»- ասաց Քերոբյանը։
Նախարարի խոսքով վերջին տարիներին զբոսաշրջության բյուջեն կտրուկ մեծացել է՝տարեկան մի քանի միլիարդով և ընդգծեց, որ անցած տարի՝ օրինակ 4 միլիարդ դրամ ուղղվել է միայն ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք տարբեր տիպի ենթակառուցվածքներ են՝ Գյումրիում, Գորիսում, Ջերմուկում, Արենիում և այլ տեղերում: Նշեց նաև, որ ամեն տարի այդ ծավալը մեծանալու է: «Ընդհանրապես զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը մենք համարում ենք պատշաճ բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա, որ զբոսաշրջիկները Հայաստանում տեսնեն ավելի շատ բան, ավելի շատ գումար ծախսեն՝ ամեն տեղ այցելելիս և դա անեն հաճույքով: Այս տարվա մեր բյուջեն ավելի մեծ է: Ընդհանուր առմամբ մենք հաջորդ տարվա համար էլ պլանավորել ենք 9 միլիարդ դրամի ներդրումներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտին տրամադրելու համար։ Բնականաբար միայն կառավարությունը չէ, որ ներդրումներ է անում զբոսաշրջության մեջ: Այսօրվա նախագիծը լավ օրինակ է, թե ինչպիսի խոշոր մասշտաբի զբոսաշրջային ներդրումներ են սկսվում Հայաստանում։Եվ մենք բնականաբար շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին այս ներդրումը նախաձեռնելու համար: Կարծում ենք՝ իսկապես մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի»,-ասաց նախարարը։
Վերջինս գտնում է, որ ենթակառուցվածքները պետք է բերել հասցնել այն մակարդակի, որ կարողանան պատշաճ զբոսաշրջային հոսք ապահովել։ Դրա հետ կապված Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր ներդրողների, բոլոր բիզնեսմենների հետ համագործակցում է: