Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Այն ՍԴ է մուտքագրվել մարտի 10-ին։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրով:
Հանրապետության նախագահը հույս էր հայտնել, որ ՍԴ-ի որոշումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:
ՍԴ-ից «Հրապարակ»-ին փոխանցեցին, որ «Սահմանադրական դատարանի մասին օրենքով», Սահմանադրական դատարանը 3 օր ժամանակ ունի նախագահից ստացված դիմումի համապատասխանությունը ՍԴ-ի մասին օրենքին պարզելու և, դրա հիման վրա հետագայում վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում կայացնելու համար։ Դրանից հետո ՍԴ աշխատակարգային նիստով քննարկվում է գործը վարույթ ընդունելու հարցը։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում արդեն նշանակվում է դատական նիստ։ Նշված գործողությունների համար սահմանված ժամկետը 1 ամիս է։
Հարցին, թե հաշվի առնելով այս դիմումի մեծ հնչեղությունը, հնարավո՞ր է այն ավելի շուտ քննվի, պատասխանեցին․ «Սահմանադրական դատարանը, քանի որ իրավունքի գերակայության սկզբունքով պետք է աշխատի, հանրային հնչեղությունը չեմ կարծում, որ այս հարցում փոփոխություն պետք է մտցնի»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։ Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27-ին։
Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: