Ավելի քան մեկ դար առաջ՝ 1918 թվականին, Վլաչեսլավ Շիշկովը սկսեց գրել իր էպիկական մեծածավալ գործը՝ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի հեռավոր Սիբիրում բռնկված ոսկու տենդի մասին։ Վեպը գրելուց երկու տասնամյակ առաջ Շիշկովը ճամփորդել էր սիբիրյան գետերով՝ Օբ, Ենիսեյ, Լենա, Անգարա, Իրտիշ, Ներքին Տունգուսկա։ Հենց Ներքին Տունգուսկան էլ դարձել է վիպական հորինված «Խոժոռ գետը»` ահռելի մի տարերք, որ թվում է, թե իր լռությամբ ու բացարձակ անտարբերությամբ մշտապես ճնշում է վեպի հերոսներին։ Վեպը հրատարակվել է 1928 թվականին, էկրանավորվել 1968 եւ 2021 թվականներին։ Վեպում պատմվում է Գրոմովների կլանի մասին։ Նրանք՝ այսօրվա ընկալմամբ, գործարարներ էին, վաճառականներ, արդյունաբերողներ ու ավազակներ՝ այն ժամանակների պատկերացումներով։ Վեպը սկսվում է խանութպանի մահվամբ՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով։ Մահացող Դանիիլ Գրոմովն իր վերջին շնչում կանչում է որդուն՝ Պյոտրին, ու նրան տալիս ողջ ունեցվածքը՝ որպես ժառանգություն։ Նաեւ հայտնում է այն գաղտնիքը, թե ինչպես է կարողացել կուտակել իր հարստությունը։ 19-րդ դարի Ռուսաստանի խորքերում Դանիլան կարողացել է հարստություն դիզել ավազակությամբ եւ մարդկանց կործանելով։ Սակայն Պյոտրին այնքան էլ չի հուզում ունեցվածքի ծագումը։ Նրա մտքում միայն հարուստ մարդու փայլուն ապագան է։
Շուտով ուսումնառությունից վերադառնալու է որդին՝ Պրոխորը, եւ Պյոտրը նրան հանձնարարում է ճանապարհ բացել Խոժոռ գետով՝ դեպի Գրոմովների փառքի ու հարստության գագաթը։ 17-ամյա Պրոխորը գնում է տայգա՝ առեւտրային ճանապարհներ հարթելու, տեղանքն ուսումնասիրելու եւ ռեսուրսներ ու հնարավորություններ որոնելու։ Գրոմովների երեք սերունդը ներկայացնող՝ պապը, հայրը եւ որդին, վեպի սկզբում թվում է, թե շատ տարբեր են։ Սակայն արյունոտ փողերի անեծքն իրեն երկար սպասեցնել չի տալիս, միայն թե պատշաճ ժամանակը պետք է վրա հասներ։ Շիշկովը կարողանում է հերքել այն թեզը, թե որդիները պատասխանատու չեն իրենց հայրերի արարքների համար։ Խառնաշփոթ ընտանեկան եւ գործարար հարաբերություններ, մութ առեղծվածներ, անցյալի գաղտնիքներ, տարատեսակ գայթակղություններ, սերեր եւ վայրիվերումներ․․․․ այս ամենը վեպի շարադրանքի հիմքն են, որ այն դարձնում են հետաքրքիր ու գրավիչ՝ ընթերցողի համար։