Նոյեմբերի 20-ի մեր «Ինչու չի արգելվում չայթուկների վաճառքը, ով է հարստանում երեխաներին ինքնավնասումից» հոդվածին արձագանքելով, Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչ Շաքե Դիլբոյանը, դիմել է «Հրապարակին», խնդրելով որ թեժ պահենք թեման: Գրել էինք, որ պայթուցիկ նյութերի վաճառքը անչափահասներին արգելվում է: Բայց ոչ մի պետական մարմին չի ցանկանում իր վրա վերցնել այս հարցի լուծումը: Երեկ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ հսկողություն իրականացնող մարմինը քաղաքապետարանն է: Այսօր տիկին Շաքե Դիլբոյանը զանգահարել է քաղաքապետարանի թեժ գիծ եւ այնտեղից ստացել է պատասխան, որ քաղաքապետարանը պայթուցիկի վաճառքի վերահսկմամբ չի զբաղվում:
«Շատ ակտիվ կյանք չեմ վարում, հիվանդ կին եմ, քաղցկեղով եմ տառապում: Այդ ճայթուկների պատճառով օրեր շարունակ չեմ կարողանում քնել, վեր եմ թռչում անկողնուս մեջ, սիրտս վատանում է: Այ հիմա էլ շուրթերս չորանում են, որ մտածում եմ, հիմա սկսվելու է: Նախկինում կար այդ օրենքը, որ չի կարելի պայթուցիկ վաճառել: Անցյալ տարի ոստիկանները զգուշացրեցին խանութներին, որ վաճառք չիրականացնեն, բայց հիմա էլի ամենուրեք նորից պայթեցնում են: Ոչ միայն երեխաները, մեծ տղամարդիկ էլ: Վերցնելու եմ երկու պղնձի կափարիչ, իրենց ականջի տակ իրար խփեմ, ասեմ՝ լա՞վ է: Այդ նույնը ես եմ զգում», - գանգատվում է տարեց կինը:
Էրեբունու ոստիկանների հետ նա երեկ վեճի է բռնվել: Նրանք ասում են՝ կարելի է պայթեցնել: «Այսինքն՝ բարձր երաժշտություն չի կարելի միացնել, բայց բոմբեր կարելի՞ է խփել: Թող հավաքեն բոլոր խանութներից՝ Փեթակից, Սուրմալուից, զենք սարքեն, ուղարկեն զինվորներին: Կամ՝ ժամ են դրել, ասում են, մինչև գիշերվա 11 կարելի է, էդ ժամն էլ մի դրեք: Ասեք՝ 24 ժամ կայֆ արեք, ժողովուրդ: Լավ, 44 օրյայից հետո դեռ չե՞ք կշտացել էդ բոմբերի ձայներից: Երաժշտություն միացրեք, ուրախացեք, ասեք՝ վերջ պայթյուններին: Հիմա մենակ ուրախանում ենք: Երեկ ամբողջ օրը երեխաները պայթեցրել են: Վարդաշենի բոլորն խանութներում բացահայտ վաճառք են անում անչափահասներին: Դուք գրել եք, որ օրենքով արգելված է անչափահասներին պայթուցիկ վաճառել, դա որքանո՞վ է ճիշտ, եթե ես իմանամ, որ դա ճիշտ է, ես ինքս կպայթեցնեմ դրանց»:
Մենք ուղղորդեցինք տիկնոջը, տեղեկացնելով, որ այս մասին տեղեկացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից: Բայց արի ու տես պետական մարմինները ոչ իրենք իրենցից են տեղյակ, ոչ օրենքներից, ոչ էլ մեկը մյուսից: Եւ ինչու այն լավը, ինչ անում են եվրոպացիք, մերոնք չեն կիրառում: Եվրոպական երկրներում կենցաղային նշանակության պայթուցիկ նյութերի վաճառքն արգելված է: Բայց մերոնք միայն վատն են կրկնօրինակում Եւրոպայից, հայկական իրականությանը անհամապատասխան օրենքներն ու կարգերը: Իսկ այն, ինչ գումար է բերում ու արագ հարստացում՝ երբեք: Մեզ մոտ փող աշխատելը սուրբ գործ է, իսկ հացին ու կաշառքին վայիս լինելը՝ սրբապղծություն: