Մամուլից մի տեսանյութի վերնագիր ընկավ աչքովս. «Մենք ոչ ոքի չենք տեսնում կաթողիկոսի դերում, պետք էլ չի, որ տեսնենք, եկեղեցին՝ ինքը կմաքրվի»: Խոսողը երիտասարդ ՔՊ-ական պատգամավոր Պողոսյան Մարիամն էր: Նայեցի տեսանյութը. այն բավական կարճ էր, ընդամենը 6․5 րոպե: Հետո ԱԺ կայքում կարդացի վերջինիս կենսագրությունը: Պարզվեց, որ բավական երիտասարդ է, մարդ, որ նոր-նոր է ակտիվ կյանք մտել եւ գործավարից ու օգնականից անմիջապես վերածվել է պատգամավորի: Չնայած դա էլ է բնական՝ աննորմալ մեր իրականությունում, քանի որ 2018-ից այս կողմ այն ծուռ հայելիների թագավորություն է դարձել, ապա հենց նման անձինք էլ պետք է հավաքագրված լինեն ՔՊ-ում, դատարաններում կամ այլ պետական կառույցներում: Ասեմ, որ անձամբ տիկնոջ դեմ ոչինչ չունեմ՝ նրան չեմ ճանաչում, բայց նորմալ պայմաններում երիտասարդ տարիքում մարդիկ լինում են հեղափոխական եւ ոչ թե իշխանական: Օրինակ՝ 1960-ականների երիտասարդական խռովություններն Արեւմուտքում ու հիպպիական շարժումը: Հետաքրքրության համար համացանցը գուգլելիս բացահայտեցի, որ այդ շրջանակում «հիպպիների արքա» տիտղոսը կրել է «ութմատանի Էդդի» անունով ամերիկահայ Երդվարդ Մազմանյանը, որը 2010-ին 85 տարեկանում մահացել է Հնդկաստանում:
Վերադառնանք ՔՊ-ական տիկնոջը. վերջինիս խոսքը, իհարկե, չէր համապատասխանում Եկեղեցու առումով նրա վերադասի պատկերացումներին: Վերադաս ասելով նկատի չունեմ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենին, որովհետեւ նա չէր Պողոսյան Մարիամին սկզբում նշանակել «Իմ քայլը» խմբակցության գործավար, հետո՝ փորձագետ, վերջում էլ դարձրել ՔՊ-ական պատգամավոր: Դա արել էր Նիկոլ Փաշինյանը: Եվ դա էլ է ծուռ հայելիների թագավորությունից, քանի որ պատերազմում պարտվածին սովորաբար դեն են գցում եւ ոչ թե մեծարում: Իսկ եթե մնում է, ապա միայն պարտությունը հաղթանակի վերածելու նպատակով: Խոսքն իրական պարտությունն իրական հաղթանակի վերածելու մասին է եւ ոչ թե, ասենք, «Պարտությունը հաղթանակ է» կարգախոսով առաջնորդվելու. «1984» վերնագրով վեպի հեղինակ, անգլիացի Ջորջ Օրուելի հոգու ականջը կանչի, եթե, իհարկե, առկա է նման երեւույթ:
Անցնենք տիկնոջ ասածի բովանդակությանը: Դրա առաջին մասը, որ իրենք ոչ մեկին չեն տեսնում կաթողիկոսի դերում, կարող է եւ ճշմարիտ լինել: Այն առումով, որ իրենց առաջնորդը հնարավոր է դեռեւս չի պատկերացնում, թե ով կարող է փոխարինել Գարեգին Բ-ին, եթե իրեն հաջողվի հաղթել հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմում: Թեկնածուները, իհարկե, շատ են՝ մեկ տասնյակ, իսկ եթե ամուսնացյալ քահանաներին էլ հաշվենք, ապա մի քանի տասնյակ, բայց նրանք, բարոյականության տեսակետից, շատ ավելի անընդունելի են, քան գործող կաթողիկոսը: Իսկ նիկոլական կանոնադրությունն էլ դեռեւս առկա չէ: Գումարած այն, որ դրանք՝ բոլորը, դեմ են գնացել եկեղեցական կանոններին, ուրեմն չեն կարող հեղինակություն վայելել ո՛չ Եկեղեցու ներսում եւ ո՛չ էլ դրսում: Դա, իհարկե, օգտակար հանգամանք է Եկեղեցին կառավարելու տեսակետից, սակայն կարող է խնդիրներ առաջացնել արտաքին աշխարհում: Եվ վերջապես՝ այս օրերին դավաճանում են կաթողիկոսին, վաղը կարող են դավաճանել նաեւ իրեն: Իսկ դա կարող է իր իշխանության տակ դրված դանդաղ գործողության ականի դեր կատարել:
Անցնենք տիկնոջ խոսքի երկրորդ մասին. «…պետք էլ չի, որ տեսնենք…»: Այստեղ արդեն տիկինը կա՛մ սուտ է խոսում եւ կա՛մ միամիտ է: «Մեծարգոն» այնքան հիմար չէ, որ իր գործադրած հսկայական ջանքերից հետո ազատություն տա հոգեւորականներին: Դա նույնն է, որ ինչ-որ մեկը սեփական այգում (հիշենք «վարչապետը մեր երկրի տերն է» սափեյանական դատողությունը), ասենք, մարիխուանա թմրանյութ ստանալու համար կանեփ ցանի, աճեցնի, իսկ հետո, օգտագործելու կամ վաճառելու փոխարեն, նվիրի որեւէ պատահական անցորդի: Կյանքում այդպես չի լինում, եւ ՔՊ-ականի վերածված երիտասարդ տիկինը պետք է որ դա գիտակցեր: Ուրեմն, ոչ միայն պետք է, որ տիկնոջ վերադասը տեսնի որեւէ մեկին կաթողիկոսի դերում, այլեւ հենց հիմա էլ վստահաբար նման անձի փնտրտուքների մեջ է:
Ավարտենք մեր վերլուծությունը: Վերջում ասում է․ «… Եկեղեցին ինքը կմաքրվի»: Այստեղ արդեն հստակ երեւում է, որ տիկինը կա՛մ իսկապես միամիտ է եւ կա՛մ... ՔՊ-ական է: Իսկ ՔՊ-ականը, ինչպես հայտնի է քառօրյա պատերազմի հերոս Աբաջյանի կեղծ պապիկի ելույթից, տեսականորեն անգամ չի կարող չլինել կեղծիք չկրող: Եթե Նիկոլին անհրաժեշտ լիներ, որ հայոց եկեղեցին ինքնամաքրվեր, ապա դրա համար կստեղծեր անհրաժեշտ պայմաններ՝ ընթացքում աջակցելով դրան եւ ոչ թե կպատերազմեր Եկեղեցու դեմ: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, տեսնողը կամ գիտակցողը, եթե ինքն իր հետ լիներ ազնիվ, վաղուց դուրս կգար թե՛ այդ կուսակցությունից եւ թե՛ գործող իշխանությունից: Դա ասում եմ որպես մեկը, որը շուրջ երկու տասնամյակ կռիվ է տվել նախկինների դեմ, 2018-ին ողջունել է Սերժի դեմ շարժման հաղթանակը, իսկ մինչեւ տարեվերջ համոզվել է, որ ինքն ու իր երբեմնի ծանոթ Նիկոլն իրար հետ գնալու ճանապարհ չունեն: Ինչեւէ, Եկեղեցին այսօր իսկապես գտնվում է ծանր ու դաժան ինքնամաքրման գործընթացում: Ու դա տեղի է ունենում ոչ թե շնորհիվ Նիկոլի, այլ հայոց եկեղեցու դեմ նրա նախաձեռնած պատերազմի արդյունքում:
Ուղղակի ողջ խնդիրն այն է, որ տիկին Պողոսյանն ու նրա վերադասը Եկեղեցու ինքնամաքրման գործընթացը հասկանում են ՔՊ-ավարի: Այսինքն՝ ոչ այնպես, ինչպես հայրենիքի զգացողություն ունեցող անձինք: Մեր պատկերացմամբ՝ ինքնամաքրումը ենթադրում է, որ Եկեղեցուց հեռացվելու են բոլոր նրանք, ովքեր միացել են հակաեկեղեցական արշավին: Կարեւոր չէ՝ դա արել են «կոմպրոմատային» ճնշումների արդյունքո՞ւմ, թե՞ 5 միլիոնով կամ ավելի մեծ գումարով իրենց հոգին սատանային վաճառելու գնով: Ու, որքան հասկանում եմ, դրանից հետո առաջիկա 100-150 տարում հայոց եկեղեցին լինելու է ամենամաքուրը քրիստոնեական աշխարհում: Որովհետեւ եթե որեւէ հոգեւորական՝ լինի ամուսնացյալ քահանա, թե կուսակրոն եպիսկոպոս, որեւէ ոչ կանոնական վարք դրսեւորելիս կհիշի 21-րդ դարասկզբի հակաեկեղեցական արշավի պատմությունը, ինչը նրան հետ կպահի նույնը կրկնելուց: