Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցը, մեր տեղեկություններով, չեղարկվել է։ Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը սեպտեմբերի 25-30-ը պատրաստվում էր պաշտոնական այց կատարել Կանադա՝ Օտտավա։ Մենք գրել ենք, որ պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը մեզ փոխանցեց, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է՝ անհայտ ժամկետով, հետաձգող կողմն էլ՝ Կանադան է․
«Այցը հետաձգվել է Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով։ Կանադայում կոալիցիոն ուժերից մեկը լքել է կոալիցիան ու երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը զանգել է պարոն Սիմոնյանին ու խնդրել այցի ժամկետները հետաձգել՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Պարոն Սիմոնյանը տվել է համաձայնություն, իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված էլ կքննարկվեն հետաձգված այցի ժամկետները»,- պարզաբանեց խոսնակը։
Հիշեցնենք՝ կանադական այցին ընդառաջ՝ օրերս, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցելության առիթով: Կան տեղեկություններ, որ հայ համայնքն է դեր խաղացել։
«Միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։ Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները՝ առանց ընդդիմության պատգամավորների: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երևույթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։
Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը: Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձևը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդավարության դրոշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։ Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետևողական զիջումներով, սահմանազատման ապօրինի և անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը և նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, և առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»,-ասված է հայտարարության մեջ: