Մի գրառում աչքիս ընկավ։ Նման պատմություններ մենք էլ ենք լսել մեր մեծերից․ ասում էին՝ Տան Աստվածաշունչը տնից չեն հանում, քանի որ նա պահապան հրեշտակ է։
Բայց քանի որ այս անգամ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թեման ավելի հետաքրքիր է դառնում։ Նա հայտնում է, որ իր տան Աստվածաշունչը նվիրել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։
Օգտատերերից մեկը նրա ֆեյսբուքյան էջում պատմում է.
«Աստվածաշունչը, Սուրբ գրվածքները չի կարելի նվիրել կամ տնից հանել։ Եթե Տերը քեզ է կամեցել, ուրեմն՝ ոչ մեկին մի՛ տուր։
Սուրմալուից գաղթած իմ մայրական պապը, որ հարուստ ու երևելի մարդ էր, շատ որբերի էր փրկել սովից։ Գաղթի ճանապարհին տեսնում է գետում խեղդվող կնոջ՝ գրկում փոքրիկ երեխա։ Ինքը ջուրն է նետվում, որ մորը փրկի։ Բայց երբ դուրս է բերում, նկատում է, որ գրկում ոչ թե կին է, այլ Ավետարան՝ բազմադարյան։
Թուրքերը քանդել ու այրել էին եկեղեցիները, Սուրբ գրքերը գցել գետը։ Այդ փրկված Ավետարանը մինչ օրս մեր գերդաստանի սուրբ մասունքն է։ Դա Տիրոջ օրհնությունն է պապիս ու մեր ամբողջ տոհմի համար։
Բայց մեր տանը մեկ այլ Սուրբ գիրք էլ կար։ Տատիկս՝ իբրև «լավ և բարի» մտադրությամբ, այն նվիրում է եկեղեցուն։ Հանձնելուց հետո նա յոթ տարի մահամերձ, անկողնային վիճակում է անցկացնում։ Հիմա 85 տարեկան է, կենդանի, բայց շատ ուշ հասկացավ, որ սխալ էր արել։ Զղջաց, սակայն արդեն ուշ էր։
Այդ դատավճիռը իր ստվերը թողեց թե՛ նրա կյանքի, թե՛ զավակների ճակատագրի վրա։
Տերը ներեց, բայց թանկ գնով։ Կորսվածը մնում է կորսված...»
Տան Աստվածաշունչը երբեք չի տրվում ուրիշի ձեռքը, նա պահապան է, և նրան կորցնելը՝ նշանակում է կորցնել Տիրոջ օրհնությունը։