Միացյալ Նահանգներից Հայաստանի համար նախատեսված թելադրության տեքստն արմատական փոփոխության է ենթարկվելու: Եվ սա վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը: «Ռուսաստանը կամ նրա ռազմաբազան վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը» տիպի տեքստերն այլեւս պահանջարկ չունեն, փոփոխության է ենթարկվելու նաեւ թելադրության տնտեսական մասի բովանդակությունը: Եթե մինչեւ այս տարեսկիզբ ասում էին, թե Հայաստանը պետք է տնտեսական անկախություն ձեռք բերի Ռուսաստանից, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակել այդ անկախությանը, հիմա դրա մասին պետք է մոռանալ: Հիշում եք, չէ՞, որ Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաներ Հայաստանին թելադրում էին, որ պետք է էներգետիկ անկախություն ստանալ Ռուսաստանից, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին օգնել փոքր հզորության ատոմային կայաններ կառուցելու հարցում, եւ Փաշինյանն ու իր թիմակիցները թութակի առոգանությամբ կրկնում էին հին տերերի խոսքը՝ «մոդուլյար կայանների» անվտանգության եւ տնտեսական էֆեկտիվության մասին: Ահա մի օրինակ Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերած երկրի առօրյայից:
Էստոնիայում թղթի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունը` Estonian Cell-ը, ժամանակ առ ժամանակ դադարեցնում է արտադրությունը, պատճառն էլեկտրաէներգիայի գների էական աճն է: Այս ամիս մերձբալթյան երկրները` Լիտվան, Էստոնիան եւ Լատվիան, իրենց էլեկտրացանցն անջատեցին Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական էլեկտրացանցից եւ միացան եվրոպական միասնական էլեկտրացանցին: Եվրոպական էլեկտրաէներգիայի շուկայում չկա էլեկտրաէներգիայի ֆիքսված գին, ամեն օր, նույնիսկ ամեն ժամ էլեկտրաէներգիայի գինը կարող է փոփոխվել` կախված եղանակային փոփոխություններից: Էլեկտրաէներգիայի գինը տատանվում է` կախված նրանից, թե Եվրոպայում ինչ եղանակ է` արեւային: Հատկապես հողմային էլեկտրակայաններն ինչ քանակի հոսանք են արտադրում` եթե եղանակն արեւոտ եւ քամոտ է, էլեկտրաէներգիայի գինն իջնում է, եթե ամպամած է, եւ քամի չկա, այն կարող է կտրուկ աճել: Երբ մերձբալթյան երկրները միացած էին Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական ցանցին, էլեկտրաէներգիայի միջինացված գինը 96 եվրո էր՝ մեգավատ ժամի համար, անցած շաբաթ Էստոնիայում միջինացված գինը եղել է 196 եվրոն, նախկին գնից կրկնակիից ավելի: Ավելի պարզ եւ հասկանալի` մեկ կիլովատ ժամը 40 դրամից դարձել է 82 դրամ, նման կտրուկ բարձրացման արդյունքում արտադրությունը դառնում է տնտեսապես ոչ շահավետ: Estonian Cell-ը Էստոնիայի ամենախոշոր էլեկտրաէներգիա սպառող ընկերությունն է`25 մեգավատ ժամ, այսինքն՝ գների նման կտրուկ բարձրացման արդյունքում ընկերությունը ժամում կորցնում է 2500 եվրո գումար, որն ամսական կամ առավել եւս տարեկան կտրվածքով կազմում է տասնյակ միլիոնավոր եվրոներ: Նույն վիճակում են նաեւ մյուս սպառողները, այդ թվում՝ եւ երկրի բնակչությունը: Բայց որեւէ մեկը չի կարող բողոքել գների նման բարձրացումից, քանի որ դա անկախության եւ ժողովրդավարության գինն է, որը վճարում են այդ երկրների տնտեսվարողները եւ բնակիչները: Ով բողոքի, ուրեմն դեմ է անկախությանն ու ինքնիշխանությանը, նշանակում է` ուզում է սպառել ռուսական եւ բելառուսական էլեկտրաէներգիա, որոնք ներծծված են բռնապետությամբ եւ ռուսական ծավալապաշտությամբ:
Հայաստանը եւս ունի էլեկտրաէներգիայի արտադրության խնդիր, երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը չի բավարարում պահանջարկը, հատկապես ամառային ամիսներին, երբ սպառումն ավելանում է: Սպառումն ավելանում է նաեւ այն պատճառով, որ երկրում ավելանում են էլեկտրամոբիլները, միայն այս տարի արդեն մոտ 5 հազար էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի պահանջարկն ամբողջ աշխարհում անընդհատ աճելու է, դա կապված է նաեւ արհեստական բանականության զարգացման, թվային արժույթների ներդրման հետ:
Հայաստանում որեւէ բանական բացատրություն չկա, թե ինչպես պետք է լրացնել աճող պահանջարկի բացը: Արեւային կայաններն ընդունակ չեն դա անել, մանավանդ որ, մասնագետների համոզմամբ, դրանց կտրուկ ավելացումը սպառնում է համակարգի կայունությանը: Հայաստանի համար միակ հնարավորությունը ատոմային նոր կայանի կառուցումն է: Ամերիկացիները Հայաստանի համար նման կայան չեն կառուցի, այնտեղ արդեն ամեն դոլարը խիստ վերահսկվում է: Հնարավոր է, որ էներգետիկ անկախության մասին քարոզը եւս արվել է ոչ թե Հայաստանին իրական էներգետիկ անկախություն պահովելու համար, այլ Պետդեպարտամենտի եւ հարակից կառույցների ներկայացուցիչները զբաղված են եղել ԱՄՆ ՄԶԳ հերթական բազմամիլիոնանոց գրանտի իրացմամբ` «Հայաստանի էներգետիկ անկախությունը» թեմայի շրջանակներում: Հիմա նման գրանտներ եւ ծրագրեր չկան:
Եվրոպացիները եւս Հայաստանում նոր ատոմակայան չեն կառուցի. Հայաստանը նման քանակի գումար չունի՝ որեւէ եվրոպական ընկերության վճարելու համար, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է: Միակ տարբերակն էլի Ռուսաստանն է, որը կարող է շահագրգռված լինել Հայաստանում նման կայանի կառուցմամբ, քանի որ Ռուսաստանի հարավն էլեկտրաէներգիայի խիստ կարիք ունի, անցած ամառ Ռուսաստանն իր հարավային շրջանների էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնելու համար հոսանք էր գնում Ադրբեջանից եւ Վրաստանից: Եթե Հայաստանում կառուցվի նոր ատոմակայան, արտադրանքի ավելցուկը կարող է սպառվել Ռուսաստանի կողմից: Այնպես որ, Ռուսաստանը կարող է՝ Թուրքիայի կամ Եգիպտոսի օրինակով, սեփական գումարով ատոմակայան կառուցել, իսկ գումարը հետ ստանալ էլեկտրաէներգիայի տեսքով: Կարող է հարց առաջանալ, թե ինչու նա այդ նույնը չպետք է անի իր տարածքում:
Ատոմակայանը միայն միջուկային ռեակտոր չէ, կամ միայն շենք-շինությունները չեն, դա առաջին հերթին այդ կայանը սպասարկող ինժեներական անձնակազմն է: Հայաստանն ունի նման կադրային բազա, եւ այն կորստի մատնելն ամենամեծ հանցագործությունն է, որ կարելի է անել Հայաստանի եւ նրա ապագայի նկատմամբ` Արցախը թշնամուն հանձնելուց հետո: Ռուսաստանի աջակցությամբ նոր ատոմակայան կառուցելու որոշում կայացնելու համար ամերիկյան խոչընդոտը վերացել է, մնացել է ներհայաստանյան խոչընդոտը` Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը: Նրանք նոր կայանի կառուցմանը չեն գնում նաեւ Թուրքիայի հրահանգով, Թուրքիան անընդհատ պնդում է գործող ատոմակայանը փակելու անհրաժեշտությունը, ուր մնաց թե թույլ տա նորի կառուցումը: Հայաստանին մշտական կախվածության մեջ պահելու համար Թուրքիային պետք է, որ Հայաստանն առաջին հերթին չունենա էներգետիկ անկախություն: