Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար, ինչպիսի արձագանք կլիներ, եթե Հայաստանի որեւէ պաշտոնյա, էլ չենք խոսում երկրի առաջին դեմքի մասին, շրջապատված բարձրաստիճան պաշտոնյաներով, ներխուժեր որեւէ բողոքական եկեղեցի, անվտանգության ծառայողները եւ ոստիկանները բռնությամբ թույլ չտային այդ եկեղեցու քարոզիչներին՝ անցկացնել իրենց հավաքը, եւ դրա փոխարեն քարոզ աներ դրսից բերված որեւէ մեկը, էլ չենք խոսում այն մասին, որ իշխանավորի հետ այդ ամենին մասնակցեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու որեւէ բարձրաստիճան հոգեւորական:
Ոչ թե համաշխարհային, այլ համատիեզերական աղմուկ կբարձրանար, ամերիկյան, եվրոպական դեսպանատները, պետքարտուղարությունը, եվրահանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանությամբ իբրեւ թե զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ հայտարարություններ կտարածեին Հայաստանում մարդկանց կրոնական իրավունքների ոտնահարման, խղճի ազատության դեմ իրականացվող ոտնձգությունների, կրոնական հողի վրա իրականացվող հալածանքների մասին, այդ երկրների լրատվամիջոցները ռեպորտաժներ կպատրաստեին, որտեղ կպատմեին, թե ինչպիսի հալածանքների են ենթարկվում մարդիկ` հանուն իրենց դավանանքի ազատության իրավունքի: Հայաստանի դեմ ամենատարբեր պատժամիջոցներ կկիրառվեին, եւ Հայաստանը կհռչակվեր իզգոյ:
Հիմա այդ ամենը չկա, չնայած Փաշինյանն արեւմտյան երկրների աջակցությամբ վերակազմավորված ԱԱԾ-ի, արեւմտյան ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ստացող ոստիկանության, իր անվտանգության աշխատակիցների եւ աղանդավորների հետ ներխուժել է Գյումրու Յոթ վերք եկեղեցի ու, ոտնահարելով հազարավոր հայ հավատացյալների կրոնական զգացմունքներն ու ազատությունը, նրանց պարտադրել է իր կողմից բեմականացված ինչ-որ ներկայացում, որի անունն ինքը պատարագ է դնում:
Ես, մյուսների նման, սա չեմ ասում, որ իբրեւ թե աշխարհի եւ արեւմտյան այդ նույն դեսպանատների «ուշադրությունը սեւեռեմ» Հայաստանում մարդկանց խղճի եւ կրոնական ազատությունների նման անթաքույց ոտնահարման վրա, որ նրանք էլ ճնշում գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա, որ մնան իրենց կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի շրջանակներում: Ես այդ երկրներից եւ նրանց ներկայացուցիչներից որեւէ ակնկալիք չունեմ, որովհետեւ ի սկզբանե չեմ մտածում, որ նրանք ազատության կամ իրավունքի պաշտպան են կամ նման հանձնառություն ունեն: Ասում եմ՝ ցույց տալու համար, որ Փաշինյանն իր հակաառաքելական, ահաբեկչական գործունեությունն իրականացնում է այդ երկրների եւ նրանց ներկայացուցիչների համաձայնությամբ, ավելի ստույգ` ուղիղ ցուցումով: Այլապես նա հենց հաջորդ րոպեներից այլեւս վարչապետ չէր աշխատի, Հայաստանում ԵՄ դեսպանը նրան աշխատանքից ազատելու հրաման կստորագրեր, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն իր կնիքով կվավերացներ ազատման որոշումը, եւ այն միանգամից ուժի մեջ կմտներ: Այդ ամենը կտեւեր հինգ րոպե: Եվ այդ պահից Փաշինյանը կդադարեր ՀՀ վարչապետ աշխատել, որովհետեւ նրա իշխանությունը հիմնված է ոչ թե հայ հասարակության կողմից նրան տրված վստահության քվեի, այլ արեւմտյան երկրների աջակցության վրա` առանց այդ աջակցության նա իշխանություն չունի:
Իսկ ինչո՞ւ են ամերիկացիները եւ արեւմտյան երկրները որոշել քանդել Հայ առաքելական եկեղեցին, ինչո՞ւ են նման հանձնարարական տվել Փաշինյանին, որն էլ հնազանդորեն կատարում է այդ հրահանգը: Որքան էլ տարօրինակ հնչի` մեղավորը Վրաստանն է, այո, մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը: Տեսեք` Վրաստանը 2003 թվականին բռնեց եվրաինտեգրման ճանապարհը, այդ ճանապարհին ստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործում է վիզաների ազատականացման ռեժիմ, բայց Վրաստանը պետք եղած ժամանակ հակադրվում է Եվրամիությանը` օրենքներ են ընդունում, որտեղ պաշտպանում են ընտանեկան արժեքները. ԼԳԲՏ քարոզչությունն արգելված է օրենսդրական մակարդակով, ինոագենտների մասին օրենք են ընդունել, մի խոսքով՝ Վրաստանի գործող իշխանությունները վարում են երկրի ազգային շահերից բխող քաղաքականություն, չեն ենթարկվում եվրապոլիտբյուրոյին` եվրահանձնաժողովին: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն մի քանի անգամ իշխանափոխություն անելու փորձ արեցին, բայց՝ անհաջող: Իսկ ո՞րն էր անհաջողության պատճառը` Վրաստանի ուղղափառ եկեղեցին եւ նրա պատրիարք Իլյա Երկրորդի բարձր հեղինակությունը: Վրաստանում եկեղեցին եւ հոգեւորականությունն ունեն բարձր հանրային հեղինակություն, դեմ են իրենց երկրի ազգային նկարագրի ոչնչացմանը:
Եվրոպացիները, որոնք քարոզում են լիբերալ ֆաշիզմ, այսինքն, անհանդուրժողականություն ցանկացած ավանդական արժեքների նկատմամբ, հասկացան, որ հնարավոր չէ հնազանդեցնել մի հասարակության, ոչնչացնել մի ժողովրդի ինքնություն, եթե նա ունի հոգեւոր-կրոնական հեղինակություններ, որտեղ մարդիկ իրենց հոգեւոր արժեքները վեր են դասում ցանկացած ԼԳԲՏ քարոզչությունից եւ դրա դիմաց տրվող առանց վիզա Եվրոպա գնալու արտոնությունից:
Վրաստանի օրինակը դաս եղավ եվրոպացիների համար, եւ հիմա նրանք ԵՄ-ի վասալիտետի տակ գտնվող մյուս երկրներից պահանջում են, որ նրանք նախ ոչնչացնեն իրենց ազգային հոգեւոր կառույցները, ազգային եկեղեցին, հեղինակազրկեն հոգեւորականներին եւ հատկապես՝ հոգեւոր առաջնորդներին, որովհետեւ, ով գիտի, Սահակաշվիլու օրինակով վաղը կարող է Նիկոլ Փաշինյանի փոխարեն իշխանության գալ որեւէ ազգային առաջնորդ, որն այլեւս չի ցանկանա հնազանդորեն ենթարկվել ԵՄ-ին, եւ իրենք կհայտնվեն դժվարին կացության մեջ, չեն կարողանա պատժել անհնազանդին, քանի որ նա իր թիկունքին կունենա այնպիսի հզոր աջակից, ինչպիսին ազգային եկեղեցին է:
Որովհետեւ քանի մենք ունենք հոգեւոր արժեքներ, բարձր հեղինակություն ունեցող հոգեւորականներ, ովքեր քարոզում ու պաշտպանում են ընտանեկան եւ ազգային արժեքներ, ովքեր պատմական հիշողության կրողներ են, մենք պաշտպանված ենք լիբերալ ֆաշիզմի քարոզչությունից եւ ինչ-որ մի պահի կարող ենք ըմբոստանալ եւ ապստամբել մեր նկատմամբ իրականացվող քաղաքականության, այդ քաղաքականությունն առաջ տանողների դեմ, ինչը տեղի ունեցավ Վրաստանում: Դրա համար էլ այն, ինչն այժմ տեղի է ունենում Հայաստանում, նույնությամբ կրկնվում է ԵՄ-ի վասալիտետի տակ գտնվող Ուկրաինայում եւ Մոլդովայում:
Այնպես որ, Հայաստանում տեղի ունեցող հակաեկեղեցական արշավի հիմնական պատճառը Հայաստանի, այսպես կոչված, պրոեվրոպական կողմնորոշումն է, Հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկումը եւ, եթե ստացվի` ոչնչացումը, դրա ամենակարեւոր նախապայմանը, ավելի կարեւոր, քան ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ որեւէ այլ բան, քանի որ ԵԱՏՄ-ից կարելի է դուրս գալ մեկ րոպեում, մի որոշման արդյունքում, բայց մի րոպեում կամ նույնիսկ մի տարում հնարավոր չէ ոչնչացնել ազգային հոգեւոր արժեքները, այնպիսի հզոր եւ ազդեցիկ կառույց, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցին է: Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ երբ եկեղեցին եւ պետությունը միասնական են, հասարակությունը պաշտպանված է արտաքին հարձակումներից եւ միջամտություններից: Մինչդեռ Հայաստանում իշխանությունը գրավված եւ հպատակեցված է, եւ հիմա այդ իշխանությունն օգտագործվում է հայ եկեղեցին եւս գրավելու եւ հպատակեցնելու համար: