Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի նախկին ղեկավար Վոլոդյա Ուզունյանը սերմացու հացահատիկի գործով մեղադրյալի աթոռին է, քաղաքացիական հայցովԱրծվաբերդում գտնվող նրա տնից մասնաբաժին են ցանկանում վերցնել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 1957թ․-ին ծնված, Արծվաբերդ համայնքը 2008-2017թվականներին ղեկավարած Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 -ից հանդիսանալով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ղեկավարը և օժտված լինելով «ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների կազմակերպման և ղեկավարման լիազորությամբ»՝ «ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» կառավարության 2010 թ․ հուլիսի 29-ի թիվ 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդի բնակիչներին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22 միլիոն 469 հազար ՀՀ դրամ գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է, որի արդյունքում 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
շԲացի այդ, Վ․ Ուզունյանը նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը՝ շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2014 և 2015 թվականներին համայնքապետարանի աշխատակցի կողմից կազմված և իրեն հանձնված Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին սերմացու հատկացնելու վերաբերյալ տեղեկանքներում մտցրել է «ակնհայտ կեղծ տեղեկություններ», իսկ 2016 թ․-ին կազմել է «2013-2015 թվականներին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական տեղեկանք և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան: Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») և 314-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»)։ Վ․ Ուզունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2019թ․ դեկտեմբերի 30-ին։ 2023թ․ փետրվարի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարեկ Բադալյանը որոշել է քրեական գործը ըստ ընդդատության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: 2023թ․ մարտի 25-ից սույն գործով հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, նիստեր են կայանում։ Դատարանում Վ․ Ուզունյանի շահերը պաշտպանում է փաստաբան Վրեժ Ներկարարյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գրանցված «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը 2021թ․-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Վոլոդյա Ուզունյանի, երրորդ անձանց՝ Ծովինար Ուզունյանի, Անուշ Ուզունյանի, Սահակ Ուզունյանի, Աննա Ուզունյանի և Սևակ Ուզունյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին առանձնացնելու, հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի և երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ: 2023թ․ փետրվարի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է քաղաքացիական գործով նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը` ա) Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գտնվող թիվ 11-014-0295-0039 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից տեխնիկապես հնարավո՞ր է արդյոք բնեղենով առանձնացնել պարտապան Վոլոդյա Ուզունյանի բաժինը, թե՝ ոչ, եթե այո, ապա ի՞նչ կարգով, բ) որքա՞ն է կազմում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գտնվող թիվ 11-014-0295-0039 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքը:
2025թ․ հուլիսի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է սույն քաղաքացիական գործի վարույթը: Օգոստոսի 28-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Վոլոդյա Ուզունյանի որդու՝ 1981թ․ ծնված Սահակ Ուզունյանի միջնորդությամբ՝ խնդրելով ժամանակ տրամադրել պարտքը մարելու համար։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 16-ին։ Վոլոդյա Ուզունյանն ինձ հետ հեռախոսազրույցում ասաց, որ սերմացու հացահատիկը ինքը հեկտարներով ցանել է, սակայն երաշտի պատճառով այն բերք չի տվել։